Լրահոս
Օրվա լրահոսը

«Ականատես ենք լինում, թե ինչպես է առաջին նախագահն իջնում իր հպա՜րտ, վե՜հ բարձրությունից՝ ԲՀԿ-ի շուրջ»

Հոկտեմբեր 09,2014 21:06

«Վաղը կտեսնենք՝ դա աննախադե՞պ է, թե՞ աննախադեպ չի: Դա հայտարարողների մեջ կա անձնավորություն, որը ինչ ասես, որ չի ասել: Երեւի փորփրում է բառարանները, այդ բառարանների մեջ գտնում է նոր բառեր ու այդ հանրահավաքները այն աստիճան ինչ-որ բան է բնութագրում: Բայց թե ինչքանով է դա իրականությանը համապատասխանելու՝ կերեւա: Համենայնդեպս, ցանկացած բան, որի մեջ միավորում կա եւ դա կլինի հօգուտ, ի նպաստ ինչ-որ բանի, դա արդեն դրական է»,- ՀՀԿ պատգամավոր Արտակ Դավթյանն Aravot.am-ի հետ զրույցում Եռյակի վաղվա հանրահավաքի մասին այսպիսի գնահատական տվեց՝ պատասխանելով հարցին՝ համաձա՞յն է  ընդդիմության այն տեսակետի հետ, որ դա աննախադեպ է Հայաստանի պատմության մեջ, երբ 3 խորհրդարանական ուժեր  միավորվում են ու հանրահավաք անում:

Ըստ Արտակ Դավթյանի, ոչ իշխանականներն ուղղորդում են որոշակի դժվարություններ ունեցող մարդկանց ու ասում, թե դրա պատճառը իշխանություններն են. «Բնականաբար, իրենք էլ որպես  փրկիչ են հանդես գալիս: Չեմ կարծում, որ սա շնորհակալ գործ է: Առավել եւս, որ մեր նորօրյա պատմությունն այլ բան է ապացուցել մեզ»:

Մենք ճշտեցինք՝ ընդդիմությունն ասում է, որ հոկտեմբերի 10-ի հանրահավաքով ժողովրդական ալիք է բարձրանալու, ըստ ձեզ չի՞ բարձրանա այդ ալիքը՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Հանուն ինչի՞ պիտի բարձրանա ժողովրդական ալիք: Ժողովրդական ալիք բարձրանում է ադրբեջանական ագրեսիայի դեմ, իսկ հիմա ինչո՞ւ պիտի բարձրանա ժողովրդական ալիք: Ժողովուրդը, կարծում եմ, ինչքան դժգոհ է իշխանություններից, համենայնդեպս, շատ էլ գոհ չի արմատականներից գոնե: Որովհետեւ նրանք իրենց ապրած կյանքով, աշխատանքով ու դրականով, ինչ ունեն իրենց հաշվեկշռում, ամենեւին չեն ապացուցել, որ այն, ինչ մատնանշում են, իրենց մատնանշած դժվարությունները հաղթահարել են»:

Մենք հիշեցրինք, որ Արարատի հանրահավաքում ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն ասում էր, որ ընդամենը 7 օր հետո երկրում իրավիճակ է փոխվելու, էլ մարդկանց չեն տուգանելու տեղի-անտեղի, աշխատավարձերից պահումներ չեն արվելու, Սահմանադրություն չեն փոխելու՝ վերարտադրության համար՝ Արտակ Դավթյանը պատասխանեց.  «Դե հիմա 7 օր հետո կտեսնենք: Է դուք էլ ասեք, ի՞նչ տարբերություն ի՞նքն է ասում,թե՞ դուք եք ասում: Դուք էլ ասեք, որ 5 օր հետո լավ կլինի: Հետո՞, կապրենք կտեսնենք՝ կլինի, թե՞ չի լինի»:

Մեր հարցին՝ այն, որ քաղաքական ուժերի լիդերները լինելու են հանրահավաքում, դա իշխանություններին չի՞ վախեցնում՝ նա պատասխանեց. «Ճիշտն ասած ինձ համար անհասկանալի կլիներ, եթե նրանք հանկարծ չլինեին: Այլապես ի՞նչ կստացվեր, որ այս ամբողջ «փոթորիկը», որ բարձրացնում են, այդ փոթորիկը գրոշի արժեք չունի, եթե չեն մասնակցելու: Հանրահավաքներ, աշխարհացունց հայտարարություններ ու հանկարծ չմասնակցեին, ինչի՞ մասին պիտի խոսեին: Ամեն դեպքում, կարծում եմ, հետաքրքիր տրանսֆորմացիաների ականատես ենք մենք լինում, թե ինչպես առաջին նախագահն իջնում է իր բարձրությունից՝ այդ հպա՜րտ, վե՜հ, որ թվում էր, թե չպիտի իջնի, կամ Րաֆֆին, թե ինչպես են այս քաղաքական ուժերը համախմբվում ԲՀԿ-ի շուրջ: Հետաքրքիր է»:

Մեր հարցին՝ իշխանությունը չի՞ զգում իշխանափոխության վտանգ՝ Արտակ Դավթյանը պատասխանեց. «Ի՞նչ է նշանակում իշխանափոխություն: Այսպես թե այնպես ցանկացած ընտրություն ենթադրում է իշխանափոխություն: Եկեք  բռնի ուժն ի սկզբանե բացառենք: Բռնի ուժով ոչինչ էլ տեղի չի ունենա: Եվ եթե ինչ-ինչ պրոցեսներ են ընթանում, միեւնույն է, իշխանությունների ձեւավորումն անպայման պիտի լինի ընտրությունների միջոցով: Ինչո՞ւ պիտի վախենա այս իշխանությունը, ի՞նչ է մեզ պիտի սրի՞ քաշեն, հա՞»:

Մեր դիտարկմանը, որ ուղղակի աթոռներից կզրկվեք՝ Արտակ Դավթյանը շատ հանգիստ ընդունեց դա. «Այդ աթոռը որեւէ մեկն իր տնից չի բերել: Այդ աթոռներն այսպես թե այնպես ժամանակ առ ժամանակ, միեւնույն է, համենայնդեպս տերերի առումով պիտի փոփոխություններ լինեն»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031