2014 թվականի հոկտեմբերի 8-ին ՀՀ Վայոց ձորի մարզ էին այցելել Լեհաստանի Հանրապետության առաջին տիկին Աննա Կամարովսկայան և նրան ուղեկցող պատվիրակության անդամները: Արենի գյուղի մոտ Լեհաստանի առաջին տիկնոջը աղ ու հացով դիմավորեցին Արենի համայնքի պարի խմբի սաները, ՀՀ Վայոց ձորի մարզպետ Էդգար Ղազարյանը՝ տիկնոջ՝ Մարիաննա Ղազարյանի հետ: Մարզպետի ուղեկցությամբ հյուրերն այցելեցին ԱՐԵՆԻ-1 հնագիտական քարանձավ, որտեղ մասնագետների կողմից նրանց ներկայացվեցին քարանձավում կատարված պեղումների արդյունքները: Այնուհետև հյուրերը եղան Նորավանքի վանական համալիրում, որտեղ Տեր Սահակ քահանա Մարտիրոսյանը ներկայացրեց Նորավանքի պատմությունը:
Նորավանքի տարածքում գտնվող Մոմիկի թանգարանում հյուրերը ծանոթացան միջնադարյան հայ ճարտարապետության և մանրանկարչության պատմությանը: Այցի ավարտին Տիկին Կամարովսկայան և նրան ուղեկցող պատվիրակության անդամներն այցելեցին Արենի գինու գործարան, ծանոթացան լավաշի պատրաստման արարողությանը, համտեսեցին Վայոց ձորում արտադրված գինիները և ունկնդրեցին Եղեգնաձորի երաժշտական դպրոցի կողմից պատրաստված հայ-լեհական փոքրիկ համերգային ծրագիրը:
Վայոց ձորի մարզպետարան