Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Նոր օրենքով կնվազի աշխատող կանանց հղիության եւ ծննդաբերության նպաստի չափը

Հոկտեմբեր 09,2014 15:13

Սոցիալական ապահովության պետական ծառայության պետի տեղակալ Սմբատ Սաիյանը այսօր «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում անդրադառնալով «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշմանը` նշեց, որ ներկայումս 13000 կին ստանում է հղիության եւ ծննդաբերության նպաստ եւ նախատեսվում է ընդլայնել եւ վճարել շուրջ 30 հազար չաշխատող կանանց եւս։

Նշենք, որ օրենքով առաջարկվում է հղիության եւ ծննդաբերության նպաստը անվանել մայրության նպաստ, իսկ 2016 թվականից սկսած՝ այն նաեւ սկսել վճարել չաշխատող կանանց՝ հղիության եւ ծննդաբերության արձակուրդի 140 օրվա համար։

Սմբատ Սաիյանը տեղեկացրեց, որ օրենքի համաձայն՝ չաշխատող կանանց տրվող նպաստը նախատեսվում է հաշվարկել նվազագույն աշխատավարձից. «Արդյունքում չաշխատող կինը կստանա 275 հազար դրամ՝ հաշվարկելով այն, որ 2016-ից նվազագույն աշխատավարձը կլինի 80 հազար։ Այս պարագայում 2016 թվականին բյուջեի ծախսերը կավելանան շուրջ 11 միլիարդ դրամով»։

Ըստ պրն Սաիյանի՝ Ժամանակավոր անաշխատունակության ոլորտում իրավակարգավորումների արդյունքում նվազել է ժամանակավոր անաշխատունակության նպաստների ուղղությամբ կատարվող ծախսերի արդյունավետությունը. «Խնդիրն այն է, որ գործող օրենքի համաձայն՝ անձը անգամ մեկ-երկու ամիս աշխատելուց հետո կարող է ստանալ այս նպաստը 100 տոկոսով, եւ այս պարագայում տալ 15-ից 20 միլիոն դրամ, մեր նման երկրների համար ուղղակի շռայլություն է մի անձի հաշվով։ Այս հանգամանքը հաշվի առնելով՝ առաջարկվում է սահմանափակել նպաստների համար տրվող միջին ամսական աշխատավարձի չափը եւ դա փոխկապակցել աշխատանքային ստաժի հետ»։ Այսպիսով, նոր օրենքի համաձայն, եթե աշխատանքային ստաժի տեւողությունը 1 օրացուցային տարուց պակաս է, ապա հաշվարկը կատարվում է միջին ամսական աշխատավարձի 40 տոկոսից, եթե 1-3 օրացուցային տարի է, ապա հաշվարկը կատարվում է 60 տոկոսից, իսկ եթե 3 տարուց ավելի է, ապա հաշվարկը կատարվում է 80 տոկոսից։ Նվազագույն աշխատավարձի չափով նպաստ է նաեւ տրվելու չաշխատող կանանց։

Բանախոսի պնդմամբ՝ այս ձեւակերպումը համահունչ է միջազգային չափանիշներին։

Հարցին, թե ինչու է աշխատող կանանց աշխատավարձերից կրճատումների հաշվին տրվելու չաշխատող կանանց նպաստը, բանախոսը պատասխանեց, որ խնդիրը նրանում է, որ ռեսուրսները սահմանափակ են։ Նաեւ հավելեց, որ աշխարհում չկա մի երկիր, որտեղ անաշխատունակության նպաստը կազմի հարյուր տոկոս. «Մեր պարագայում դա աննախադեպ է։ Օրինակ, այս տարվա տվյալների համաձայն՝ 8500 նպաստ ստացողներից 1500-ը աշխատանքի են անցել ծննդաբերությունից երկու, երեք ամիս առաջ, հենց այս պատճառով օրենքում մշակվել է հետեւյալ դրույթը»։

Նաեւ լուրեր էին շրջանառվում, որ կառավարության նախաձեռնած օրենսդրական փոփոխությամբ նախատեսվում է կրճատել երեխայի խնամքի նպաստի տեւողությունը՝ մինչեւ երեխայի մեկ տարին լրանալը, այն դեպքում, երբ այսօր նպաստը տրվում է մինչեւ երեխայի 2 տարին լրանալը: Բանախոսը վստահեցրեց, որ նման բան չկա եւ դա զուտ եղել է առաջարկություն. «Ժամկետի կրճատում չի նախատեսվում»։

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031