Լրահոս
Օրվա լրահոսը

Կինոյի ու թատրոնի Մալյանները

Հոկտեմբեր 11,2014 14:00

Անվանի կինոռեժիսոր Հենրիկ Մալյանի ֆիլմերը, այդ թվում՝ «Նվագախմբի տղաները», «Մենք ենք մեր սարերը», «Եռանկյունին», «Հայրիկ», «Նահապետ», «Կտոր մը երկինք», վաղուց իրենց տեղն են գտել հայ կինոյի գանձարանում ու սիրվել մի քանի սերունդների կողմից: Վարպետը կինոյից առավել արժեւորել է թատրոնը, ժամանակին ստեղծել թատերախումբ, որը դուրս էր կաղապարներից, ազատ էր ու նորարարական: Այստեղ էլ հանդիսատեսը սիրեց ու ընդունեց մալյանական բեմադրությունները: Մինչ օրս թատերախմբի խաղացանկում է «աշխարհը պտտած» «Թումանյանի հեքիաթները»: 2015թ. հոբելյանական է թե թատրոնի եւ թե նրա հիմնադրի համար. թատրոնը կնշի իր հիմնադրման 35 եւ Հենրիկ Մալյանի ծննդյան 90-ամյա հոբելյանները:

«Առավոտը» հանդիպեց ռեժիսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, Հենրիկ Մալյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավար Նարինե Մալյանի հետ: Հետաքրքիր մի իրողություն. եթե Հենրիկ Մալյանը թատրոնից էր գնացել կինո (նա բեմադրություններ է իրականացրել Արտաշատի, Վանաձորի, Սունդուկյանի անվան թատրոններում), ապա դուստրը հակառակը՝ կինոյից է եկել թատրոն: Այս դիտարկմանն ի պատասխան՝ Նարինե Մալյանը նշեց, թե վերջերս թատերական ինստիտուտի դասախոսներից մեկը ուսանողին ներկայացրել է իր դիպլոմային աշխատանքը՝ «Էտյուդ» կարճամետրաժ նկարը, որը ներկայացնում է ընդհանրապես մարդկային կյանքի պատմությունը լուսանկարների միջոցով: Հետո էլ առանձնացրեց ֆիլմերից մեկ-երկուսը, դրանք են՝ «Վերջապես գալիս եմ տուն», որն արժանացել է «Կին» փառատոնի Գրան պրիի եւ վերջին աշխատանքը՝ Աղասի Այվազյանի «Դանիել Մշտաբնակ» պատմվածքի մոտիվներով «Որդու ծննդյանը սպասող հյուսնը» կարճամետրաժ ֆիլմը:

Սա էլ ցուցադրվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի ոչ մրցութային ծրագրում: Ռեպլիկին՝ հասկանալի է, թե ինչ դժվար է կրել Մալյան ազգանունը, մեր զրուցակիցը, համամիտ լինելով, ասաց, որ ինքը հանգիստ է այդ առումով. «Հանգիստ եմ, որովհետեւ հայրս իսկապես արժանավայել կյանքով է ապրել: Հիմա էլ մշտապես ասում են՝ ի՜նչ լավ մարդ էր… Իսկ այդ լավ մարդն ամեն ինչից զատ ուներ իր փոքր աշխարհը, մշտապես փնտրում էր ընկեր, ավելի ճիշտ՝ համախոհ, որն իր համար կստանձներ եղբոր դեր… Հայրս միշտ պատրաստված է մտել թատրոն կամ կինոհրապարակ, թեեւ իմպրովիզացիայի մեծ վարպետ էր: Ներկա գտնվելով հորս փորձերին, տեսել եմ, թե ի՜նչ արագությամբ էր աշխատում նրա միտքը: Մի բանով էլ էր առանձնանում. երբեք ինքն իրեն առաջին պլան չէր մղում, միշտ աշխատում էր, որ կոլեգաները կամ կողքինները երեւան: Օժտված էր նաեւ ֆանտաստիկ ինտուիցիայով, ինչի մասին մինչ օրս էլ լեգենդներ են պատմում: Բայց մի բանից մշտապես իրեն հեռու էր պահում՝ վատ բանից…»: Հետո էլ ժպիտով հավելեց. «Շատ էր սիրում հանդիսատեսին: Ինձ փոխանցել են, որ հորս երիտասարդ տարիներին 4 տարեկանից ես եմ եղել նրա ամենաթանկ, իդեալական հանդիսատեսը…»:

Կեսկատակ-կեսլուրջ հարցին՝ ձեր թատրոնը եզակի այն մշակութային օջախներից է, որի մասին երբեւէ վատը չի խոսվում, Նարինե Մալյանը պատասխանեց. «Իդեալական, նույնիսկ ամենահամերաշխ ընտանիքը զերծ չի կարող մնալ ոչ հաճելի խոսակցություններից: Հայրս արվեստագետ լինելուց առաջ կարեւորում էր դիմացինի մեջ մարդկային գործոնը: Սիրում էր կրկնել՝ ինչ մասնագիտության տեր էլ որ լինի մարդը, պետք է լինի համբերատար, եւ միայն այդ դեպքում կքաղի ցանկալի պտուղները: Թատրոնի դերասանական կազմը 14 հոգի է: Մենք կարծես հայաստանյան փոքրաթիվ թատրոններից ենք, բայց թույլ տվեք ասել՝ աշխատում ենք, ստեղծագործում համերաշխ ու մեծ սիրով»: Ռեպլիկին՝ մտադրություն չկա՞ թատերախումբը համալրելու երիտասարդ դերասաններով, թատրոնի ղեկավարը հիշեցրեց, որ իրենք գործում են Հայաստանի ազգային կինոկենտրոնին կից, հետո էլ հավաստիացրեց, թե այսօր էլ դիմում են իրեն երիտասարդ շատ դերասաններ՝ թատրոնում աշխատելու համար, բայց իսկապես հնարավորություն չունեն: Հավելեց էլ, թե երիտասարդներից շատերը խոստովանում են, որ պատրաստ են անվճար աշխատելու:

Այս դեպքում պատասխանը մեկն է լինում՝ «մենք մեզ չենք կարող թույլ տալ նման աշխատաոճ»: Հրավիրյալ բեմադրիչներով չհետաքրքրվեցինք: Գիտենք, որ Մալյանի անվան թատրոնում բեմադրություններ են իրականացրել Մովսես Ստեփանյանը, Վահան Խաչատրյանը, Հրաչյա Ղազարյանը, Խաչիկ Չալիկյանը եւ այլն: Իսկ խաղացանկում շուրջ 10 ներկայացում է, այդ թվում՝ Ա. Այվազյանի «Ցեղի ֆիզիոլոգիա», Վ. Սարոյանի՝ «Պատմություններ գնացքում», Գոգոլի՝ «Ամուսնություն» եւ այլն: Նարինե Մալյանն ասաց, որ պատրաստվում են սկսել Ջոն Պատրիկի «Սիրելի Պամելա» ստեղծագործության բեմադրական աշխատանքները: Ինչ վերաբերում է հյուրախաղերին, իսկ թատրոնը տարբեր տարիների իր արվեստն է ցուցադրել Ռուսաստանում, եվրոպական երկրներում, ԱՄՆ-ում, մեր զրուցակիցն ասաց, որ վերջին արտերկրյա ուղեւորությունը եղել է Կանադա՝ 2010թ.: «Նախորդ տարիներին հյուրախաղերով մշտապես հանդես ենք գալիս մարզերում: 2013թ. Շուշան Պետրոսյանի նախաձեռնությամբ եղանք Արցախում, սահմանամերձ գոտում՝ Մարտակերտում տեղակայված զորամասերում:

Դա մեզ համար իսկապես իրադարձություն էր: Խաղացինք թե զինվորների, թե երեխաների համար: Նրանք մեզ էին փոխանցում իրենց տոնական տրամադրությունը, մենք էլ՝ իրենց: Իսկ հաջորդ տարի արտերկրից կան հյուրախաղերի առաջարկներ (չմանրամասնեց): Իհարկե՝ Եղեռնի 100-ամյա տարելիցին նվիրված կներկայացնենք «Ցեղի ֆիզիոլոգիան» եւ Գրիգոր Բաբայանի բեմադրությամբ՝ «Կարոտը»: Ընդ որում, հայրս աշխատում էր «Կարոտ» ֆիլմի սցենարի վրա, որը չհասցրեց նկարահանել»,- ներկայացրեց մեր զրուցակիցը: Նա նշեց, որ վերջերս հիմնել են «Հենրիկ Մալյան» մշակութային հիմնադրամ, որի առաջին նախագիծը կլինի հորը նվիրված գիրք-ալբոմի հրատարակումը: Ռեպլիկին՝ կարծիք կա, որ իրենք հովանավորների պակաս չունեն՝ Մալյան ազգանվան շնորհիվ, Նարինե Մալյանը հայտնեց հետեւյալը. «Մի բան չեմ կարողանում՝ բեմադրությունների համար գումար հայթայթելը: Աշխատում ենք փոքր բյուջեով բեմադրություններ իրականացնել: Արդարության դեմ չմեղանչելու համար նշեմ, որ պատահել է, որ դիմել ենք մշակույթի նախարարություն, որից երբեք մերժում չենք ստացել: Իսկ գաղափարներ շատ կան, կուզեի ակտիվացնել «Մալյան» հիմնադրամի աշխատանքները, որն առաջին հերթին աջակցեր շնորհալի երիտասարդ արվեստագետներին»:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031