Լրահոս
Օրվա լրահոսը

Մեսրոպագիր. Ռուսական անմահ քծնանքը

Հոկտեմբեր 10,2014 16:30

Եվ դրա հայկական դրսեւորումները

Ռուսաստանը այդպես էլ չկարողացավ հետ վարժվել սովետական անցյալից: Իսկ սովետի ամենազզվելի դրսեւորումներից մեկը զանազան «պառադներն» էին ու «կամպանիաները», որոնց ժամանակ մեծարվում էին «կուսակցության եւ երկրի առաջնորդները»:

Ինձ ոչ մեկը չի կարող համոզել, թե մարդիկ իսկապես գժվում էին ընկ. Ստալինի, Կիրովի, Մալենկովի, Միկոյանի կամ Խրուշչովի համար: Ինձ ոչ մեկը չի կարող համոզել, թե համազգային սեր էին տածում ընկ. Բրեժնեւի եւ ողջ քաղբյուրոյի նկատմամբ, դրա համար էին մայիսմեկյան կամ նոյեմբերյոթյան «պառադներին» տանում նրանց նկարները: Ընդ որում, անգամ այն կուսակցական-կոմսոմոլական չինովնիկները, ում հրահանգով մարդիկ մասնակցում էին այդ «պառադներին», այդ սերն ու հարգանքը չունեին: Նրանց առաջ մղողը ՔԾՆԱՆՔՆ էր վերեւների նկատմամբ եւ տաքուկ տեղը կորցնելու վախը:

Բրեժնեւի ժամանակ քծնանքը հասել էր պետական քաղաքականության մակարդակի, այն աստիճան, որ հանրապետություններից մեկի ղեկավարը՝ Հեյդար Ալիեւը, նրան հրապարակային անվանում էր «կենդանի Լենին», ադամանդ ու էլ չգիտեմ ինչեր նվիրում:
Հիմա կասեք՝ ինչո՞ւ եմ անդրադառնում «հերվա մեռելին»: Մի պարզ պատճառով. հոկտեմբերի 7-ին՝ Ռուսաստանի ներկայիս ղեկավար Վլադիմիր Պուտինի ծննդյան օրը, այդ երկիրը ցույց տվեց, որ այնտեղ սովետական ոգին Սովետի փլուզվելուց 23 տարի հետո էլ դեռ ապրում ու բարգավաճում է:

Քծնանքը Ռուսաստանում հասել է իր գագաթնակետին. բայց նորից կրկնեմ՝ քծնանքը դրսեւորում են «նվիրյալ» ղեկավարները, իսկ հասարակ ժողովուրդը միայն ու միայն վախից անում է նրանց ասածով: Ես, օրինակ, չեմ կարծում, թե Չեչնիայի բնակչությունը ուղղակի տապակվում է պուտինասիրությամբ, սակայն այդ երկրի խան ու տիրակալ Կադիրովը, որին Պուտինն իր ուզած ձեւով իշխելու արտոնություն է տվել, իսկ մեղքերի թողության համար էլ՝ «ինդուլգենցիա», ահա այդ մարդը Պուտինի ծննդյան օրը կազմակերպում է 100 հազարանոց երթ՝ ի նշան երախտագիտության, ու այդ երթին է քշում ուսանողների ու երիտասարդների: Ականջդ կանչի, Հեյդար Ալիեւ, Կադիրովը հասնում եւ անցնում է քեզ:
Իսկ Մոսկվայում կազմակերպվում է ցուցահանդես՝ ոչ ավել-ոչ պակաս Պուտինին համեմատելով Հին Հունաստանի առասպելական հերոս Հերակլեսի հետ, եւ ցուցահանդեսն անվանում են «Պուտինի 12 սխրանքները»: Էդ սխրանքների թվում նշում են Ղրիմի գրավումը, Եվրամիությանը «հաղթելը» եւ այլն:

Սակայն քծնանքի ու շողոքորթության այս դրսեւորումները մանկական խաղ են թվում նրա համեմատ, ինչ, ըստ մի շարք լրատվամիջոցների, հայտարարել է Ռուսաստանի Պետական դումայի Կանանց, երեխաների եւ ընտանիքի հարցերով կոմիտեի նախագահ, ոչ անհայտ Ելենա Միզուլինան. նա առաջարկել է ռուս կանանց երեխաներ ունենալ Պուտինից: Յուրաքանչյուր ռուս կին կարող է ստանալ Պուտինի սերմնահեղուկը, հղիանալ եւ երեխա ունենալ: Այդ երեխաներին հետո հատուկ ճամբարներում, ըստ հրապարակումների (օրինակ՝ «Կիեւսկայա պրավդա»), կդաստիարակեն իբրեւ հայրենասեր զինվորներ եւ քաղաքական գործիչներ: Հնարավոր է, որ սա ապատեղեկատվություն է (թեպետ մենք փնտրեցինք, բայց այդպես էլ հերքում չգտանք անգամ Միզուլինայի պաշտոնական կայքում), սակայն նկատի ունենալով այդ տիկնոջ նախորդ ամբողջ պահվածքը՝ իրականությունից հեռու չէ, որ նա կարող էր նման բան առաջարկել:

Լավ, կհարցնեք, դուք, Ռուսաստանը՝ իր ներքին քաղաքականությունը, իր քծնանքը. դա ի՞նչ կապ ունի մեզ հետ:

Ցավում եմ, բայց ամենաուղղակի:

Հիշո՞ւմ եք անցյալ տարվա նախագահական ընտրարշավի ժամանակ կազմակերպված «բազմահազար» միտինգները հաջակցություն Սերժ Սարգսյանի: Նույն օպերայից է: Քծնամոլների բանակը աշխատանքից ազատելու սպառնալիքով ենթականերին ուղարկում էր այդ միտինգներին՝ պահանջելով, որ ուրախություն դրսեւորեն (մոտավորապես ինչպես Հյուսիսային Կորեայում, ուր արգելված է տխուր դեմքով ման գալը, բոլորի դեմքերը պետք է շողան երջանկությունից, այլապես կհայտնվեն բանտում): Կամ հիշո՞ւմ եք «Չեբուրաշկա» անունը ստացած տիկնոջ ելույթը: Նույն օպերայից էին նաեւ ձոները Հովիկ Աբրահամյանին ու Գալուստ Սահակյանին (էն էլ դպրոցներում): Կամ ի՞նչ պակաս «կադիրովյան» դրսեւորում է ոչ անհայտ Սուրիկ Խաչատրյանի (Լիսկա մականվամբ) «դիմավորման» բեմադրությունը Գորիսի մոտ: Վերջապես այս նույն օպերայից են Սերժ Սարգսյանի հանդեպ քծնանքի համարյա ամենօրյա շարմազանովյան-հհկական դրսեւորումները:
Ես վստահ եմ, որ մեզ նման ընդամենը 23 տարվա անկախություն ունեցող Լատվիայում, Լիտվայում, Էստոնիայում դժվար է պատկերացնել, որ մեկը փուչիկներով երթ կազմակերպի ի պատիվ որեւէ ղեկավարի կամ ամեն երեք բառից երկուսում հիշատակի «վսեմաշուք նախագահին»:

Զարգացման եվրոպական եւ եվրասիական ճանապարհներն ընտրած երկրների տարբերությունը նաեւ սա է:

ՄԵՍՐՈՊ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031