Ստյոպա Սաֆարյանը վստահ է՝ Ռուսաստանի խաղը Ադրբեջանի հետ շարունակվելու է
«Երեկ փաստացի Հայաստանի անկախությունը եւ ինքնիշխանությունը պատանդ թողնվեց մի կասկածելի կառույցում, որտեղ Հայաստանի օգուտները շատ մշուշոտ են, իսկ վտանգները՝ չափազանց տեսանելի»,-այսօր «Հենարան» ակումբում այս տեսակետը հայտնեց Միջազգային անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր ղեկավար Ստյոպա Սաֆարյանը՝ անդրադառնալով երեկ Հայաստանի ԵՏՄ անդամակցության պայմանագրի ստորագրմանը։ «Այդ ավտորիտար ղեկավարների ակումբը ոչ միայն բարյացակամ եւ հոգատար չէ Հայաստանի շահերի նկատմամբ, այլեւ Ռուսաստանի խաղը Ադրբեջանի հետ՝ Կովկասում լիակատար ազդեցություն ունենալու համար, ավարտված չէ»։
Պրն Սաֆարյանի խոսքով՝ մուտք գործելով ԵՏՄ, Հայաստանը առաջիկա ամիսներին ստիպված է լինելու հետեւել, թե ինչպես է Ռուսաստանը շարունակում հրավիրել Ադրբեջանին ԵՏՄ, որտեղ վճարամիջոցը լինելու է Արցախը. «Ես կարծում եմ, որ հոկտեմբերի տասը մնալու է մի խայտառակ էջ մեր պետականության պատմության մեջ, երբ, ըստ էության, Հայաստանի բոլոր նախագահները կարող են շատ հանգիստ հանձնել մի նվաճում, որը Հայաստանի համար շատ թանկ է եղել։ Գործող նախագահը կարող է ժպիտով ստորագրել պայմանագիրը, իսկ նախկին նախագահը լռության մատնել, ավելին, նույն օրը Երեւանում հրավիրել հանրահավաք, որը ամենաերեւալի ձեւով անտեսեց այդ խնդիրը։ Սա նշանակում է, որ Հայաստանում քաղաքական դաշտ գոյություն չունի եւ որ Հայաստանի ողբերգությունը շարունակում է մնալ քաղաքական էլիտան»։
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Հայաստանի ընդդիմությունը ամենեւին էլ դեմ չէ Հայաստանի ԵՏՄ անդամակցությանը. «Եթե մենք անդամակցելու նախաշեմին ունենք այսքան անազատ վիճակ քաղաքական կյանքում, ապա պատկերացրեք՝ ինչ է լինելու տարիներ հետո։ Մենք ունենալու ենք գուբերնատորների նշանակման գործընթաց, եւ Կրեմլում քասթինգ է լինելու եւ ընտրելու են, թե ով կլինի Հայաստանի գուբերնատորը»։
Կարդացեք նաև
Ստյոպա Սաֆարյանի խոսքով՝ Արցախի սահմանին տեղադրված մաքսակետի խնդիրը հետագայում ականի նման պայթելու է. «Քանի որ պայմանագիրը նման հարց է նախատեսում, ապա սա լինելու է պայմանագրի ամենաականապատ խնդիրը եւ այն ինչի մասին Նազարբաեւը հայտարարում է, որ խնդիրը լուծվել է, կարծում եմ ամենեւին էլ լուծված չէ»։
Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
“Կրեմլում քասթինգ է լինելու եւ ընտրելու են, թե ով կլինի Հայաստանի գուբերնատորը”
– Դրանից էլ լավ բան, Ստյոպա ջան! Գանգատվելու տեղ կլինի սեփական “բեսպրեդելի” դեմ! Նրանք քիչ թե շատ բանի պիտանի մարդ պիտի նշանակեն, թե չէ? Շատ զզվեցնելու դեպքում էլ կգան մեր մի աչքը կհանեն՝ իրեն երկուսի փոխարեն! Համ էլ գործի ու փախչելու ահագին տեղեր են բացվում: Թե չէ Հա՜յ – Հույաստա՜ն կանչելով ուր պիտի գլորվենք ներկա տեմպով ու տղեքով!