Ժամանակակից օլիմպիական խաղերի հայաստանցի առաջին չեմպիոն Հրանտ Շահինյանի հուշարձանի բացման հանդիսավոր արարողության ավարտից հետո Aravot.am-ը ՀԱՕԿ-ի նախագահ Գագիկ Ծառուկյանից հետաքրքրվեց, թե օլիմպիական չեմպիոնների նոր արձաններ կառուցվելո՞ւ են:
«Հաջորդը լինելու է Ալբերտ Ազարյանի արձանը: Ես նրան ասել եմ ու արդեն հանձնարարել՝ զբաղվել արձանով: Բացումը կլինի հաջորդ տարի՝ Ալբերտ Ազարյանի անվան մարզադպրոցի բակում: Ես միշտ ասել եւ հիմա էլ կրկնում եմ. մեր չեմպիոններին պետք է կյանքի օրոք գնահատել ու մեծարել, որ նրանք երկար ապրեն: Իսկ մյուս օլիմպիական չեմպիոնների անուններով մենք մարզադպրոցներն ենք կոչում, որպեսզի երեխաները ճանաչեն նրանց, հպարտանան ու ցանկանան նմանվել մեր մարզական հերոսներին», – ասաց Գագիկ Ծառուկյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ