Լրահոս
Օրվա լրահոսը

Երբ պարի լեզվով խոսում է հավասարությունը

Հոկտեմբեր 11,2014 12:30

Օրերս Երեւանում անցկացվող «Հայֆեստ» փառատոնի շրջանակներում Բրիտանական խորհրդի հովանավորությամբ տեղի ունեցավ «Ne me quitte pas» պարային ներկայացման առաջնախաղը, որին անմիջապես հետեւեց եւս 2 ներկայացում: Վերջինս բեմադրել էր ՀՀ վաստակավոր արտիստ, Փոքր թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահան Բադալյանը:
Թե՛ նախաձեռնության գաղափարը եւ թե՛ վերջնական արդյունքն արժանի են բարձր գնահատականի: Հայտնի երգի տարբեր մեկնաբանությունների ներքո բեմադրված պարային ներկայացումն ու հենց մասնակից պարողներից վերցված փոքրիկ հարցազրույցները, որոնք հետեւում են պարային համարներին, վկայում են այն մասին, որ սահմանափակ կարողություններով մարդկանց՝ հասարակության մեջ ակտիվ ներգրավման հիմնախնդրի բարձրաձայնումը գնալով ավելի մեծ կարեւորություն է ձեռք բերում:

Պարային բեմադրությանը մասնակցում են տասից ավելի պարողներ եւ պարուհիներ, որոնց մեծամասնությունը սահմանափակ կարողությունների տեր մարդիկ են, ում համար քայլելն անգամ երբեմն մեծ ճիգերի արդյունք է, բայց ներկայացման ամբողջ ընթացքում լիարժեք եւ սահմանափակ կարողություններով պարողների համաչափ ու ռիթմիկ պարն ապացուցում է, որ պրոֆեսիոնալ եւ թիմային աշխատանքի դեպքում անհնարինն անգամ հնարավոր է դառնում: Պատահական չէ, որ ներկայացման գրեթե բոլոր համարները բեմադրված են համաշխարհային հայտնի հիթ դարձած հենց Ne me quitte pas երգի տարբեր մեկնաբանությունների ներքո, ինչն էլ նպատակ ունի արվեստի լեզվով խոսել սահմանափակ հնարավորություններ ունեցող մարդկանց նկատմամբ հասարակության մեջ առկա անտարբեր վերաբերմունքի մասին՝ փորձելով կոտրել նաեւ այն կարծրատիպը, թե իբր ֆիզիկական անլիարժեքությունն անխուսափելիորեն խոչընդոտում է անձի ինքնադրսեւորմանն ու կայացմանը: Ներկայացման ավարտին հանդիսատեսի բուռն ծափահարությունները եւ պարախմբի բոլոր անդամների՝ հուզմունքից փայլող աչքերը վկայում էին, որ նախաձեռնության հեղինակները կարողացել են բեմից դահլիճ հասցնել իրենց հիմնական ուղերձը. այն է՝ ցանկացած մարդ, անկախ ֆիզիկական եւ մտավոր ունակություններից, կարիք ունի շփման, կարեկցանքի, շրջապատի կողմից գնահատված լինելու եւ վերջիվերջո, երբեւէ լքված չլինելու…

ՏԱԹԵՎ ԽԱՉԱՏՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
10.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031