Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը վերջապես ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրն ՝այսպիսով կոտրելով շուրջ մեկ տարի տևող անորոշությունը, սակայն առավել մոտեցնելով կանխատեսվող վտանգներն ինչպես տնտեսական ու քաղաքական դաշտում, այնպես էլ մարդու իրավունքների ու խոսքի ազատության ոլորտներում:
Թեև փորձագետները բազմիցս նշել են, որ տնտեսական համարվող, սակայն ավելի շատ քաղաքական նկրտումներ ունեցող այս կառույցը Հայաստանի համար շահավետ չէ թե՛ տնտեսական և թե՛ քաղաքական առումներով, սակայն շատերի կարծիքով, հաշվի առնելով ԵՏՄ պետությունների փորձը, սա նաև խիստ վտանգավոր է Հայաստանում վերջին տարիներին բավականին բարելավված խոսքի ազատության, ինչպես նաև մարդու իրավունքների տեսանկյունից:
«Այդ կառույցը տանող ուժերից մեկը Պուտինյան Ռուսաստանն է, Լուկաշենկոյի Բելառուսն է և Նազարբաևի Ղազախստանը, մարդիկ, ովքեր մարդու իրավունքների մասին պատկերացում անգամ չունեն, երկրներ, որտեղ չեն հարգվում մարդու իրավունքներն ընդհանրապես, երկրներ, որտեղ իրենց ապագան անգամ չեն պատկերացնում մարդու իրավունքները հարգելու մթնոլորտում»,-ասում է իրավապաշտպան Վարդան Հարությունյանն ու հավելում, որ այդ ընկերակցության մեջ Սերժ Սարգսյանին միգուցե սպասվում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի «կողքին նստելու պատիվը, բայց հայ ժողովրդին սպասվում է հուսահատության նոր ալիք, անհաջողությունների նոր փուլեր»:
Դեռևս երկու տարի առաջ Մարդու իրավունքների մասին ԱՄՆ Պետդեպարտամենտի ամենամյա զեկույցում նշվել էր, որ Ռուսաստանը շարունակում է մնալ «կենտրոնացված քաղաքական համակարգով երկիր, որտեղ իշխանությունը կենտրոնացված է երկրի վարչապետի և նախագահի ձեռքում, իսկ բազմակուսակցական համակարգը շատ թույլ է, իսկ այդ երկրում մարդու իրավունքների ոլորտում խնդիրները կապված են ժողովրդավարական գործընթացների խախտման հետ»:
Կարդացեք նաև
Զեկույցում նշվել էր նաև, որ Բելառուսը պատկանում է այն երկրների թվին, որտեղ լուրջ խախտումներ են տեղի ունենում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում:
Ռուսաստանում դեմոկրատական իրավունքների ոտնահարման նոր մեկնարկի մասին այս տարվա սկզբին ահազանգեցին հինգ տասնյակից ավելի գրողներ, ովքեր համատեղ հայտարարության մեջ նշել են, որ «երկրում արդեն նկատելի է դառնում քաղաքացիների սահմանադրական իրավունքները սահմանափակելու միտումը, առաջին հերթին ոտնահարվում են խոսքի ազատությունը և տեղեկատվություն հայթայթելու ու տարածելու իրավունքը»։
Այս տարվա մարտին պաշտոնից հեռացվեց ռուսական «Լենտա.ռու» կայքի գլխավոր խմբագիր Գալինա Տիմչենկոն, ում հեռացումը պարբերականի աշխատակիցները համարեցին «Լենտա.ռու»-ի վրա ճնշման հետևանք:
«Անցած մի քանի տարիներին ազատ լրագրության տարածքը Ռուսաստանում դրամատիկ կերպով կրճատվել է: Որոշ պարբերականներ ուղղակի կառավարվում են Կրեմլից, մյուսները կուրատորների կողմից, երրորդները` խմբագիրների կողմից, որոնք վախենում են կորցնել իրենց աշխատանքը: Որոշ ԶԼՄ-ներ փակվել են, մյուսները կփակվեն առաջիկա ամիսներին»,-նշված էր պարբերականի աշխատակիցների հայտարարությունում:
Անցյալ տարվա հոկտեմբերից արդեն ՌԴ-ում սկսեց գործել Անձնական կյանքի պաշտպանության մասին օրենքը, որն ամրագրում է ցանկացած տեղեկության հրապարակման անթույլատրելիությունը՝ կապված մարդու անձնական կյանքի հետ:
Մոսկվայի լրագրողների միության նախագահ, «Մոսկովսկիյ կոմսոմոլեց» թերթի խմբագիր Պավել Գուսևի կարծիքով այս օրենքը զգալիորեն կպակասեցնի Ռուսաստանում կոռուպցիայի դեմ պայքարող հետաքննող լրագրողների աշխատանքի արդյունավետությունը: Ըստ ռուս փորձագետների՝ այս օրենքով Ռուսաստանում կվտանգվի խոսքի ազատությունն ընդհանրապես, քանի որ այս երկիրը օրենսդրական նման քայլերով աստիճանաբար հետ է գնում դեպի սովետական գրաքննության ժամանակները:
Այս տարվա սեպտեմբերին խոսակցություններ ծավալվեցին նաև այն մասին, որ Ռուսաստանի իշխանությունները պատրաստվում են սահմանափակել ինտերնետի թույլատրելիությունն ու այն վերցնել հսկողության տակ, սակայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բացատրեց, որ ռուսական համացանցային տիրույթները հետզհետե ավելի հաճախ են ենթարկվում կիբերգրոհների, սակայն Կառավարությունը մտադիր չէ սահմանափակել համացանցի հասանելիությունը, այլ պետք է ձեռնարկվեն համացանցի ռուսական հատվածի կայունությունը և անվտանգությունը երաշխավորելու միջոցներ։
Այս փորձը հաշվի առնելով հայ մեդիափորձագետները մտավախություն ունեն, որ ԵՏՄ-ին անդամակցելուց հետո Հայաստանում ևս խոսքի ազատության իրավիճակը կվատթարանա, կխորանա գրաքննությունը և Ռուսաստանում մամուլի կանոնակարգմանն ուղղված նոր օրենքներն էլ, որոնք մամուլն առավել վերահսկելի կդարձնեն, կբերվեն նաև Հայաստան:
«Լրագրողներ առանց սահմանների» միջազգային իրավապաշտպան կազմակերպության «Մամուլի ազատության 2014» զեկույցի համաձայն Հայաստանը 180 երկրների մեջ նախորդ տարվա համեմատությամբ գրանցելով 4 կետի հետընթաց որպես «նկատելի խնդիրներ ունեցող երկիր» զբաղեցրել է 78-րդ հորիզոնականը՝ համարվելով տարածաշրջանում լավագույն ցուցանիշ ունեցողը:
Մինչդեռ Եվրասիական տնտեսական միություն ստեղծելու ջատագով Ռուսաստանը, որտեղ անցյալ տարվա ընթացքում ԶԼՄ-ների, լրագրողների և բլոգերների նկատմամբ հետապնդումների, տնային կալանքի, բռնությունների և ազատազրկումների դեպքեր գրանցվեցին, որպես «վտանգավոր վիճակ ունեցող երկիր զբաղեցնում է 148-րդ տեղում է:
ԵՏՄ մյուս անդամ Բելառուսն էլ գտնվում է 157-րդ հորիզոնականում, Ղազախստանը, որը Թուրքմենստանի, Ուզբեկստանի և Ադրբեջանի հետ ներառվել էր «Նավթի և գազի պատճառով անպատժելի բռնապետություններ» խմբում, որտեղ անպատժելիությունը թույլ է տալիս այդ պետություններին խիստ վերահսկողության տակ պահել ԶԼՄ-ները և բանտարկել չենթարկվող լրագրողներին, զբաղեցնում է 161-րդ հորիզոնականը:
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանի կարծիքով խոսքի ազատությունը սահմանափակելու որոշ փորձեր Հայաստանում արդեն արվել են, ինչպես օրինակ «Ֆեյքերի» մասին օրենքի նախագիծը, որի ընդունումը կանխվեց լրագրողական կազմակերպությունների ջանքերով: «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունն իր մտահոգությունն էր հայտնել, նշելով, որ այդ օրինագիծը լուրջ վտանգներ է պարունակում Հայաստանում առցանց տեղեկատվության ազատության նկատմամբ:
«Հիմա Եվրասիական միության բարքերը եթե տեղափոխվեն Հայաստան, արդյոք հասարակությանն ու լրագրողական հանրությանը կհաջողվի՞ հասնել նրան, որպեսզի ֆեյքերի օրինագծի նման փաստաթղթերը չընդունվեն»,-կասկածանքով ասում է Մելիքյանը՝ հավելելով, որ խորհրդային տարիներին հայտնի «գլավլիտ» կոչվող մարմնի գործառույթներն այսօր Ռուսաստանում իրականացնում է «ռոսկոմնադզոր» կոչվող մարմինը, որն իր հայեցողությամբ կարող է հրապարակել կամ չհրապարակել այս կամ այն նյութը:
Մելիքյանը հնարավոր է համարում, որ Հայաստանի իշխանություններին ևս պարտադրեն նման մարմիններ ստեղծել:
«Իհարկե լրագրողական կազմակերպությունները կպայքարեն, կդիմակայեն, բայց մենք տեսնում ենք, թե տոտալիտար երկրներում ինչպես են բիրտ ուժի կիրառմամբ հարցեր լուծում: Այդ վտանգը մեր աչքի առաջ ունենք և չէինք ցանկանա, որպեսզի Եվրասիական միությունից այդ բարքերը տեղափոխվեն մեր երկիր»,-ասում է փորձագետը:
Ըստ մասնագետների՝ Հայաստանը ԵՏՄ երկրների համեմատությամբ առաջատար դիրքերում է գտնվում նաև դատական համակարգի առումով:
Վերջերս Հայաստան ժամանած Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուժնիեկսը նշել էր, որ Հայաստանում դատական համակարգի բարեփոխումների բնագավառներում ևս որոշակի առաջընթաց է արձանագրվել:
Սակայն Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասում է, որ եթե ԵՏՄ-ն որպես կառույց կայանա, ապա այն կլինի «քաղաքական կայսրություն», որտեղ անիմաստ կլինի խոսել դատական համակարգի անկախության ու քաղաքական նախաձեռնություններով որևէ հաջողության հասնելու համար:
Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
«Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնություն
Ծրագրի ղեկավար և խմբագիր՝ Գայանե Աբրահամյան
Հեռախոս: +37498 566 886
Էլ. հասցե: [email protected]
Ֆեյսբուք:https://www.facebook.com/profile.php?id=100007800990200
Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm
Պարոն Սերժ Սարգսյանը էդ փաստաթուղթը ստորագրել է ոչ թե Հայ ժողովրդի բարօրության համար, այլ իչպես միշտ իր անձական, իր ընտանիքի ապահովության եվ գողոնը ապագայում ապահով ձեռքերում ունենալու շահից ելնելով…ինչքան կարելի վերլուծություններ անել…