Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Աղավնաձորցիների խաղողը մնացել է առանց մթերման

Հոկտեմբեր 11,2014 15:30

Երեկվա դրությամբ Աղավնաձոր գյուղում խաղողի մթերման հարցը դեռ չէր լուծվել: Մինչ գյուղացիները գյուղամիջում հավաքված հարմար տարբերակ էին մտածում` ինչպես իրացնել հասունացած բերքը, որպեսզի կորուստներ չունենան, Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը հանդիպել էր Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանին եւ ներկայացրել խնդիրը: Հանդիպումից հետո գյուղապետը համագյուղացիներին հավաքեց գյուղապետարանի դահլիճում՝ քննարկելու գյուղացիների խաղողի մթերման նոր տարբերակ:

Հիշեցնենք, որ նախօրեին «Արմենիա Վայն» ընկերության պատասխանատուները խաղողի մթերմանը պատրաստվող աղավնաձորցիներին հայտնել էին, որ տեխնիկական պատճառներով չեն կարող բերքի մթերում անել՝ խախտելով նախապես ձեռք բերված պայմանավորվածությունն ու խաղողի մթերումը հետաձգելով անորոշ ժամանակով: Սա հարուցել էր գյուղատնտեսների զայրույթը, որոնք հավաքվելով գյուղապետարանում՝ ցանկանում էին պայմանագիրը խզել այս ընկերության հետ:

Գործարանի սեփականատերերը նաեւ հայտնել էին, որ խաղողը խմորման փուլ է անցնում, եւ վաճառքի համար նախատեսվածը դեռ հասունացած չէ՝ խաղողի կեղեւի կարմրության աստիճանը չի համապատասխանում նորմերին: Մինչդեռ գյուղացիների վստահեցմամբ՝ իրենց խաղողը լրիվ հասունացած է: «Արմենիա Վայն»-ը չնայած նախապես խոստացել էր բոլոր գյուղացիների խաղողը մթերել, սակայն այսօր խաղողը չվերցնելը նաեւ պատճառաբանում է որոշ գյուղացիների՝ պայմանագիր չունենալով:

«Մարզպետը տեղյակ չէր իրավիճակից՝ ներկայացրեցի, նա էլ փորձեց մի քանի տեղ զանգահարել եւ ինֆորմացիա ստանալ, բայց նրան եւս հստակ պատասխան չտվեցին՝ էլի խաղողը խմորում ա անցնում, պետք է պայմանագիր ունեցողների խաղողը առաջինը մթերեն: Ճիշտ է, գյուղնախարարությունից այսօր արձագանքել են, փորձել միջամտություններ անել, նաեւ այլ գործարանների հետ են կապ հաստատել, բայց սպասում եմ գյուղնախարարի՝ Հայաստան վերադառնալուն, որ անձամբ ներկայացնեմ իրավիճակը: Վերջերս էր եկել մարզ ու ասաց, որ մթերման խնդիր չի լինի՝ հուսանք, որ նա կկարգավորի հարցը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Աշոտ Գալստյանը:

Նշենք, որ պայմանագիր ունեցող գյուղացիները եւս կանգնել են պայմանագիր չունեցողի կողքին եւ գյուղապետարան հանձնել «Արմենիա Վայն» գործարանի հետ կնքած պայմանագրերը՝ հրաժարվելով գործարանին խաղող վաճառել. «Պետք է հրաժարվել իրենց պայմանագրից, որը միայն օգտագործում են իրենց օգտին, մարդն ինչ մեղք ունի, որ ինչ-ինչ պատճառով պայմանագիր չի կնքել: Այսօր եթե նա խնդիր ունի, վաղը ես կարող է ունենամ՝ պետք է միասնական պայքարենք»,- գյուղապետարանում տեղի ունեցած քննարկման ժամանակ ասաց գյուղացիներից մեկը, որը վերադարձրել էր գործարանի հետ կնքած պայմանագիրը:

«Առանց այն էլ խոստացված 1300-1500 տոննա խաղող՝ ամբողջը միասին չենք կարողանալու ապահովել գործարանին: Այս տարի չնայած նրան, որ բերքը առողջ է, բայց անցած տարվա համեմատությամբ պակաս է, դրա համար էլ պայմանագիր կնքած «Արմենիա Վայն»-ին առաջարկում եմ, որ պայմանավորվածությունը չխախտի եւ հավասար՝ պայմանագիր չունեցողի խաղողը եւս մթերի: Նույնիսկ այս դեպքում չենք հասնելու խոստացված քանակի շեմին»,- ասաց Աշոտ Գալստյանը:

Գյուղապետը ցավով է նշում, որ 10 օր առաջ նա այլ գործարանների առաջարկները մերժել է, քանի որ «Արմենիա Վայն»-ը խոստացել էր պայմանագրային խնդիրներ առաջ չբերել. «Հիմա, երբ եկել է ժամանակը, հարյուր տեսակ պատճառ են առաջ բերում: Թող ամբողջ արտադրանքը հավասար տանեն, բոլորի արտադրանքն էլ բարձր որակի է. իմ խնդիրն է, որ պայմանագիր չկնքած գյուղացու խաղողը եւս մթերվի»:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031