ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանի, ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախի եւ ԵՎՕԿ-ի նախագահ Պատրիկ Հիգեի համատեղ ասուլիսում մարզական լրագրողները ՀԱՕԿ-ի նախագահին հարցրին, թե մարզական հասարակայնությանը հետաքրքրում է` 2015 թվականին Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերին մեր մարզիկները մասնակցելո՞ւ են եւ այդ հարցով Պարոն Ծառուկյանն ի՞նչ քննարկումներ է ունեցել բարձրաստիճան հյուրերի հետ:
«Ես որպես ՄՕԿ-ի անդամ համաձայն եմ, որ մեր մարզիկները մասնակցեն այդ խաղերին, քանի որ մենք ունենք շատ լավ մարզիկներ, որոնք պատրաստ են ցանկացած երկրում մասնակցել մրցումների եւ մեր պատիվը բարձր պահել: Բայց քանի որ շատ լուրջ ու ցավոտ հարցեր էլ կան, ես պետք է մեր մարզիկների, մարզիչների, հանրության հետ քննարկումներ անեմ, որ կարողանանք վերջնական, կոնսուլտացված որոշում կայացնել: Եվ ուզում եմ այս հարցով դիմել Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին, որպեսզի նա անձամբ տեղյակ պահի Ադրբեջանի ԱՕԿ-ի նախագահին, իմ գործընկերոջը, որ սպորտը միշտ եղել է խաղաղության, համերաշխության դեսպան, որ հարեւան երկրները պետք է կարողանան իրենց խնդիրները լուծել խաղաղ, բանակցային կարգով», – պատասխանեց Գագիկ Ծառուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ