Բոլոր մեղադրյալները, որոնք դիրքորոշում հայտնեցին մեղադրանքի շուրջ, զարմացան,
որ իրենք էլ հանցավոր համաձայնությամբ կայուն խումբ են ստեղծել:
«Միսակ Մարտիրոսյանի գործով նախաքննության ամենասկզբից էլ մենք հայտարարել ենք, որ նրան առաջադրված բոլոր մեղադրանքները շինծու են, իսկ դրանց հիմքում դրված՝ մի քանի անձանց «ցուցմունքները» իրականության հետ որեւէ ընդհանուր բան չունեն, դրանք հորինված են եւ ձեռք են բերվել ապօրինի (հանցավոր) ճանապարհով»,- «Առավոտին» ասաց դատական դեպարտամենտի նախկին ղեկավար, ամբաստանյալ Միսակ Մարտիրոսյանի պաշտպան Արթուր Գրիգորյանը:
Ըստ նրա, ասվածը, թերեւս, ավելի քան ակնառու տեսքով ի հայտ եկավ գործով 2014 թվականի հոկտեմբերի 6-ին նշանակված դատական նիստում, երբ տարբեր՝ միմյանց հետ կապ չունեցող դրվագներով անցնող վկաներ Լիլյա Պետրոսյանը եւ Վիկտորյա Կարապետյանը նույնաբովանդակ ցուցմունքներ տվեցին այն մասին, որ իրենք իրենց կամքով ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչություն չեն ներկայացել, այլ իրենց կանչել եւ, ապօրինի անազատության մեջ պահելով, հայտարարություններ ու բացատրություններ են կորզել, թե իրենք, համապատասխանաբար, 2010 եւ 2011 թվականներին Միսակ Մարտիրոսյանին աշխատանքի ընդունելու դիմաց կաշառքներ են տվել:
Ըստ Արթուր Գրիգորյանի, «Կաշառքի» երրորդ դրվագով ցուցմունք տված վկա Ռուզաննա Դարբինյանը դատարանում դեռեւս չի հարցաքննվել, սակայն գործում առկա ապացույցներն անվերապահորեն վկայում են այն մասին, որ նրանից հայտարարություն, իսկ այնուհետեւ ցուցմունքներ են կորզվել նույն եղանակով: Այս ամենի մանրամասները ի հայտ կբերվեն դատարանում նրա հարցաքննությամբ:
Պաշտպանական կողմը ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերը նշված երեք վկաների նկատմամբ էլ նախաքննության ընթացքում քրեական հետապնդում չի իրականացվել եւ նրանց մասերով քրեական գործով վարույթը կարճվել է ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 4-րդ մասի հիման վրա՝ այն պատճառաբանությամբ, թե նրանք կաշառք տալու մասին կամովին հայտնել են իրավապահ մարմիններին:
«Այնինչ, վերը նշված հանգամանքներում նրանց տված հայտարարությունները կամովին չեն եղել. դրանք պարտադրվել են հենց նույն իրավապահ մարմինների կողմից, քանի որ նպատակադրված են եղել Միսակ Մարտիրոսյանին ամեն կերպ որեւէ մեղադրանք առաջադրելու, իսկ այնուհետեւ՝ նրան ներքաշելու դատական կարգադրիչների վերաբերյալ քննվող քրեական գործի մեջ: Այս առումով հատկանշական է, որ «կաշառքի» երեք դրվագներով էլ, ըստ նախաքննության մարմնի, դեպքերը տեղի են ունեցել 2010 եւ 2011 թվականներին եւ ստացվում է, որ այս առթիվ հայտարարություն տված վկաները 2013 թվականի սեպտեմբերի 23-ից 30-ն ընկած ժամանակահատվածում «կամավոր» եւ միահամուռ ներկայացել են ոստիկանություն եւ հայտարարություն տվել «հանցագործության» վերաբերյալ»,- ասում է Արթուր Գրիգորյանը:
Դատական առաջին իսկ նիստում պաշտպանական կողմը հայտարարեց, որ դատական կարգադրիչների դրվագով Միսակ Մարտիրոսյանի մեղադրանքի հիմքում դրված միակ «ապացույցը» նրա նախկին տեղակալ Արմեն Մովսիսյանի «կցկտուր եւ ինքնին ոչ մի բանի մասին չվկայող» ցուցմունքն է, որը կորզվել է իր մերձավոր ազգականներին քրեական պատասխանատվության ենթարկելու շանտաժի արդյունքում: Բացի այդ, այս մեղադրանքի շինծու լինելն ակնհայտ է նրանով, որ իբր Միսակ Մարտիրոսյանը, նպաստելով խմբի հանցավոր գործունեությանը, մյուսների հետ ստեղծել է կայուն խումբ եւ կատարել համապատասխան դերաբաշխում, այն պարագայում, երբ բոլոր մեղադրյալները, որոնք դիրքորոշում հայտնեցին մեղադրանքի շուրջ, զարմացան, որ իրենք էլ հանցավոր համաձայնությամբ կայուն խումբ են ստեղծել:
«Առավոտի» տեղեկություններով, պաշտպանական կողմը մտադիր է հաջորդ դատական նիստերի ընթացքում համապատասխան հիմնավորումներ ներկայացնել նախաքննության մարմնի ներկայացուցիչների կողմից քրեորեն հետապնդելի արարքներ կատարելու մասին:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.10.2014