Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք են նաեւ մտածող մարդիկ

Հոկտեմբեր 11,2014 10:00

Ընկերներիցս մեկը երեկ նկատել է, որ ես անվճռական եմ եւ չափից դուրս շատ եմ մտածում: Այդ պնդումն արված էր միանգամայն դրական իմաստով՝ որպես իմ արժանիք: Բայց դա, իհարկե, ունի նաեւ իր բացասական կողմերը. ես չեմ կարողանում լուծել խաչբառերը, չափազանց վատ եմ լրացնում IQ թեստերը, ակտիվ չեմ «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» խաղում: Գումարած դրան՝ դանդաղ եմ կարդում՝ չնայած հետո հիշում եմ կարդացածս տասնամյակներով:

Բայց եթե մի կողմ թողնենք իմ անձնական խնդիրը եւ դառնանք մտածել-չմտածելու սկզբունքին, ապա ես, թերեւս, կհամաձայնեի, որ երկար մտածելը խանգարում է մեծ, պատմական գործերին: Վերցնենք, ենթադրենք, որեւէ կուսակցություն: Երբ Առաջնորդն ասում է՝ այսինչը հանցագործ է, կուսակցականները պարտավոր են նրան քարկոծել, երբ Առաջնորդը քաղաքագիտական վերլուծության արդյունքում գալիս է եզրակացության, որ նույն մարդը ազգի փրկիչն է, կուսակցականները սկսում են նրան փառաբանել: Եթե Առաջնորդը նոր վերլուծություն անի եւ որոշի, որ ազգը կփրկի հենց երկրի ներկայիս ղեկավարը, կուսակցական զանգվածը կգտնի նաեւ դրա՛ համար հիմնավորումներ:

Իհարկե, հայտնվում են անհատներ, ովքեր ասում են՝ «ստոպ, եկեք մտածենք, դա ինչպե՞ս եղավ»: Այ, հենց նման մարդիկ են խանգարում առաջընթացին, խոչընդոտում պատմական ընթացքին: Ենթադրենք, որ 1917 թվականին բոլշեւիկյան կուսակցությունը ղեկավարեին ոչ թե Լենինն ու Տրոցկին, այլ, ասենք, Պլեխանովը: Նա երկար կմտածեր, թե որտե՞ղ է պետք դնել «Ավրորա» ռազմանավը, ե՞րբ պիտի այն կրակի, պե՞տք է արդյոք, որ զոլավոր վերնաշապիկներով նավաստիները ներխուժեն Ձմեռային պալատ: Մինչեւ մտածեր, գուցե ժամանակավոր կառավարությունը մի ճար աներ ու կանխեր պատմության իրադարձությունը: Ո՛չ, հեղափոխությունը պետք է իրականացնեն վճռական բոլշեւիկները:

Բայց չնայած մտածող մարդիկ խանգարում են պատմական առաջընթացին՝ երբեմն նրանց, այնուամենայնիվ, արժե լսել՝ հնարավոր սայթաքումները բացառելու համար: Լսել՝ մեղադրելով, ծաղրելով, գուցե քարկոծելով: Բայց իմաստ կա մի տեղ այդ՝ քննարկում, դատողություններ պարունակող «ֆայլը» հիշել: Մարդ ես, գուցե մի օր պետք գա:

Մի խոսքով՝ պետք են նաեւ մտածող մարդիկ: Նրանք, իհարկե, չեն կարող շատ լինել, զանգվածներ կազմել: Զանգվածները պետք է ենթարկվեն վճռական մարդկանց հրահանգներին: Բայց անհրաժեշտ են նաեւ մտածող անհատներ, անհատականություններ: Նրանք պատմություն չեն կերտում: Պարզապես մտածում են: Նաեւ ոմանց դրդում են մտածել: Երբեմն մտածելը չի խանգարում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (18)

Պատասխանել

  1. Վալոդ says:

    Ի տարբերություն անգլերեն intelligent-ի, ռուսերեն интеллигент-ը իր մեջ է ներառում ոչ միայն մտավոր ունակություններ, այլև որոշակի ներքին ազնվություն. Այդպիսին է, օրինակ, Րաֆֆի Հովհաննիսյանը. Մտածող բայց անազնիվ մարդիկ շատ վտանգավոր են.

  2. Հրանտ Պապիկյան says:

    Եթե Օլիվեր Կրոմվելը ասենք մանուկ հասակում ջրծաղիկից մահանար, անգլիական հեղափոխությունը միևնույն է կլիներ… ամեն ինչ չէ, որ անհատներից է կախված:

  3. մոսո says:

    Մտածող մարդը չի կարող լավ հրամանատար լինել (Տոլստոյ): Բայց հրամանատարներ պետք են լինում ժամանակ առ ժամանակ: Ղարաբաղցիք, օրինակ, հակված են գործելու – “քյասմա ղարապյաղի”! Իսկ մտածելը նրանք գլխից են անում, դրա համար էլ գլխին են մնում!

  4. david says:

    Մտածողությունը որքան էլ բարդ կառույց դիտենք, միևնույնն է նրա ձգողական թևերից մեկը մնում է տիեզերքի հեռակառավարման մարդկոց մատնոցային լիսեռը`հավերժական փոփոխական պրոգրեսով:Անսահմանություն թվացող ազատ տարածության մեջ է մտքի թռիչքը, քարերի ու սարերի մեջ այն արգելափակվում է:Բեկումն էլ պայմանավորվում է գենետիկ շաղախով:Նույնիսկ անտրամաբան հանրության մեջ տրամաբանությունը ախտահարվում է, եթե տիեզերական պրոգրեսն է դանդաղում:Պատահական չի ասված, որ աստված, երբ մեկի հոգին ուզում է առնել, նախ խելքն է առնում:Այսպես է և վերացող ցեղերի, ազգերի դեպքում:

  5. Ruben says:

    Մտքի կայծակնային արագություն ունեցող, ակնթարթում կողմորոշվող, վճռական մարդկանց բացակայությունը կառավարող համակարգում՝ քսանչորս տարիների ընթացքում:

  6. Կարո Մելիքյան says:

    Եթե «պահեստեում» ունես մեկ,երկու ապրանք՝«վաճառքի» համար,ապա որոշումն էլ կլինի շատ արագ, լեցունի դեպքում. այ այստեղ՜ է սկսվում բարդությունները….եւ անիծում ժամանակի հերը։

  7. մոսո says:

    6-ին: Իրավացի եք! 0րինակ՝ մեր պահեստը լիքն է գեներալներով (որին “պագոն” դնես – պատրաստ է!) Խնդիրն այստեղ “սալդաթի” պակասն է!

  8. Լավատես says:

    Մտածելու ու գործելու շատ լավ հոդված՝

    https://www.aravot.am/2014/07/01/476249/

  9. Գալուստ Ենոքյան says:

    «Զանգվածները պետք է ենթարկվեն վճռական մարդկանց հրահանգներին»…ցավոք «վճռական մարդկանց» դերը մէծ մասամբ հիմնականոմ ստանձնում են «տգետ», «մարգինալ» մարդիկ որոնք «գեղից քաղաք» են գալիս ստանդարտ «սխեմայով», որ անպայման պաշտոնի անցնեն ու իշխեն…եվ լավ ապրեն, իհարկե բարոյական բոլոր նորմերին հակառակ: Այդպիսին էին Հիթլերը, Ստալինը, թէրեվս ողջ ԽՍՀՄ ի Պոլիտբյուրոի…մարդ ինչքան տգետ է , էնքան իրեն գիտուն է կարծում…ինչպես մեր քաջ Նազար Նախագահները…իհարկե հազվադեպ դեպքերում Չերչիլի նման մարդիկ էլ են վճռական դերում հայտնվում…

    Հ. Գ. Հատուկ Պապիկյանի խաթեր համար իր հերոսին չնշեցի…

  10. Գեւորգ says:

    9 – ին: //«գեղից քաղաք» են գալիս … որ անպայման պաշտոնի անցնեն ու իշխեն//
    Հարգելիս, դա պատահական չէ: Պատմությունն իսկապես ցույց է տալիս որ գյուղը նշանավոր առաջնորդներ, գիտնականներ ու զորավարներ է տալիս, իսկ քաղաքը՝ առեւտրականներ, պոլիտիկներ ու զանազան մանր ու մեծ արվեստագետներ: Կարծում եմ բացատրելի երեւույթ է: Բայց, գյուղում էլ քաղաքում էլ լինում են թե որակյալ ու պիտանի, թե անկյալ – անպիտան, ու ամենավտանգավորը՝ ճարպիկ, անկուշտ, բոլորի վրայով վեր մագլցող տեսակներ: Հասարակության ընդհանուր բարոյական մակարդակով է պայմանավորված թե ՈՎ (ԿԱՄ ԻՆՉ) ԿՀԱՅՏՆՎԻ ՎԵՐԵՒՈՒՄ! Գյուղացի – քաղաքացին երկրորդ նշանակություն է ստանում այս դեպքում:

    • Գալուստ Ենոքյան says:

      Հարգելի Գեվորգ, ես քեզ հետ համաձայն եմ, դրա համար չակերտների մեջ էի առել «գեղից քաղաք» ը… իրական գյուղացու բարոյական նկարագիրը ավելի բարձր է քան «լյուպմեն» քաղաքացունը… հարցը մարգինալությունն է, «կոմերիտականությունը»…որ ամեն գնով…

      • Գալուստ Ենոքյան says:

        Կուզեի ավելացնել որ «հասարակության ընդհանուր բարոյական մակարդակը» կապ ունի հենց «երկփեղկված» անհատի տոկոսային հարաբերությամբ հասարակության մեջ…հեղափոխական «իրավիճակներում» դա խիստ ընդգծվում է…հիշեք 90 ականների ՀՀՇ ական շարժումը…

    • Ruben says:

      Հայաստանի հյուսիս – արեւելյան մի տարածքում (հատվածում) մնացին գյուղեր եւ մի մայրագյուղ:
      Էլ չասենք, որ, միայն գյուղացիք էին պաշտպանում ու արյուն թափում:
      Եւ բոլոր գեներալները գյուղացի են, էլի:
      Հերիքա ատամ սրեք…

  11. Spartak says:

    Ես այսպես եմ հասկացել՝ Արամ Աբրահամյանը քաղաքակիրթ ձևով պատասխանել է ընկերոջ գրածին:Այդքան բան, բայց մեկնաբանություններն ու վերլուծությունները ո՞ւր են տանում թշվառ ընթերցողին, պարզ չէ:

  12. david says:

    Հրանտ Պապիկյան , եթե օգտագործելը ինձ է վերաբերվում, ապա ասեմ,, որ ոչ հայի գլուխ, ոչ լեզու, ոչ քիթ, ոչ արյուն, ոչ էլ դրանց հավելվող միջոցներ, որ հարազատացած են հայերին չեմ օգտագործում: Գյադեքի հետ քեֆի չեմ նստում, արքաներին էլ թելադրում եմ հայկական օգտագործելիքների օ.գ.գ-ի արդյունավետության ուղին:Խմածս այծի կաթ է, հոնի օղի, կերածս `մեղր ու միրգ, խոզի միսն ու օգտագործելիքի պաշարին չեմ դիպչում:Դժգոհ ե*ս, ասա:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031