Երեկ ամփոփվեց «Հայ ֆեստ» միջազգային թատերական 12-րդ փառատոնը, որի արդյունքները գոհացնում են փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանին: Ունեցել են գեղարվեստական բարձր արժանիքներով ներկայացումներ, որոնք սիրով են ընդունվել հանդիսատեսի կողմից. «Այս տարի հատկապես սիրվեցին «Ջուրը`գդալ-գդալ» ներկայացումը (հայ-ամերիկյան համատեղ թատերական նախագիծ), «ԱրտևՇոք» թատրոնի (Ղազախստան) «Պուշկին stand-up», «Լայվինգ փիքչըրս» թատրոնի (Մեծ Բրիտանիա) «Խելագարի հիշատակարանը», Վահան Բադալյանի «Մի լքիր ինձ» պարային ներկայացումը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Թմկաբերդի առումը», «Միհր» թատրոնի «Ճանճը» և այլն,- ասաց Ա. Ղուկասյանը:
Հիշեցնենք, որ «Փառատոնային իրարանցում» խորագիրը կրող «Հայ ֆեստ» թատերական փառատոնին այս տարի հյուրընկալվել էր 18 երկրից ժամանած 200 մասնակից և հյուր, որոնց թվում՝ հեղինակավոր արվեստագետներ, արտմենեջերներ, միջազգային փառատոների նախագահներ, թատերագետներ` Մեծ Բրիտանիայից, ԱՄՆ-ից, Ֆրանսիայից, Իտալիայից, Ավստրիայից, Ֆինլանդիայից, Ռուսաստանից, Իրանից, Վրաստանից և այլ երկրներից:
Հոկտեմբերի 1-8-ը երևանյան 10 բեմահարթակներում ցուցադրվեց ավելի քան 50 ներկայացում՝ դրամատիկական, երաժշտական, պարային, իրերի, տիկնիկային, ինչպես նաև բացօթյա ներկայացումներ: Ի դեպ, փառատոնն այս տարի 4 պրեմիերա է ունեցել:
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ անցկացվող փառատոնի բացումը տեղի ունեցավ Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում՝ հունգարական «Լիվինգ փիքչըրս» թատրոնի «Կենդանի մակերես» մուլտիմեդիա ներկայացմամբ:
Կարդացեք նաև
«Մեկ շաբաթ շարունակ մենք ականատես եղանք հրաշալի թատերական հրավառության, հաղորդակից դարձանք աշխարհում ընդունված թատերական արվեստի զարգացման միտումներին, զգացինք ժամանակակից թատերարվեստի զարկերակը»,- ասում է ՀՀ մշակույթի նախարարության Ժամանակակից արվեստի վարչության պետի տեղակալ Արամ Գյուրջյանը:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ