Լրահոս
Օրվա լրահոսը

«Իշխանության որակն ավելի շատ համընկնում է մաքսային միության կամ ԵՏՄ արժեքային համակարգին, քան՝ եվրոպականին»

Հոկտեմբեր 09,2014 22:26

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը քաղաքացիների անտեղյակությամբ է բացատրում Սիվիլիթաս հիմնադրամի անցկացրած հարցումների արդյունքները Մաքսայի՞ն, թե՞ Եվրոպական միություն թեմայով:

Հիշեցնենք, որ ըստ հարցումների` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրի գործընթացի մասին լսել է Հայաստանի բնակչության 65%-ը, մինչդեռ ՄՄ-ին անդամակցելու մասին տեղյակ է բնակչության մոտ 80%-ը: Կրկին այդ հարցումների համաձայն, հարցվածների 34%-ի կարծիքով, Հայաստանը պետք է խորացնի հարաբերությունները Ռուսաստանի հետ, մինչդեռ 10%-ը գտնում է, որ երկիրը չպետք է ընտրություն կատարի Եվրոպայի կամ Ռուսաստանի միջեւ:

«Քաղաքացիներն իրենց կենսափորձով ավելի շատ Մաքսային միության մասին են տեղյակ, քան՝ Եվրոպական միության: Հարցման արդյունքները քաղաքացիների իրազեկվածության մասին են խոսում: Ընդ որում, իրազեկվածությունն էլ պետք է պայմանական կիրառել, որովհետեւ ոչ թե իրական, օբյեկտիվ իրազեկվածության, այլ միակողմանի պրոպագանդայի արդյունք են այդ հարցման տվյալները:

Անցած տարվա սեպտեմբերի 3-ից հետո չստացվեց որեւէ հանրային քննարկում, երկխոսություն, եվրոպական ասոցացման համաձայնագրից հրաժարվելու եւ մաքսային միությանն անդամակցելու թեմայով: Մինչ այդ էլ իշխանությունը  3,5 տարի ասոցացման համաձայնագրի ուղղությամբ էր աշխատում, ու չկար պատշաճ իրազեկվածություն այդ գործընթացների վերաբերյալ»,- ասաց պարոն Սաքունցը:

Նրա համոզմամբ, եթե Եվրոասոցացման համաձայնագրի վերաբերյալ Հայաստանում քաղաքացիները լիարժեք իրազեկվելու հնարավորություն ունենային, ապա նման հարցումների արդյունքները լիովին այլ պատկեր կունենային. «Միակողմանի եւ ոչ օբյեկտիվ իրազեկվածության պարագայում հարցումների արդյունքները իրական պատկերը չեն  արտացոլում եւ ոչ էլ՝ քաղաքացիների իրական կողմնորոշումը»:

Ըստ նրա, իշխանությունները այդպես էլ չիրականացրին Եվրոպական ասոցացման համաձայնագրի իրազեկման հարցով իրենց ստանձնած հանձնառությունը, որովհետեւ իրենց շահերից չէր բխում օբյեկտիվ պատկերը ներկայացնել.«Որովհետեւ իշխանության որակն ավելի շատ  համընկնում է  մաքսային միության կամ եվրասիական տնտեսական միության արժեքային համակարգին , քան՝ եվրոպական համակարգին: Ձեւական է Հայաստանի իշխանությունների կողմից ասոցացման համաձայնագրի գործընթացի մասնակցությունը եւ այն բարեփոխումները, որոնք իբրեւ թե իրականացնում էին:

Հաշվի առնելով «Սիվիլիթասի» առնչությունը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանի հետ, որը եռյակի հետ միասին իրականացնում է իրազեկման հանրահավաքներ մարզերում ու բացարձակապես այդ հանրային հարթակներում հրապարակային ելույթների ժամանակ որեւէ գնահատական կամ մոտեցում չի  ներկայացնում Սերժ Սարգսյանի արտաքին քաղաքականության վերաբերյալ որոշումներին ու ուղղություններին, Հայաստանի՝ մաքսային միությանն անդամակցելու որոշման մասին իր մոտեցումները չներկայացնելու հանգամանքը, ապա  այդ պարագայում այս հարցումների նման հրապարակումը ժամանակի առումով պատահական չեմ համարում»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031