Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Քաղաքապետարանի նվիրած բնակարանը շատ փոքր է, եւ ես այն վաճառքի եմ հանելու»

Հոկտեմբեր 11,2014 14:30

Արման Խաչատրյանը երեք անչափահաս երեխայի հայր է,
ով ունենալով երկուսենյականոց բնակարան Շինարարների փողոցի 15 վթարային շենքում, այժմ ապրում է վարձակալած բնակարանում:

«Առավոտն» անդրադարձել էր Արմանի՝ բնակարանից վտարելու հարցին եւ նշել, որ Երեւանի քաղաքապետարանը բնակարանից վտարելու հայցով պահանջ էր ներկայացրել Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:

Դատարանը բավարարեց քաղաքապետարանի հայցապահանջը եւ Արմանին, ընտանիքի մյուս անդամների հետ՝ կնոջ, հոր, ինչպես նաեւ 3 անչափահաս երեխաներին վտարեցին բնակարանից՝ փոխարենը նվիրելով երկուսենյականոց բնակարան Աջափնյակում: Արմանն ի սկզբանե դատարանում ներկայացրել էր, որ ընտանիքը բազմանդամ է, որ հայրն ունի առողջական խնդիրներ (2010 թվականին Արմանի հոր մոտ հայտնաբերվել է ինֆեկցիոն հիվանդություն, որի համար նրան վթարային շենքում հատկացրել էին մեկ այլ առանձին սենյակ) եւ դատարանից խնդրում էր, որ պարտավորեցնի քաղաքապետարանին իր ընտանիքին տրամադրել երկու առանձին մեկսենյականոց բնակարաններ՝ մեկ ընդհանուր երկուսենյականոց բնակարանի փոխարեն, սակայն այդպես էլ նրան երկու առանձին մեկսենյականոց բնակարաններ քաղաքապետարանը չտրամադրեց: Այդպիսով՝ Արմանը ստացավ երկուսենյականոց բնակարանը, որը 59 քմ տարածք է եւ այդպես էլ չտեղափոխվեց այդտեղ, քանի որ, ինչպես նշեցինք, ընտանիքը բազմանդամ է եւ հոր համար էլ առանձին սենյակ էր պետք: Արմանը, վիրավորված եղածից, վարձակալեց 4-սենյականոց բնակարան եւ քաղաքապետարանի հատկացրած բնակարանը նա վաճառքի է հանելու: «Քաղաքապետարանի նվիրած բնակարանը շատ փոքր է ընտանիքիս համար: Մենք ուղղակի այդտեղ չենք կարող տեղավորվել, եւ ես այն վաճառքի եմ հանելու, որ կարողանամ այդ գումարով որեւէ մարզում երկու առանձին բնակարան գնել: Այդ բնակարանը, որ ստացել եմ, չեմ ապրում այդտեղ ու ներկա պահին վարձակալած բնակարանս մեծ է: Այդտեղ կարողացել եմ հորս համար առանձին սենյակ հատկացնել, որովհետեւ նա հատուկ խնամքի կարիք ունի եւ առանց օգնության չի կարող ապրել»,-«Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց Արմանը:

Արմանին ընտանիքի հետ միասին վթարային շենքից դուրս է արել ԴԱՀԿ-ն: Այդ մասին մեզ հետ զրույցի ժամանակ նա ասաց. «ԴԱՀԿ ծառայությունը մեզ դուրս հանեց, իսկ մեկ ընտանիք այդպես էլ մնաց այդ շենքում: Շենքի երկու հարկն արդեն քանդել էին, բայց այդ ընտանիքը, որ նույնիսկ դատարան չէր դիմել, ստացավ երկու բնակարան եւ հիմա մեկ բնակարանում ապրում են, իսկ մյուսը վարձակալությամբ են տվել»: Այնուհետեւ Արմանը պատմեց, թե ինչ վերաբերմունքի է արժանացել, երբ գնացել է վարձակալությամբ ապրելու՝ ասաց. «Վարձակալած բնակարանում, որ ներկա պահին ապրում եմ, մի օր էլ տեսնեմ գազ չկա: Եկել էին ու գազն անջատել էին: Դա բացատրեցին նրանով, որ վթարային շենքում ապրելու ժամանակ գազի օգտագործման վճար եմ պարտք մնացել: Ես ասացի, եթե այդպես է, ապա դատարան տվեք, թող այդտեղ պարզվի, ես էլ հակընդդեմ հայցով կմտնեմ դատարան ու կապացուցեմ, որ երեք տարի առաջ գազ եմ քաշել ու ծախսել եմ 100.000 ՀՀ դրամ ու կտեսնենք, թե մի բան էլ ով է ում պարտք: Այդպես էլ դատարան չմտավ գործը, բայց ես վճարեցի այդ գումարն ու չնայած ինձ գազ պետք էլ չէր, բայց վճարեցի»:

Արմանն ավելի շատ վիրավորված է այն վերաբերմունքից, որ, ինչպես նա է ասում՝ ոչ ոք իր աշխատանքի բնույթից տեղեկացված չէ եւ ամեն անգամ մեկը մյուսի վրա է գցում, երբ մի հարցով դիմում ես. «Ես ցավում եմ, որ քաղաքապետարանը հաշվի չառավ այն հանգամանքը, որ հայրս խիստ հիվանդ է եւ նրան պետք էր առանձին սենյակ եւս, որպեսզի երեխաներն ապահով լինեն: Ցավում եմ, որ ես ունեի հնարավորություն երկու առանձին մեկսենյականոց բնակարաններ ստանալու, սակայն հաշվի չառան, որ ընտանիքս բազմանդամ է, սակայն նույն վթարային շենքից գտնվեցին մարդիկ, ովքեր մեկսենյականոցի համար նույնիսկ ստացան երկուսենյականոց բնակարան: Մի քիչ կարող է էմոցիոնալ թվալ, բայց ցավում եմ, որ երեխաներս Վրաստանում հայկական դրոշի ներքո հաղթանակներ են բերում Հայաստան իրենց մշակույթով՝ ազգային երգ ու պարով, սակայն այստեղ՝ Հայաստանում, նույն երեխաներիս դուրս են վտարում բնակարանից»:

Մինչդեռ Արման Խաչատրյանի շնորհալի երեխաներն աշխարհի տարբեր երկրներում (շուտով նաեւ Նյու Յորքում) ներկայացնում են Հայաստանի ազգային երգն ու պարը եւ հաղթանակներ են բերում Հայաստանի համար, այդ ընթացքում պետական պաշտոնյաների կողմից արժանանում են բացասական վերաբերմունքի եւ իրենց սեփական հայրենիքում ապրում են վտարվածի, զրկվածի կարգավիճակում:

ՍԵՐԳԵՅ ՀԱԿՈԲՅԱՆ

Նկարում՝ Արման Խաչատրյանն է եւ նրա կինը՝ Գոհար Հովհաննիսյանը:

«Առավոտ» օրաթերթ
10.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031