Լրահոս
Օրվա լրահոսը

Շրջանառության հարկ վճարողների համար կստեղծվեն նպաստավոր պայմաններ

Հոկտեմբեր 09,2014 13:12

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը:

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է երկարացնել օրենքի կիրառության անցումային դրույթների գործողության ժամկետը:

ՓՄՁ շահերը ներկայացնող ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկման արդյունքում պարզվել է, որ պարտադիր փաստաթղթավորման պահանջի ներդրմամբ ի հայտ են եկել մի շարք տեխնիկական խնդիրներ, որոնք պայմանավորված են ապրանքի գույքագրումը 10-օրյա ժամկետում ավարտելու օրենսդրական պահանջով: Մասնավորապես, առևտրական գործունեությամբ զբաղվող հարկ վճարողները դժվարանում են հաշվառել իրենց ապրանքի մնացորդը և տեղեկություն ներկայացնել հարկային մարմին, ուստի օրինագծով առաջարկվում է սահմանել ավելի երկար ժամկետ: Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունն ուղղված է առևտրական (առք ու վաճառքի) գործունեություն իրականացնող շրջանառության հարկ վճարողների հարկային բեռի նվազեցմանը և զուգահեռաբար՝ տնտեսությունում կատարվող գործարքների փաստաթղթավորման խնդրի լուծմանը:

Օրենքի նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:

ՀՀ կառավարության 2014թ. օգոստոսի 7-ի որոշմամբ հաստատվել է պետական ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովելու ծրագրով Երևանի Ադոնցի փողոցի N 6/1 հասցեում կառուցվող շենքային համալիրի բնակարանների վաճառքի կարգը՝ էսքիզային նախագծով նախատեսված բնակարանների դիրքերից ելնելով: Ծրագրի ֆինանսավորման վարկատու կազմակերպությունը՝ «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն, առաջարկել է կանխավճարի ավելի նվազ չափ՝ 20 տոկոսի փոխարեն 7,5 տոկոս, ինչպես նաև տոկոսի ավելի նվազ չափ՝ 10,5 տոկոսի փոխարեն 10 տոկոս: Այս փոփոխություններն արտացոլվել են կառավարության այսօրվա որոշման մեջ: Արձանագրելով, որ պայմաններն ավելի մատչելի են դարձել, փոխվարչապետ Արմեն Գևորգյանը կարևորել է որոշակի խմբերի քաղաքացիներին մատչելի բնակարանով ապահովելու ծրագրերի ընդլայնումն ու շահառուների թվի ավելացումը:

 
Հաշվարկվում են հիմնական կենսաթոշակի չափերը

 
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Պետական պաշտոն զբաղեցրած անձանց սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է աշխատանքային և զինվորական, ինչպես նաև պետական պաշտոն զբաղեցրած անձանց կենսաթոշակի դեպքում կիրառել հիմնական կենսաթոշակի առանձին չափ:

Կառավարությունը քննարկել է ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է Ազգային ժողովի պատգամավոր Էդմոն Մարուքյանը: Նրա առաջարկած փոփոխությունները պայմանավորված են ՀՀ սահմանադրական դատարանի որոշումներից երկուսի պահանջների կատարման անհրաժեշտությամբ: Կառավարությունն իր հերթին է հանդես եկել առաջարկություններով, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի պատգամավորի օրինագիծը:

Նիստում քննարկվել է ԱԺ պատգամավորներ Լյովա Խաչատրյանի և Աբրահամ Մանուկյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը հեղինակների կարծիքով միտված է ուսումնական հաստատությունների մանկավարժներին զերծ պահել քաղաքական գործընթացներից: Գործադիրն իր եզրակացությամբ մերժել է օրենքի լրացման անհրաժեշտությունը:

Նիստում քննարկվել է «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ: Նրանք առաջարկում են հստակեցնել և միջազգային կոնվենցիաներին համապատասխանեցնել գործող օրենքի 26-րդ հոդվածը, ինչին բացասական եզրակացություն է տվել կառավարությունը:

Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով:

 
Այլ որոշումներ

 
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի զեկուցումը ՀՀ կառավարության 2014թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման կատարման վերաբերյալ: 2014թ. հոկտեմբերի 6-ի տվյալով կատարվել են փաստաթղթի բոլոր 15 կետերը:

Կառավարությունն ընդունել է Կոտայքի մարզի Հանքավանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:

Կառավարության որոշմամբ Երևանի «Վագա-ֆարմ» ՍՊԸ-ին երեք տարով տրվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր:

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031