Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոգեկան հիվանդություններ ունեցողները բժշկին դիմելու փոխարեն գնում են թուղթ ու գիր անողի մոտ»

Հոկտեմբեր 10,2014 14:20

Հոկտեմբերի 10-ը հոգեկան առողջության միջազգային օրն է։ Այս թեմային անդրադառնալով այսօր «Հայացք» մամուլի ակումբում հոգեթերապեւտ Հարություն Մինասյանը, նշելով, որ օրը նշվում է ավելի քան տասնհինգ տարի եւ դրա նպատակն է ավելի շատ բնակչությանը իրազակել հոգեկան խնդիրների, հոգեկան հիվանդների նկատմամբ բարյացակամ վերաբերմունքի, դրա խարանը վերացնելու մասին եւ ծանոթացնելու կանխարգելման միջոցներին։

Այս տարին հայտարարված է շիզոֆրենիայի տարի։ Բանախոսի ներկայացմամբ՝ ամենակարեւոր խնդիրը այս դեպքում խարանի վերացումն է.«Դա այն երեւույթն է, երբ ամեն կերպ թաքցնում են շրջապատից եւ հասարակությունից իրենց եւ իրենց հարազատների հոգեկան հիվանդությունը։ Դրա պատճառով հիվանդները շատ դեպքում չեն դիմում բժշկի եւ դիմում են թուղթ ու գիր անողների, էքստրասենսների, լավագույն դեպքում դիմում են հոգեբանի։ Սակայն հոգեբանները դեղորայքային բուժում չեն կիրառում եւ հաճախ են սխալ բուժում կատարում։ Այս պարագայում միայն հոգեբույժը կարող է բուժել հիվանդին»։

Պրն Մինասյանը ներկայացրեց, որ քանի որ հիվանդները քիչ են դիմում բժշկի օգնության, դրա համար պաշտոնական տվյալներով շիզոֆրենիայով տառապում է բնակչության մոտ մեկ տոկոսը.«Հիմա Հայաստանի դիսպանսերներում գրանցված է մոտ 46 հազար հոգեկան հիվանդ։ Ցանկացած բժիշկ կասի, որ կարելի է այդ թվի վերջում եւս մեկ զրո ավելացնել»։

Անդրադառնալով շիզոֆրենիայի առաջացման պատճառներին, պրն Մինասյանը տեղեկացրեց, որ շիզոֆրենիան ծանր հոգեկան հիվանդություն է, ամբողջ մարմնի հիվանդություն, որի ժամանակ մարմնի բոլոր ֆունկցիաները խախտվում են. «Այն դրսեւորվում է ուղեղի ֆունկցիայի խանգարմամբ. Շիզոֆրենիայի առաջացման միակ պատճառը ժառանգական գործոնն է։ Բայց ժառանգական փոխանցելիությունը պարտադիր չէ։ Շիզոֆրենիայի բուժումը բացառապես դեղորայքային է եւ այլ բուժում գոյություն չունի։ Դրա համար փսիխոթերապիան հակացուցված է, հիփնոզը նույնպես։Շիզոֆրենիայի բուժման հարցում հեղափոխություն եղավ, երբ հայտնաբերվեց Ամինազին դեղը»։

Շիզոգրենիայի վտանգավոր տարիքը 16-26 տարեկանն է, երբ հենց այդ ժամանակ էլ դրսեւորվում է շիզոֆրենիան։

Ընդհանրապես բոլոր հոգեկան հիվանդությունների առաջացման գլխավոր գործոնը, ինչպես ներկայացրեց բանախոսը, ժառանգական գործոնն է. «Մյուս գործոնները ունեն հինգերորդական, տասներորդական նշանակություն, որոնց մեջ նաեւ սթրեսը»։

Բանախոսը նաեւ հավելեց, որ հոգեմետ դեղերի արտադրության ոլորտը Հայաստանում նույնպես զարգանում է, դեղերը ներկրվում են հումքի ձեւով եւ այստեղ միայն հաբերն են պատրաստվում, եւ չի կարելի ասել, որ հայկական դեղերը անորակ են։

Պրն Մինասյանը ներկայացրեց, որ Հայաստանում ամենատարածված հոգեկան հիվանդությունը նեւրոզն է, սակայն ավելի վտանգավոր է փսիխոզը, որը հենց հիվանդներին դարձնում է վտանգավոր. «Նրանց պետք է ժամանակին տանել բժշկի, իսկ չտանելը հետագայում ողբերգական իրավիճակի կարող է հանգեցնել՝ անգամ սպանությունների եւ ինքնասպանությունների»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031