Լրահոս
Օրվա լրահոսը

«Ավտոմեքենայով պարգեւատրված ուսուցչի գործունեությունն անհայտ է»

Հոկտեմբեր 10,2014 13:30

Ասում է Անահիտ Բախշյանն ու հարցնում,
թե ինչի համար է նա պարգեւատրվել

«Ուսուցչին, նրա գործունեությունը պետք է գնահատել, պետությունն անպայման պետք է դա նկատի, բայց այդ գնահատանքին պիտի արժանանա այն ուսուցիչը, որի տված արդյունքը՝ աշակերտների որակը, գիտելիքները, գրաված դիրքը հասարակության մեջ, տեսնում են բոլորը: Այս տարի, օրինակ, անհայտ ուսուցիչների շատ հայտնի տասնինն աշակերտներ միջազգային առարկայական օլիմպիադաներում գրավեցին արծաթե, ոսկե մեդալներ, սակայն, չգիտես ինչու, այդ ուսուցիչները մնացին չնկատված: Թե ովքեր էին նրանք, ինչու նրանք չգնահատվեցին, ոչ մեկը չիմացավ: Եվ առ այսօր, մենք չենք տեսել, որ ոսկե մեդալ ստացած աշակերտի ուսուցիչն ավտոմեքենա ստանա, բայց դրա փոխարեն ավտոմեքենան ստանում է Շիրակի մարզի դպրոցներից մեկի մի ուսուցիչ, որի գործունեությունն անհայտ է եւ չգիտենք, թե նա ինչի համար դա ստացավ:

Տրամաբանությունն ասում է, որ այդ ավտոմեքենան, որ վարչապետը որպես նվեր սահմանում է, պետք է լինի այն ուսուցչինը, որի գործը, նրա աշակերտները հայտնի են, իսկ մենք չգիտենք, թե այս մեկն ով է, ՀՀԿ-ի որ օղակում, ինչ գործ կամ ներդրում է արել, եւ ոչ թե կրթության, այլ կուսակցության գործին: Ցավոք, սրանով են առաջնորդվում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը՝ անդրադառնալով նրան, որ Ուսուցչի օրվա կապակցությամբ կազմակերպվող միջոցառմանն ամեն տարի մասնակցում է նաեւ ՀՀ վարչապետն ու հանրապետության տարբեր մարզերը ներկայացնող մանկավարժների պարգեւատրում է հուշամեդալով, շնորհակալագրերով: Այս տարի այդ գործն արեց Հովիկ Աբրահամյանը, որը նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով, կրթության ու մանկավարժության բնագավառում ներդրած մեծ ավանդի համար մի խումբ մանկավարժների, որոնց շարքում միայն ՀՀԿ-ականներ չէին, շնորհեց Վաստակավոր մանկավարժի կոչում, որոշները՝ պարգեւատրվեցին «Մովսես Խորենացի» մեդալով: Տոնի կապակցությամբ Տարվա լավագույն ուսուցիչ եւ դաստիարակ ճանաչված մանկավարժները պարգեւատրվեցին ավտոմեքենաներով, Լավագույն տնօրենը՝ համակարգչով: Անահիտ Բախշյանին զայրացնում է այն փաստը, որ ամեն տարի ավտոմեքենաները բաժին են հասնում կրթության ոլորտի ՀՀԿ-ական ներկայացուցիչներին, նրա խոսքով, վառ օրինակը հենց այս տարվանն է. «Մենք մարդու գործը չենք տեսել, ու իրենք այդ ինչ չափորոշիչներով են որոշել նրան, մինչդեռ ունենք հրաշալի ուսուցիչներ, իսկապես արժանի նման պարգեւի»:

Անահիտ Բախշյանը նշում է՝ հերթական անգամ համոզվում ենք, որ կարեւորը շոուն է, ըստ նրա՝ այդ միջոցառումը կազմակերպում են նրա համար, իբրեւ թե հարգում են ուսուցչին, մինչդեռ այն ուսուցիչը, որը իր բնագավառում ունի իսկապես լավ արդյունք, չի գնահատվում: «Ուսուցիչը պետք է գնահատվի նախ իր աշխատավարձով եւ որակավորվի որպես ուսուցիչ, ու ստանա այն աշխատավարձը, որով կկարողանա իրոք արժանապատիվ ապրել: Ուսուցիչը պետք է որակավորվի, ոչ թե այն պաչկաներով ատեստավորվածների նման: Պետք է լավ ուսուցչին պահենք դպրոցում, բայց բացակայում է պետական մտածելակերպը, գործում է միայն կուսակցական, քաղաքականացված մտածելակերպը, որը քանդում է մեր տունը», -ասաց նա, նշելով, որ այսօր մասնակցում էր մի դպրոցի բացման, որտեղ ներկա է եղել նաեւ ՀՀ նախագահը, որն էլ իր ելույթում ասել է, թե՝ «բա ասում եք կրթության վիճակը լավ չէ, տապալված է, եթե այդպես է, միջազգային օլիմպիադաներում տասնինը մեդալ ոնց ենք շահել»: Անահիտ Բախշյանը սրա վերաբերյալ ասում է. «Ուզում եմ պատասխանել: Շահել ենք, որովհետեւ մեր հումքը լավն է, մեր երեխաները խելացի են, եւ եթե մեր դպրոցներում ճիշտ կրթություն տանք, ապա հարյուր տասնինը կստանանք»: Մեզ հետ զրույցում Անահիտ Բախշյանը ներկայացրեց կրթության ոլորտի հերթական խախտումը ու ապացույցն այն բանի, որ պարգեւատրվում են ոչ ազնիվները. «Գեղարքունիքի մարզի Դրախտիկ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցիչ Արարատ Մովսիսյանի թեկնածությունը դպրոցի մանկավարժական խորհուրդը տարվա լավագույն ուսուցչի համար առաջարկել է տնօրենին՝ մարզպետարան ներկայացնել, բայց տնօրենը, որը ՀՀԿ-ական է՝ այդպես չի արել, որովհետեւ Արարատը իրավունք գիտի, թերությունները մշտապես բարձրաձայնում է եւ այլն: Ի դեպ, Արարատ Մովսիսյանը դպրոցի միակ ուսուցիչն է, որն ունի տնօրենի հավաստագիր, իսկ այդ դպրոցի տնօրենին չնայած արդեն թոշակի են ուղարկել դեռ հուլիս ամսից, մարզպետարանն ուզում է այնքան պահել, ձգձգել, որ մեկ ուրիշին պատրաստեն, եւ Արարատը չդառնա տնօրեն, ու ի դեպ, ես Գեղարքունիքի մարզպետին այս մասին նամակ եմ գրել, բայց առ այսօր նա չի պատասխանել»:

ԵՎԱ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Չէի սպասում, որ խուժանությունը հասել է այդ մակարդակին: Շնորհակալություն Անահիտ Բախշյանին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031