Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ամբողջ տարին ուրախ-ուրախ աշխատում ենք, գալիս ա բերքահավաքի ժամանակը՝ գյուղացուն լացացնում են»

Հոկտեմբեր 10,2014 16:00

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղում խաղողի մթերումը դեռ նորմալ չսկսած՝ անորոշ ժամանակով դադարեցվել է: Երեկ Աղավնաձորում գյուղացիները գլուխները բռնած չգիտեին ինչ անել՝ եղանակային պայմանները վատանում են, իսկ խաղողն էլ հասունացել է եւ ըստ գյուղացիների՝ օրեցօր կորցնում է որակական հատկանիշները:

Գյուղի 70 գյուղացիական տնտեսությունների հետ խաղողի մթերման պայմանագիր կնքած «Արմենիա Վայն» գործարանի պատասխանատուները հայտնել են, որ մթերումը դադարեցվել է տեխնիկական պատճառներով: Գյուղացիների տեղեկություններով՝ ընկերությունը դատարկ տարա չունի, որ խաղողն ընդունի:

Ըստ գյուղացիների հետ կնքած պայմանագրի՝ գործարանը Աղավնաձոր գյուղից կմթերի 1500 տոննա Արենի տեսակի խաղող՝ շաքարայնությունը 20 տոկոսից բարձրը՝ 230 դրամով, իսկ ցածրի դեպքում ՝ 200 դրամով: Արդեն երկու օր է՝ գործարանը այս գյուղից խաղող է մթերում՝ շաքարայնությունը 21-24,5 տոկոսով: «Արմենիա Վայն» ընկերությունն իր մասնագետին ուղարկում է գյուղ՝ նախապես որոշելու խաղողի հասունության աստիճանը եւ շաքարայնության տոկոսը, եւ համապատասխանելու դեպքում ֆերմերներին ըստ հերթականության ուղարկում խաղողի մթերման:

guxaci-4

Երեկ Աղավնաձորում խաղողի մթերման դադարեցման պատճառով գյուղացիները հավաքվել էին գյուղապետարանի մոտ եւ մեծ աղմուկ էին բարձրացրել՝ վրդովմունք հայտնելով «Արմենիա Վայն»-ի դեմ: Նրանք միահամուռ որոշեցին դադարեցնել պայմանագիրն այս գործարանի հետ:

Աղավնաձոր գյուղի բնակիչ Հայկազ Ասատրյանը «Առավոտի» հետ զրույցում ասաց, որ ըստ հերթագրման՝ հոկտեմբերի 10-ին պետք է իր խաղողը մթերեին, բայց երեկ տեղեկացել է, որ անորոշ ժամանակով հետաձգում են. «Ախր, պատրաստվել ենք, մեքենայի, բանվորի հետ պայմանավորվել ենք, հիմա սպասենք էնքան՝ մինչեւ փչանա՞: Երկու հեկտար խաղող եմ մշակել, 15 տոննայի պայմանագիր ունեմ, ամեն օրը նշանակություն ունի, օրը 2-3 հարյուր կիլոգրամ կորցնում ենք: Ոչ մի խնդիր չկա խաղողի որակի հետ, շաքարայնությունը չափել են՝ 24 տոկոս էր: Թող իրենց խոսքի տերը լինեն, ասել են՝ 10-ին, թող այդ օրը վերցնեն, ինչքան գյուղ են եկել՝ ամեն ինչում համաձայն ենք եղել, հիմա մթերման ժամանակն ա գալիս, էլի կանգնում ենք խնդրի առաջ: Իրենք պայմանագիր են կնքում իրենց օգտին, իրենք ցանկացած դեպքում կարող են դադարեցնել պայմանագիրը, բայց ոչ մի տեղ չեն նշում, որ իրենց ասած օրը որ չեն մթերում, մենք ինչ պետք ա անենք»:

Գյուղացիներից մեկի խոսքերով էլ. «Ասում են՝ տարա չունեն՝ լցվել է, հիմա ի՞նչ հույսով սպասենք, որ մի քանի օրից հետո էլ մի 2 օր չեն մթերի ու էլի ասեն, որ տեխնիկական խնդիրներ կան»:

Անցյալ տարի «Արմենիա Վայն» ընկերությանը Արմեն Թովմասյանը վաճառել է 21 տոննա խաղող, այս տարի, ըստ պայմանագրի, պատրաստվում է 10 տոննա վաճառել, բայց նա եւս սրտխփոցով է սպասում մթերումների կարգավորմանը. «Բոլորս էլ խաղողագործներ ենք՝ գիտենք, որ օրեցօր խաղողը փչանում ա, մի քանի օր առաջ կարկուտ եկավ, հիմա էլ անձրեւները, հենա ասում են՝ ցրտահարություն ա սպասվում, ամբողջ խաղողը կփչանա ու միայն թափելու պիտանի կլինի»:

Աղավնաձորցի Արմենը 20 տարի է՝ արտագնա աշխատանքի է եղել եւ միայն վերջին մի քանի տարին է, որ վերադարձել է հայրենի գյուղ. «Վերջապես ասեցի գնամ՝ իմ հայրական տունը շենացնեմ, էն էլ այնպես են անում, որ ընտանիքիս վերցնեմ ու երկրից գնամ: Ավելի լավ է ռուսի համար աշխատեմ, քան իմ հայրենակցի, որը էս օրն է գցում մեզ»:

Աղավնաձորի մեկ այլ բնակիչ՝ Կոստան Ստեփանյանն էլ, որը ե՛ւ պայմանագիր ունի, ե՛ւ բարձր որակի խաղող, անհույս սպասում է. «Ամբողջ տարին ուրախ-ուրախ աշխատում ենք, գալիս ա բերքահավաքի ժամանակը՝ գյուղացուն լացացնում են, սիրտս ճաքում ա, ի՞նչ անեմ, մի քանի օրից բանկում վարկիս մարման օրն ա, ի՞նչ եմ անելու՝ չգիտեմ, ու ինձ նման հարյուրավոր մարդիկ»: Ըստ նրա՝ անցած տարի էլ, բացի մթերումից, գումարների խնդիր էր առաջացել. «Առձեռն գումար չեն տալիս, մաս-մաս փոխանցում են գյուղբանկին: Այնպես ա դուրս գալիս, որ մի բան էլ ես բանկին փող տամ, որ գումարս տան: Էնքան ուշացրին, որ նորից 500 հազարի վարկ վերցրեցի, որ ոռոգման ջրի վարձը տամ: Կողքի գյուղերում, որ շաքարայնությունը 16-20 տոկոս ա եղել, 230 դրամով նույն գործարանը մթերել է: Ինչ ա, վարչապետը Ռինդ գյուղում այգետարածք ունի, ամեն տարի այդ գյուղը առաջինն է մթերում, եւ ոչ էլ շաքարայնությունն են հաշվի առնում»:

Նկատենք, որ Աղավնաձոր գյուղում, որը հիմնական Արենի գինու հումքն է ապահովում, մթերումը թողնում են ամենավերջում, որպեսզի ասեն, թե խաղողն իր որակական հատկանիշներով չի համապատասխանում չափորոշիչին, մինչդեռ երեկվանից այս գյուղից ինչքան խաղող են տարել, 21 տոկոսից ցածր շաքարայնություն չի արձանագրվել:
«Եթե հաշվի առնենք, որ շրջակա գյուղերից՝ Արենի, Ռինդ, մթերել են մոտավորապես 500 տոննա խաղող եւ մեր գյուղից՝ մոտավորապես 80 տոննա եւ դադարեցրել են 4 օրով՝ այստեղ մտավախություն կա, որ էլի մի քանի օր որոշ քանակի խաղող կմթերեն եւ կդադարեցնեն, ու ընդհատումները մի քանի անգամ կլինեն ու էլի կձգվեն մինչեւ հոկտեմբերի վերջ, բայց պետք է հաշվի առնել, որ այս տարի խաղողը շուտ է հասունացել, մթերումը պետք է որքան հնարավոր է՝ արագ կազմակերպվի»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Աղավնաձորի գյուղապետ Աշոտ Գալստյանը՝ հավելելով, որ գործարանի տնօրինության հետ պայմանավորվածությունն այնպիսին էր, որ ընդհատում չպիտի լիներ, եւ մթերումը պետք է ամեն օր տեղի ունենար:

Գյուղապետը վրդովված համագյուղացիներին, իր փորձից ելնելով, խորհուրդ է տալիս գինի պատրաստել. «Գնանք գյուղացիական շուկաներ, մեր արտադրանքը վաճառենք, ավելի օգտակար կլինի, քան խաղողը վաճառենք: Այսօր բոլորին հայտնի Արենի գինու հումքը հիմնականում ապահովում է Աղավնաձոր գյուղը, բայց ոչ մի տեղ Աղավնաձորի անունը չի հիշատակվում: Գյուղի դիրքը այնպիսին է, որ հիմնական մայրուղուց հեռու է, եւ եթե Արենի գյուղի բնակիչը կարողանում է ամբողջ տարին գինի վաճառել թանկ գնով, այսօր աղավնաձորցին գինու իրացման խնդիր ունի, նույնիսկ վերավաճառողները այս գյուղից գինին գնում են 600 դրամով, տանում են 1000 դրամով վաճառում»:
«Առավոտը» երեկ փորձեց նաեւ «Արմենիա Վայն»-ի սեփականատիրոջից ճշտել խաղողի մթերման դադարեցման պատճառը: Ի պատասխան՝ գործարանի սեփականատեր Վահագն Մկրտչյանն ասաց, որ մինչեւ հոկտեմբերի 28-ը կմթերվի այն խաղողը, որի սեփականատերը գործարանի հետ պայմանագիր ունի, իսկ դադարեցումը՝ պարոն Մկրտչյանը բացատրեց, թե խաղողը խմորման պրոցես է անցնում, եւ դա ժամանակ է պահանջում, եւ բացի այդ էլ՝ խաղողը հասունացած չէ, սպասում են խաղողի կեղեւի կարմրության աստիճանի բարձրացմանն ու շաքարայնության 20 տոկոսից ավելի ցուցանիշին:

Խաղողի որակը եւ շաքարայնությունը, ըստ Վահագն Մկրտչյանի, որոշվելու է գործարանի լաբորատորիայում:

Նշենք, որ Աղավնաձոր գյուղում 350 հեկտար խաղողի այգիներ կան: Անցյալ տարի այս գյուղում 1700 տոննա սեւ՝ Արենի տեսակի խաղող են մթերել, 400 տոննա էլ սպիտակ՝ խառը տեսակների խաղող:

ԱՆՈՒՇ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031