Երեկ, գրեթե այն ժամին, երբ Մինսկում նախագահ Սերժ Սարգսյանը ստորագրեց Եվրասիական տնտեսական միությանը (ԵՏՄ) Հայաստանի անդամակցության պայմանագիրը, Երևանի Ազատության հրապարակում հայրենասիրական երաժշտություն էր հնչում: Թվում էր, թե երաժշտությունը չէր կարող կապ ունենալ Մինսկում ստորագրված փաստաթղթի հետ, բայց դրանից քիչ անց մեկնարկած եռյակ/քառյակի հանրահավաքը ցույց տվեց, որ Ազատության հրապարակը, ըստ էության, տոնում էր Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը:
Նախ՝ հանրահավաքում գրեթե բոլոր ելույթ ունեցողներն իրենց պարտքն էին համարում նշել, որ իրենք Ռուսաստանի դեմ ուղղված որևէ քայլ չեն անում: Իսկ ամենագլխավորը՝ ՀՀ հիմնադիր նախագահ, ՀԱԿԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանի հերթական հայտարարությունն էր այն մասին, որ Եվրասիական միությանն անդամակցությունն անշրջելի է:
Ավելին՝ նա չզլացավ կրկին անգամ անվանարկել այդ անդամակցության դեմ հանդես եկողներին: «Հայաստանի անդամակցությունը Եվրասիական Միությանն այլևս անշրջելի է. այս առթիվ 2-3 տասնյակ անհատների ջղաձգումներն արդեն վերածվում են զավեշտի: Քանի որ նրանք մարդկանց մտքերը պղտորելուց բացի՝ ոչ մի պարագայում չեն կարող քաղաքական կամք թելադրել»,- հայտարարեց Լ. Տեր-Պետրոսյանը՝ ըստ էության արձանագրելով, թե ինչպես է Երևանի Ազատության հրապարակում հավաքված տասնյակ-հազարանոց հանրահավաքը ողջունում/տոնում Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը:
Հանրահավաքի մնացած մասը, ըստ էության, նվիրված էր նրան, թե որքան ավելի ուրախ կլիներ երեկվա տոնը, եթե Հայաստանում փոխվեր իշխանությունը: Ու հենց այդ՝ Հայաստանում իշխանափոխության նպատակով Տեր-Պետրոսյանը երեկ հռչակեց համաժողովրդական շարժման մեկնարկի մասին, Սերժ Սարգսյանի ու նրա իշխանության հասցեին հնչեցրեց գրեթե նույն գնահատականները, ինչ 2008 թվականին: Այն տարբերությամբ, որ 2008 թվականի մարտի 1-ից հետո տեղի ունեցող հանրահավաքներում 10 զոհերի սպանության համար նա մեղադրում էր ոչ միայն Սերժ Սարգսյանին, այլ նաև Գագիկ Ծառուկյանին, ում հետ երեկ կանգնած էր նույն հարթակում:
Կարդացեք նաև
Հրապարակումն ամբողջությամբ՝ «168 ժամ» թերթի այսօրվա համարում: