Լրահոս
Օրվա լրահոսը

Լույս է տեսել «Լռության գինը» գիրքը

Հոկտեմբեր 09,2014 13:25

Կենդանիների պաշտպանության միջազգային օրը (հոկտեմբերի 4), տեղի ունեցավ գրող, բլոգեր Առլեն Շահվերդյանի «Լռության գինը» նոր գրքի հեռուստաշնորհանդեսը Հայաստանի Հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվական» ծրագրի գլխավոր թողարկման ժամանակ:

«Լռության գինը» գիրքը լույս է ընծայվել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի (WWF-Հայաստան) ֆինանսական աջակցությամբ և մասնագիտական խորհրդատվությամբ: Այն նվիրված է կովկասյան ընձառյուծին, Հայաստանում խիստ հազվագյուտ և հրաշագեղ այս կենդանու պահպանությանն ուղղված WWF-Հայաստանի բազմամյա, օգտակար ու հետևողական ջանքերին, ինչպես նաև Հայաստանի պատմամշակութային ժառանգությանը:

Առլեն Շահվերդյան

Առլեն Շահվերդյան

«Լռության գինը» երկրորդ գիրքն է, որը լույս է ընծայվում WWF-Հայաստանի աջակցությամբ: Ընթերցողները հիշում են, որ առյուծ կենդանատեսակին նվիրված «Ապրելու իրավունք» վերնագրով Առլեն Շահվերդյանի նախորդ գիրքը, իր բովանդակային ընդգրկմամբ և բնապահպանական հարցադրումով արժանանալով Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղի ուշադրությանը, լույս տեսավ WWF-Հայաստանի ֆինանսական աջակցությամբ, 2011 թվականին: Գիրքը լայն արձագանք գտավ մասնագիտական շրջանակներում, ԶԼՄ-ներում, ընթերցասեր ու բնասեր հասարակության շրջանում: Այն նվիրաբերվեց մասնագիտական կառույցներին, կրթական հաստատություններին, գրանցվեց գրադարաններում, այդ թվում՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի գրադարանում:

«Լռության գինը» բնաճանաչողական և բնապահպանական բովանդակությամբ նոր գրքի առանցքում դարձյալ մարդ–բնություն ներդաշնակ հարաբերության կարևորումն է: Գրքում նշվում է բնության նկատմամբ հոգատար ու խոհեմ վերաբերմունքի խիստ անհրաժեշտությունը: Լռությունը, անտարբերությունը անպաշտպան են թողնում վայրի բնությանը, հաճախ լռության գինը վայրի բնության խաղաղ ու անվնաս գոյության վտանգումն է:

«Լռության գինը» գիրքը տպագրվել է «Սամարկ» տպագրատանը:

Հեղինակի համար հատկապես ուրախալի է, որ գրքի հանրահռչակումը տեղի ունեցավ Կենդանիների պաշտպանության միջազգային օրը, ինչը շատ խորհրդանշական էր իր համար՝ որպես նվիրյալ բնասեր գրողի:

«Լռության գինը» գիրքը ենթակա չէ վաճառքի, այն չունի կոմերցիոն նպատակ և որպես նվիրատվություն տրամադրվելու է մասնագիտական շրջանակներին, բնասերներին: Գրքի առցանց ամբողջական տարբերակը բաց տեղադրված է Առլեն Շահվերդյանի հեղինակային բլոգ-կայքում և հասանելի է բոլոր ընթերցասերներին: Գիրքը կարելի է գտնել նաև Հայաստանի ազգային գրադարանում և Երևանի Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանում:

Առլեն Շահվերդյան
Գրող, բլոգեր

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031