2014-2015 ուսումնական տարեշրջանին 2013թ. հոկտեմբերին ՀՀ սփյուռքի նախարարությունը, ՀՀ կրթության նախարարությունը, Հայկական Բարեգործական Ընդհանուր Միությունն ու Գալուստ Գյուլբենկյան հիմնարկությունը Հայաստանի բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող սիրիահայ ուսանողների 2013-14 տարեշրջանի ուսման վարձերի փոխհատուցման ծրագիր էին իրականացրել: Այդ ծրագրով ՀԲԸՄ-ն, Գյուլբենկյան հիմնարկությունն ու ՀՀ կառավարությունը փոխհատուցեցին 2013-14 տարեշրջանի ուսման վարձերը: Սիրիահայ 380 ուսանողներ օգտվեցին համատեղ ծրագրից:
Նկատի ունենալով ծրագրի կենսական նշանակությունը, սիրիահայ ուսանողներին ամեն գնով աջակցելու պատրաստակամությունը, ՀԲԸՄ-ն 2014-2015 և 2015-2016 ուսումնական տարեշրջաններին շարունակելու է ծրագիրը, տարեկան հատկացնելով 130 հազար ԱՄՆ դոլար:
Գ. Գյուլբենկյան հիմնարկությունը նույնպես հայտարարել է ծրագրի համար տարեկան 130 հազար ԱՄՆ դոլար հատկացնելու մասին, իսկ Հայաստանի կառավարությունն իր հերթին սիրիահայ ուսանողների համար կիրառվող զեղչերի կողքին կհատկացնի հավելյալ գումար:
Հաշվի առնելով Հայաստան փոխադրված սիրիահայ ուսանողների թվի շարունակական աճը, ծրագրում հնարավորինս մեծ թվով ուսանողներ ընդգրկելու ընդհանուր մոտեցումը, կողմերը նախապատվությունը տվել են դիմումների մեծամասնությունը կազմող բակալավրի ուսանողների ուսման վարձերի փոխհատուցմանը: Այդուհանդերձ, առավելագույն արդարությունն ապահովելու ու մագիստրատուրայի ուսանողներին նույնպես աջակցելու մտահոգությամբ, կողմերը այժմ քննարկում են հստակ չափանիշների կիրառմամբ ու առկա բյուջեի սահմաններում ուսման վճարների փոխհատուցման ծրագրում նրանց նույնպես օգնելու հնարավորությունները:
Կարդացեք նաև
ՀԲԸՄ հաղորդագրություն