Մեկ օրից Ազատության հրապարակում տեղի կունենա ոչ իշխանական եռյակի` ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի և «Ժառանգության» համատեղ եզրափակիչ հանրահավաքը: Ոչ իշխանականներն արդեն հասցրել են լինել ՀՀ մարզերում: Նախապես հայտարարվեց, թե իշխանափոխություն են պահանջում, հետո հստակեցվեց, թե ՀՀ նախագահի` Սերժ Սարգսյանի հրաժարականը չեն պահանջելու: Օրեցօր սպասվում է, թե եռյակը երբ կհստակեցնի ընդհանրապես իր գործունեության և մասնավորապես հոկտեմբերի 10-ի օրակարգը, սակայն, դեռ անորոշություն է:
Aravot.am-ի հետ զրույցում իրավաբան Նորայր Նորիկյանը նշեց, թե ինքն էլ այս հարցերում «դեռ որոշակիություն չի տեսնում»: Նա նկատեց. «Եռյակ-քառյակ, դրանք ընդամենը տարրեր են քաղաքականության մեջ: Երբ հստակ ձևակերպեն իրենց քաղաքական օրակարգը, լրջացնեն և հստակեցնեն իրենց դիրքորոշումը, այն ժամանակ մեզ համար էլ պարզ կլինի, թե ինչ է ուզում և ակնկալում եռյակը հասարակությունից և իշխանության հետ իր հարաբերություններն ինչպես է դրսևորում»:
Փաստաբանը ոչ իշխանականների գործողություններում հակասական տարրեր է տեսնում ու որպես համեմատություն նշում. «Եռյակի գործողություններում նույն սենյակում տարբեր երաժշտություն է հնչում: Այս պահին նույն օպերայում են, բայց նայում են տարբեր պատուհաններից»:
Մեր հարցին` ՀԱԿ-ի կողմից բարոյակա՞ն է ԲՀԿ-ի հետ նույն հարթակից իշխանափոխության կոչեր անելը, հենց միայն հաշվի առնելով այն հանգամանքը, որ 2008-ի մարտի 1-ին Գագիկ Ծառուկյանի թիկնապահներն էլ են եղել Ազատության հրապարակում, պարոն Նորիկյանը պատասխանեց. «Ձեր հարցի պատասխանը հասարակությունն է տվել: ՀԱԿ-ում կան բարոյական, շատ լավ ճանապարհ անցած մարդիկ, ԲՀԿ-ի մեջ էլ կան նորմալ մարդիկ, բայց երբեք չպետք է մոռանալ մարդկանց անցած ճանապարհը, և 2008-ը շատերի համար ջրբաժան է: Կան անձեռնմխելի էջեր, որոնց դիպչելու բարոյական իրավունք ոչ ոք չունի: Բայց տեսնում եմ հարցազրույցներ, որոնք նենգորեն սրբագրում են մեր պատմությունը: ՀԱԿ-ի գործունեության գնահատականը տվել է հենց ինքը`ՀԱԿ-ի այսօրվա կարգավիճակը»:
Կարդացեք նաև
Փաստաբանի կարծիքով` «ՀՀ քաղաքացին միշտ պետք է դժգոհ լինի, որպեսզի իշխանությունն իրեն պարտավորված և զսպված զգա», իսկ հանրահավաքների հետ մարդիկ ընդհանրապես հույսեր չեն կապում, այլ դրանք ազդակ են նրանց սոցիալական խնդիրների բարձրացման առումով: Ոչ իշխանականներն էլ այդ խնդիրներին հաղորդել են «քաղաքական ընդգծումներ»:
Պարոն Նորիկյանը ուշադրություն հրավիրեց մի կարևոր հանգամանքի վրա. «Համենայն դեպս այս միջավայրում այսպիսի համաձուլվածքից ես սպասելիքներ չունեմ: Ինձ համար տարօրինակ է այն, որ երբ անցյալ տարի նախագահական ընտրությունների ժամանակ Րաֆֆիին ՀԱԿ-ն իր ողջ անձնակազմով նսեմացնում էր, կամ 450.000 ձայն ուներ ԲՀԿ ղեկավարը, բայց թեկնածու չառաջադրեց նախագահական ընտրություններում: Այսօր այդ մարդիկ համագործակցում են: Այսինքն` պոստ ֆակտում` իրադարձություններից հետո ինչ-որ սցենար է մշակվում»:
Իրավաբանը դիմում է ոչ իշխանականներին. «Երբ խնդիր կար լուծելու օրինական դաշտում, նախագահական ընտրությունների ժամանակ հավաքվեիք. նո՞ր եք հասկանում, որ խնդիրներ կան, երկրում արտագաղթ կա, փոքր ու միջին բիզնեսը լուրջ վտանգի մեջ է, օրինականության հաստատման խնդիր կա: Վերջապես տարօրինակ է, երբ մարդիկ իշխանության կողքին և մեջ գտնվող անբարոյական կամ իսկապես կրիմինալ շերտին նկատում են, բայց իշխանությունից դուրս գտնվող նույն այդ շերտին հերոսացնում են: Անբարոյականությունը մնում է անբարոյականություն, կլինի իշխանությունում, թե ընդդիմության մեջ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ