ԵԽԽՎ-ի որեւէ բանաձեւ, անկախ նրանիցՙ դրանք հայամետ են, թե՞ հակառակը, քննարկելիս անհրաժեշտ է հիշել մի քանի առանձնահատկություններ: Նախ, համաեվրոպական այս կառույցը միջազգային այլ կառույցներից առանձնապես չի տարբերվում այն մասով, որ ընդունված բանաձեւերը, մանավանդ հայտարարությունները որեւէ իրավական ուժ չունեն եւ ենթակա չեն անմիջական կամ առհասարակ կատարման: Հաջորդը, համաեվրոպական կառույց լինելը ԵԽԽՎ-ին կոնկրետ չի ազատում սուբյեկտիվությունից, քանի որ Եվրոպան` որպես Արեւմուտքի մաս ունի իր քաղաքական շահերը, որոնք, որպես կանոն հակասում են «ռուսական ազդեցության տակ գտնվող երկրների» շահերին: Երրորդը, այլ բան է, երբ ԵԽԽՎ-ն բանաձեւ է ընդունում, կամ հայտարարություն (դրա տեքստը), բոլորովին այլ բան է, երբ հայտարարությամբ է հանդես գալիս ԵԽԽՎ-ի նախագահը: Վերջինս ի դեպ, ազգությամբ ֆրանսիացի Ռենե Ռուկեն, բոլորովին վերջերս` Երեւանում, հայտարարել էր, որ ԼՂ հարցով բանակցություններում ժամանակն է լսելու նաեւ ԼՂ «դե ֆակտո» իշխանությունների ձայնը, հասկանալի էՙ որպես հակամարտության իրական կողմի, հասնելով «կողմերի» համաձայնությանը` վերականգնելու Ստեփանակերտի մասնակցությունը բանակցություններին:
Ուրեմն, երբ քննարկում ենք ԵԽԽՎ-ի վերջին նստաշրջանում Հայաստանի պատվիրակությանը «վրա հասած պատուհասը», կամ վերջինիս պահվածքը, չպետք է մոռանանք այս մի քանի առանձնահատկությունները: Իմիջիայլոց, նախքան ՀՀ պատվիրակությանը «նեղելը» Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի պատվիրակները ինչպես պետք է «նեղել» էին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովին` կապված վերջինիս երկրում իրականցված եւ իրականացվող բռնաճնշումներին: Բայց եթե մենք այդքան էլ չենք կարեւորելու ԵԽԽՎ-ի կայացրած որոշումը ԼՂ-ի մասին, ուրեմն չենք կարող կարեւորել նաեւ Մամեդյարովին վիճակված «տհաճ պահերը», կամ` հակառակը, եթե մենք կարեւորում ենք առաջինը, ուրեմն մեզ համար կարեւոր պետք է լինի նաեւ երկրորդը:
Հովիկ ԱՖՅԱՆ
Հրապարակումն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս շաբաթվա համարում: