Լրահոս
Օրվա լրահոսը

Եվ հաջորդում է անսահման հրճվանքը առ այն, որ որեւէ քաղաքական ուժ ի վիճակի չէ այս իրավիճակը փոխել. «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 09,2014 12:31

Ասենք՝ Հայաստանը մտնում է Եվրասիական միություն։ Պաշտոնյաներն այդ առթիվ ճառեր են արտասանում, ու եթե հերթապահ ֆրազները հանում ենք՝ տակը մնում է մի առանցքային միտք. Հայաստանի վիճակն այնքան վատ է, որ ընտրություն չունի եւ ստիպված է լինելու անդամակցել մի կառույցի, որտեղ վիճակն ավելի վատ է լինելու։ Եվ՝ հաջորդում է անսահման հրճվանքը։ Թե ինչի առթիվ՝ անհասկանալի է:

Կամ, ասենք, Սերժ Սարգսյանը ֆուտբոլային դիվանագիտություն է սկսում ու Հայաստան հրավիրում Թուրքիայի նախագահին։ Այդ առթիվ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի լույսերն են պատահաբար անջատվում (որ հանկարծ ստադիոնից չերեւա), այդ առթիվ ֆուտբոլի ֆեդերացիայի զինանշանի վրայից Արարատ լեռան պատկերն է ժամանակավորապես անհետանում, Սերժ Սարգսյանն էլ երեխայի պես հրճվում է, երբ Հայաստանի հավաքականի դարպասը գոլ են խփում, ու նրա հետ նրա բոլոր թիմակիցներն են հրճվում՝ տեսեք, թե ինչ լայնախոհ շեֆ ունենք, սենց որ գնա՝ Նոբելյան մրցանակ են տալու։

Հետո այդ նույն Սերժ Սարգսյանը այդ նույն Թուրքիային գրողի ծոցն է ուղարկում, ու թիմակիցները նույն եռանդով հրճվում են՝ տեսա՞ք ինչ «դուխով» ու վճռական շեֆ ունենք։

Ու նույնիսկ դաշնակցականներն են հրճվում։ Զուգահեռներ չենք անցկացնում, բայց պատկերացրեք՝ մեկը գնա աշխատանքի ընդունվի հասարակաց տանը, մի շաբաթ շարունակ թույլ տա, որ իր հետ ինչ ուզեն՝ անեն, հետո աշխատավարձ չտան, ու ինքն էլ ասի՝ գրողի ծոցը, թե չեք տալիս։ Կողքից էլ բոլորը հրճվեն՝ «ապրես, հալալ ա, այ տենց միշտ նամուսդ տեղը պահի, պետք չի էդ սրիկաներից փող վերցնել»։

Նույնն էլ ներքաղաքական զարգացումների դեպքում է։ Ի՞նչ են ասում իշխանությունների ներկայացուցիչները, իրենց մասին հիշեցնել ցանկացող քաղաքական գործիչները, «անկախ» լրատվամիջոցներն ու վերլուծաբանները, կորպորատիվներում օրվա հաց վաստակող մտավորականները եւ այլն։ Բոլորն անվերապահորեն ընդունում են, որ Հայաստանի վիճակը ծանր է, աղքատությունը համատարած է, օրենքները խեղդում են մարդկանց, երկիրը դատարկվում է, այսպես երկար շարունակվել չի կարող եւ այլն։ Եվ՝ հաջորդում է անսահման հրճվանքը առ այն, որ որեւէ քաղաքական ուժ ի վիճակի չէ այս իրավիճակը փոխել։ Ընդ որում՝ հրճվանքը թաքցնել չեն կարողանում, հրճվանքը հորդում է աչքերից։ Չէ՞ որ ինչքան լարվում է ներքաղաքական վիճակը՝ այնքան մեծանում է իրենց հրճվանքի գինը, հետեւաբար՝ շատ են վաստակում։

Մարկ ՆՇԱՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031