Վաղամեռիկ բանաստեղծի ընկեր Դավիթ Հովհաննեսի հիշողությունները
«Առավոտի» հոկտեմբերի 7-ի համարում տպագրված «Գնում էինք գլխիկոր…» հրապարակման առիթով արձագանքել է վաղամեռիկ բանաստեղծ Սլավիկ Չիլոյանի (լուսանկարում) ընկեր, բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը: Նա իր նկատառումներն է հայտնել հոդվածի որոշ կետերի հետ կապված. «Օրինակ, հրապարակման վերջում ասվում է հետեւյալը. «Իսկ բանաստեղծի արխիվը, ամենը, ինչ տվել էր ինձ ի պահ, կարճ ժամանակ անց հավաքեցի, կապեցի ու հանձնեցի նրա մտերիմ ընկերներից բանաստեղծ Դավիթ Հովհաննեսին։ Տասնամյակներ անց, 1992 թվականին, ընկերների ջանքերով միայն տպագրվեց Սլավիկ Չիլոյանի «Մենք մարդ ենք եղել» միակ ժողովածուն»:
Ես պաշտոնապես հայտարարում եմ, որ հոդվածի հեղինակին հպանցիկ եմ ճանաչել, երբեւէ որեւէ բան նրանից չեմ ստացել, եւ չէի կարող ստանալ Սլավիկ Չիլոյանի թղթերից, որովհետեւ նրա մահվան նույն օրը՝ 1975թ. նոյեմբերի 29-ին, Վիգեն Բաբայանի հետ միասին թաղումից հետո Սովետաշենից գնացինք Չիլոյանի մտերմուհու՝ Ռոզայի տուն, ումից էլ վերցրինք Չիլոյանի ամբողջ արխիվը, որը մնացել էր Ռոզայի տանը, գզրոցներում: Ես ողջ արխիվն ինձ հետ տուն տեղափոխեցի, մինչեւ հիմա այն ինձ մոտ է եւ այդ արխիվից եմ օգտվում, երբ տպագրում եմ Չիլոյանի գրքերը»: Դավիթ Հովհաննեսը թյուրիմացություն է համարում նաեւ այն միտքը, ըստ որի՝ տասնամյակներ անց, 1992 թվականին, ընկերների ջանքերով տպագրվել է Սլավիկ Չիլոյանի «Մենք մարդ ենք եղել» միակ ժողովածուն։ «1992 թվականին, այո՛, իմ եւ ընկերներիս ջանքերով տպագրեցինք Չիլոյանի՝ հետմահու առաջին գիրքը՝ «Մենք մարդ ենք եղել» խորագրով: Թղթակցուհին երեւի չգիտի՝ 2005թ. իմ սեփական ջանքերով «Արեւիկ» հրատարակչության տպագրած «Չենք ասում, ինչքան գիտենք» Սլավիկ Չիլոյանի բանաստեղծությունների ժողովածուի մասին, որտեղ ուղղված, բոլոր բանաստեղծությունները բնագրերի հետ համեմատված են: Ես պատրաստ եմ այդ գիրքը նվիրել հոդվածի հեղինակին: Գրված է, որ Չիլոյանը տուն էր վարձել Նար-Դոսի փողոցում, այդ տան կահույքն էինք տեղափոխում՝ «Գարունի» հին կահույքը:
Բայց այդ տունը վարձով չէր, նրա ընկերուհու՝ Ռոզայի տունն էր, որտեղ ապրում էր վերջին տարին Չիլոյանը՝ երկրորդ անգամ ազատազրկվելուց եւ ազատվելուց հետո: Նա ծանոթացել էր Ռոզայի հորը բանտում եւ ապրում էր նրանց տանը: Մի բան էլ հավելեմ՝ կապված Սլավիկ Չիլոյանի առաջին բանտարկության հետ: Հոդվածում ակնարկվում է, թե Լենինի ծննդյան օրը «Սովետական Հայաստան» թերթում տպագրվել է նրա մի բանաստեղծությունը, որտեղ խորհրդային ԿԳԲ-ն հայհոյանք էր տեսել առաջնորդի հասցեին: Սա եւս իրականությանը չի համապատասխանում, այո՛, 69-ին Սլավիկ Չիլոյանը տպագրեց Լենինի ծննդյան օրը մի բանաստեղծություն՝ «Վլադիմիր Իլյիչ Լենին. օրատորիա», որը ոչ թե հայհոյանք էր, այլ անզուսպ փառաբանություն… ճիշտ է, այդ առթիվ մարդիկ հանվեցին «Սովետական Հայաստանից», բայց նրան էլ բանտարկեցին ոչ թե նրա համար, որ բանաստեղծություն էր գրել, այլ՝ որ հարբած վիճակում «Գարունի» խմբագրությունում դեբոշ էր սարքել:
Կարդացեք նաև
Այս ամենի մասին «Մենք մարդ ենք եղել» գրքի վերջաբանում, լրացուցիչ հոդվածներում տեղեկատվություն կա՝ ինչպես բանտ ընկավ, ազատվեց եւ այլն: Հրապարակման մեջ խոսք է գնում թաղման մասին, ու եղերական շնչով, կարծես վաղամեռիկ բանաստեղծի նկատմամբ խղճահարություն հարուցելու միտում կա: Նշվում է, թե իբր մի քանի հոգի էին հուղարկավորները, իրականում այդպես չի եղել, հուղարկավորները եղել են հազարներով, դագաղը դրված է եղել «Պապլավոկի» բաց հարկում՝ բրեզենտի տակ, յուրաքանչյուր անցորդ մասնակցում էր: Հետո ընկերներիս հետ դագաղը տարել ենք համալսարանի մոտ՝ Մռավյան փողոց, երեք անգամ պտտել ենք ջրավազանի շուրջը, նոյեմբերի 29-ն էր, Հայաստանի սովետիզացիայի օրը, նույնիսկ մի քանի դրուժիննիկ լակոտներ թափվեցին դուրս, թե էս ի՞նչ եք անում, դագաղ ե՞ք պտտում: Ես հայտարարեցի, որ սա Չիլոյի տունն է եղել, տուն չի ունեցել, այստեղ ենք պտտում: Իրենք սկանդալից վախեցան, հեռացան: Հետո դագաղը իջեցրեցինք դեպի Ռադիոտուն, դրեցինք մի «Երազ» ու տարանք Սովետաշենի գերեզմանոց: Կրկնում եմ՝ հսկայական քանակություն էր հուղարկավորների: Նշվել է նաեւ, թե իբր օղորմաթասը խմել են մեկ-երկու հոգով՝ մի փոքրիկ սենյակում: Դա իրականությանը չի համապատասխանում, հոգեհաց է տրվել Գրողների միության բարում, հարյուրավոր մարդիկ էին ներկա: Վերեւից իջավ Հայաստանի գրողների միության նախագահ Վարդգես Պետրոսյանը եւ մի հոգեցունց ճառ արտասանեց, ներկաներն այսօր էլ ողջ են ու կարող են հաստատել»,- հիշում է Դավիթ Հովհաննեսը:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը՝ granish.org-ի
Ես չեմ տեսել քեզ, Սլավիկ,
Ծնվել եմ ես քեզնից հետո,
Բայց այնքան ես ինձ հարազատ,
Որ ինձ հետ ես ու իմ կողքին:
Ցավդ իմ մեջ ծովեր ծնեց,
Ժայռը ծարավ ուշաթափվեց,
Հոգուս լուսանցք մտար ինչպես,
Եվ տեր, և սեր և առասպել:
Ափսոս, որ ես ուշ ծնվեցի,
Ափսոս, որ դու շուտ գնացիր,
Թեև այսքան երկար կյանքում,
Չեմ խոսել այլ հայի հետ ես:
Թե ինչու ես միշտ հարազատ,
Չգիտեմ, ինչ ասեմ հաստատ:
Ամեն ինչ սուտ է այս կյանքում, պետք չ՝ փրփրել: Նախ մարդ եղեք, իսկ Չիլոյանը տաղանդավոր է: