Լրահոս
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ զեկուցողին թույլ չեն տա մտնել Արցախի հանրապետություն. «Հայոց աշխարհ»

Հոկտեմբեր 09,2014 13:03

Հարցազրույց ԼՂՀ նախագահի մամլո խոսնակ ԴԱՎԻԹ ԲԱԲԱՅԱՆԻ հետ

-ԵԽԽՎ զեկույցի վերնագրում կա հստակ կանխակալ վերաբերմունք, այսինքն՝ դեռ ուսումնասիրությունը չսկսած՝ զեկույցի հեղինակը գալու է, որպեսզի «օկուպացված տարածքներում» ԼՂՀ կողմից իրականացված «բռնության սրացումներ» հայտնաբերի: Բնականաբար նման զեկույցից դժվար է անկողմնակալություն ակնկալելը: Ուրեմն ինչպե՞ս է Արցախը դիմավորելու նման նպատակով մեզ «հյուրընկալվող» ադրբեջանահաճ պատգամավորին:

-Կա երկու տարբերակ. նախ՝ գոյություն ունի պարտադիր արարողակարգ, համաձայն որի, եթե տվյալ անձը ուզում է ինչ-որ հետազոտություն իրականացնել, ապա պարտավոր է դիմել Արցախի Հանրապետության իշխանություններին ու ստանալ նրանց համաձայնությունը: Առանց որի անհնար կլինի նրա մուտքը Արցախ:

Երկրորդ՝ եթե զեկույցի բովանդակությունը շարադրվելու է վերնագրի տրամաբանությամբ, ապա շատ ավելի նպատակահարմար կլինի, որ ԵԽ ԽՎ պատգամավորը ուղիղ Բաքու գնա, քանի որ Ադրբեջանի ԱԳՆ-ում կամ նախագահի աշխատակազմում արդեն իսկ պատրաստված է հիշյալ զեկույցի տեքստը, թող վերցնի այն ու դրանով իր առաքելությունը համարի ավարտած: Քանի որ պատրաստի վիճակում զեկույցը ձեռք բերելը էժան կնստի, կտնտեսի Արցախ գալու ծախսերը, ու այդ տնտեսված գումարները եւս կդնի սեփական գրպանը:

– Ի դեպ, մեր պատվիրակության անդամ Նաիրա Զոհրաբյանը եւս ակնարկել էր, թե այդ զեկույցը վաղուց արդեն պատրաստ է, ու գրված է ոչ թե ԵԽ ԽՎ-ում, այլ Լոնդոնում՝ Ադրբեջանի Միլի մեջլիսի բլանկի վրա:

-Դրա համար էլ Արցախի Հանրապետությունը նման բովանդակությամբ զեկույց պատրաստող մարդուն թույլ չի տա մտնել Արցախ: Դա անհնարին բան է, սա կլինի հայհոյանք՝ ուղղված մեր անկախ պետությանը, դա կնշանակի մեր հայրենիքի ազատագրման համար զոհված հերոսների հիշատակի անարգում:

Ուրեմն թող բոլորի համար հստակ լինի, որ Արցախի Հանրապետությունը կաշառված անձանց հետ չի կարող գործ ունենալ: Այլ բան է, եթե ԵԽ ԽՎ-ն որոշի փոխել այդ զեկույցի տրամաբանությունը: Օրինակ, պատրաստի զեկույց չճանաչված պետությունների մասին, թե ինչպես են այդ երկրներում ընթանում պետականաշինության գործընթացները, կամ զեկույց Ադրբեջանի կողմից գործընթացները ապակայունացնելու մասին, որովհետեւ այս երկիրը մի կողմից ամեն օր խախտում է զինադադարը, մյուս կողմից՝ կաշառում եվրոպական կառույցներին ու հենց նրանց ներսից իրականացնում ահաբեկչություն Արցախի Հանրապետության դեմ:

Եթե ԵԽ ԽՎ-ն սրբագրի իր սխալը՝ փոխի զեկույցի տրամաբանությունը ու այդ մասին հրապարակավ հայտարարի, միայն այդ ժամանակ Արցախի Հանրապետությունը կքննարկի իրավիճակն ու կհայտարարի իր քաղաքական դիրքորոշման մասին:

Արմինե ՍԻՄՈՆՅԱՆ

Հարցազրույցն ամբողջությամբ՝ «Հայոց աշխարհ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031