Եռյակի ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի հարցազրույցի ԲՀԿ-ի տարբերությունն այնքան մեծ է, որ ակամա մտածում ես՝ մի՞թե սա նույն ԲՀԿ-ն է։ Հարթակի վրա ԲՀԿ-ն հայտարարում է. «Իշխանափոխություն ենք անելու», «Նախագահը պետք է հեռանա», «Այս իշխանությունը պետք է հեռանա»։ Իսկ «մայդաններից» վախեցած «Նեզավիսիմայա գազետային» Գագիկ Ծառուկյանն ասում է՝ ի՞նչ Մայդան, ի՞նչ բան, այ ձեր ցավը տանեմ, մեր ժողովուրդն ուզում է լավ ապրել, ուզում է հավասար մրցակցություն լինի, արդարություն լինի, ես էլ ուզում եմ տնտեսությունը զարգանա, մարդիկ լավ ապրեն, որ հանգիստ խղճով կարողանամ քնել։
Գագիկ Ծառուկյանը ոչ մի բառ չի ասում այն մասին, որ այդ ամենը հնարավոր է միայն իշխանափոխության շնորհիվ։
Իհարկե, նա չի թաքցնում իր դժգոհությունը ՀՀ իշխանություններից եւ իրեն էլ շատ նուրբ ձեւով է առաջարկում որպես ՀՀ վաղվա իշխանություն, բայց դա ամբողջությամբ տեղավորվում է Ծառուկյանի «հանգիստ, անցնցում, սահուն, հեզասահ իշխանափոխություն» ծրագրի մեջ, որ ենթակա է իրագործման 2018-ին։
Ռուսներն արդյոք թերահավա՞տ են Սերժ Սարգսյանի եւ նրա ղեկավարած ՀՀԿ-ի հանդեպ։ Սա շատ կարեւոր հարց է՝ հասկանալու համար, թե ինչու Գագիկ Ծառուկյանի հարցազրույցը հրապարակվեց այս օրերին, ավելի ստույգ՝ երբ արդեն հավաքվել են Մինսկում, որտեղից Սերժ Սարգսյանը դուրս կգա կամ Պուտինի հետ, կամ Պուտինի վրա։
Բայց մի՞թե Սերժ Սարգսյանը դեռ իրեն չհավատալու տեղ է թողել։ 2013թ. սեպտեմբերին հայտարարել է ՄՄ գնալու մասին, 2014թ. գործից հանել է արեւմտյան հովերով տարված վարչապետին, նշանակել է Մեդվեդեւից այնկողմ մարդ չտեսած Հովիկ Աբրահամյանին, սովետական ղեկավարների արձաններ է պատվիրել, Սուրիկի նման ռուսամետ նժդեհական դոկտորին վերանշանակել է մարզպետ եւ անգամ ինքը հռչակվել վերջին բոլշեւիկ։ Այս ամենը բավարար չէ՞։ Մեր կարծիքով՝ բավարար է, նույնիսկ հաճելի Ռուսաստանի համար։ Բայց, ամեն դեպքում, Ծառուկյանը շտապում է ավելի սոլիդ ներկայանալ ռուս էլիտային. «Համոզված եմ, որ դուք ինձնից եւ իմ քաղաքական համախոհներից երբեք չեք լսել եւ չեք լսելու հակառուսական հայտարարություններ»։
Կարդացեք նաև
Էդիկ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում