Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրահավաքի նախաշեմին եռյակն օրակարգ չունի

Հոկտեմբեր 09,2014 16:45

12 կետերին կառավարության պատասխանները
եւ ԲՀԿ-ի «սակարկությունները»

«ԲՀԿ-ն սպառնում է հանրահավաքով ձեւավորել օրակարգը, եւ պատահական չէ, որ ԲՀԿ-ի խոսնակները տարբեր հանրահավաքներում խոսում են ժողովրդի պահանջին ընդառաջ գնալու մասին` լավ իմանալով, որ ժողովրդի մեջ կլինեն իշխանափոխության պահանջների վերաբերյալ վանկարկումներ: ԲՀԿ-ն, հավանաբար, վերջին նախազգուշացումներն է ուղարկում ՀՀԿ-ին, որ եթե իր հետ չքննարկի որոշ հարցեր, ապա ինքը հոկտեմբերի 10-ից սկիզբ կդնի այդ օրակարգի ամբողջացմանը»,- «Առավոտի» հետ զրույցում կարծիք հայտնեց Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստեփան Սաֆարյանը` անդրադառնալով եռյակի` ԲՀԿ, ՀԱԿ եւ «Ժառանգություն», նախահանրահավաքային ակտիվությանը: Նա համամիտ է դիտարկմանը, որ այս առումով թերեւս կարելի է փաստել, որ հանրահավաքի նախաշեմին եռյակն օրակարգ չունի: Որ հանրահավաքից առաջ եռյակն օրակարգ չունի` ուղղակիորեն ապացուցում են նաեւ այն պարբերական քննարկումները, որոնք տեղի են ունենում եռյակում, բայց որոնց արդյունքում այդպես էլ դեռ որեւէ հստակություն չկա: Հուսանք, որ գոնե հանրահավաքի օրը` հոկտեմբերի 10-ին, հստակություն եւ համաձայնություն կլինի հանրահավաք նախաձեռնած ուժերի օրակարգում:

Բանն այն է, որ ամբողջ ամռան ընթացքում այն ժամանակ դեռ քառյակը` ԲՀԿ, ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն», իր գոյությունը եւ ակտիվությունը պահպանեց 12 կետերի շնորհիվ, որոնք ուղղվեցին կառավարությանը` իմպերատիվ կատարողականի պահանջով: Դրանք, ըստ նախնական հայտարարությունների, պետք է լինեին հանրահավաքի օրակարգային հարցերը, բայց վերջին շրջանում 12 կետերը եռյակ դարձած քառյակի համար կարծես մի տեսակ երկրորդական են դարձել, ավելի քիչ են հիշվում կամ շեշտադրվում: Անգամ կառավարության պատասխաններին այդ կետերին եռյակում մի տեսակ «մատների արանքով» նայեցին: Եթե ԲՀԿ-ում կամ «Ժառանգությունում» թռուցիկ էին ծանոթացել կառավարության պատասխաններին, ՀԱԿ-ում անգամ դա էլ չէին արել: Համենայնդեպս, Tert.am-ի հետ զրույցում Հայ ազգային կոնգրես խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը թեեւ նշել էր, որ կառավարության պատասխանին չի ծանոթացել, բայց ավելացրել էր, որ իրենք ունեն իրենց վերլուծությունը, ըստ որի՝ կառավարությունն իրենց առաջ քաշած պահանջները չի կատարել. «Մենք վերլուծել ենք եւ ունենք փաստաթուղթ կատարողականի վերաբերյալ. նշված կետերը չեն լուծվել»: Որ կառավարության պատասխաններն էլ միանշանակ ու հստակ չէին, հաճախ քողարկված՝ դա այլ խոսակցության թեմա է: Բայց կառավարությունը, միաժամանակ, բավական մանրակրկիտ էր անդրադարձել 12 կետերին, դրանցից որոշների դեպքում, մասնավորաբար՝ գյուղատնտեսության եւ հարկային քաղաքականության ոլորտում առաջարկվող բարեփոխումների մասով նշված էր, որ դրանք ներառված են կառավարության ծրագրում, մասամբ նույնիսկ կիրառվում են, ընդդիմությանը վերահսկողական լծակներ, ընդդիմության մասին օրենքի եւ այլն, հստակեցրել էին, որ պատրաստ են քննարկումների: Մինչդեռ պարզվում է, որ եռյակի գործիչներին կառավարության պատասխանն այդքան էլ հետաքրքիր չէր: Մեծ հաշվով՝ գուցե նաեւ պետք էլ չէր: 12 պահանջներն, ըստ էության, կատարեցին իրենց առաքելությունը` ամբողջ ամռան ընթացքում հանրությանը սնուցելով թեժ աշնան սպասելիքներով:

Ստեփան Սաֆարյանը համամիտ է՝ սա խոսում է այն մասին, որ եռյակը հոկտեմբերի 10-ի հանրահավաքին ընդառաջ զբաղված էր քաղաքական ակտիվության իմիտացիայով: «Իրավացի եք, ամբողջ ամառվա ընթացքում նույն 12 կետերը եկան ապացուցելու, որ իշխանափոխության խնդիրը բոլորի համար ընդհանուր չէ, դրանից խոսում էին միայն ՀԱԿ-ն ու «Ժառանգությունը»: Եթե իշխանափոխությունը լիներ ընդհանուր կետ, ապա օրակարգում 12 պահանջները չէին հայտնվի, բոլորովին այլ բան կլիներ: ԲՀԿ-ն, դնելով 12 կետերը, հասկացրեց, որ իշխանափոխության հարցն օրակարգից դուրս է»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ հիմա, երբ քննարկվելու է նաեւ Հայաստանի` Եվրասիական տնտեսական միությանն անդամակցության խնդիրը, ԲՀԿ-ն հասկացնում է, որ ինքը կարող է վերցնել իր օրակարգում այն խնդիրը, որը ամիսներ շարունակ չի վերցրել. «Այսինքն՝ ԲՀԿ-ից է կախված եռյակի օրակարգի ամբողջացումը: Այս առումով, այո, ԲՀԿ-ն շանտաժի միջոցով մոտենում է այդ խնդիրը վերցնելուն եւ օրակարգը փակելուն: ԲՀԿ-ում հասկանում են, որ հիմա Հայաստանի վրա նաեւ Կրեմլից են հնարավոր ճնշումները, իշխանությունը թուլացած է, ու որպեսզի իշխանությունն այլ խնդիրներ չունենա, ստիպված կլինի իր հետ գնալ սակարկության»:

Ստեփան Սաֆարյանի համոզմամբ՝ դա էր ապացուցում նաեւ վանաձորյան հանրահավաքում ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն այն մասին, որ «այս իշխանությունը երկիրը հասցրել է փակուղի, եւ այս իշխանությունը պիտի հեռանա. սա է մեր միասնական օրակարգը», ու դրան հետեւած Ստեփան Մարգարյանի հստակեցումները, որ` «Իշխանափոխություն է այն, որ մենք դեմ ենք Սահմանադրության փոփոխությանը, որը որ թույլ չի տալիս իշխանություններին վերարտադրվելու: Հայաստանում իշխանությունը փոխվելու է. դա մենք միշտ ասել ենք, այդպիսին է մեր Սահմանադրությունը: Մենք գործ ունենք գնացող նախագահի հետ, մենք գործ ունենք նախագահի հետ գնացող իշխանության հետ: Եթե ոչինչ էլ չպատահի, ժամկետը լրանում է, եւ գնում է իշխանությունը: Դա փոխվելու է: Դա նշանակում է՝ եթե մենք սահմանադրական փոփոխությունները թույլ չենք տալիս, ապա իշխանափոխությունը երկրում լինում է՝ այսպես, թե այնպես: Այսինքն՝ իշխանափոխությունը՝ արտահերթ կամ ոչ արտահերթ՝ հերթական, երկրում անպայման լինելու է»:

Ստեփան Սաֆարյանը կարծում է, որ եռյակ-քառյակի վերջին ամիսներին ծավալած գործունեությունից ակնհայտ է դառնում, որ հանրահավաքի նախաշեմին քառյակ-եռյակի ներսից երկու տեսակի ուղերձներ են հնչում` իշխանությանը սպառնացող եւ հանգստացնող: «Ստեփան Մարգարյանի հարցազրույցը չափազանց հետաքրքիր է այն առումով, որ բավականին թափանցիկ հասկացնում է, որ այն, ինչ հիմա անում է ԲՀԿ-ն` եռյակով, նպատակ ունի քննարկումների դաշտ բացել ՀՀԿ-ի հետ` հեռանալու եւ իշխանությունը փոխանցելու վերաբերյալ: Խոսքը ոչ այնքան արտահերթ ընտրություններին է վերաբերում, որքան հերթականին: Այսինքն՝ խորհրդարանական ընտրություններից երեք տարի առաջ ԲՀԿ-ն ուզում է հավաստիացումներ ստանալ ՀՀԿ-ից, թե ում է թողնելու իշխանությունները: Հետեւաբար, այդ սարսափեցումները` ԲՀԿ-ի եւ իր գործընկերների շուրթերով, նաեւ հստակ ուղերձ են, որ ԲՀԿ-ն սպասում է այդ հարցի պատասխանին: Դա շատ կարեւոր է դառնում այն հարթության մեջ, երբ 2013-ին ԲՀԿ-ն չմասնակցեց նախագահական ընտրություններին` չխանգարելով ՀՀԿ-ին, բայց այժմ հստակ ասում է, որ 2017-18 թվականների ընտրափուլերով հավակնություններ ունի իշխանությունը վերցնելու»:

Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականի նախաշեմին, երբ հայտարարվեց մայիսյան՝ հետագայում այդպես էլ չկայացած հանրահավաքի մասին, ԲՀԿ-ական Վահան Բաբայանը բարիկադների կոչեր էր անում: Հետո Ստեփան Մարգարյանը կրկին սկսեց բացատրություններ տալ, որ իր գործընկերոջը ճիշտ չեն հասկացել: «Այնպես որ՝ սա արդեն ձեռագիր է դարձել: Ստեփան Մարգարյանի հարցազրույցը ցույց է տալիս, որ ԲՀԿ-ն այս ամենն անում է, չասեմ՝ սակարկության, բայց ՀՀԿ-ի հետ քննարկման դաշտը բացելու համար»,- գտնում է մեր զրուցակիցը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
09.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031