Լրահոս
Օրվա լրահոսը

Երեւանյան եւ Մոսկովյան ընդհանուր բիզնես հետաքրքրություններ ունեցող ընկերությունները հանդիպել են մեկ վայրում

Հոկտեմբեր 09,2014 12:25

Այսօր Երեւանում երկրորդ անգամ մեկնարկեց «Բիզնես-Մարաթոն 2014» ծրագիրը, որը նպատակ ունի աջակցել երկու մայրաքաղաքների` Երեւանի եւ Մոսկվայի գործարարների անմիջական առեւտրային հարաբերություններին եւ ամրապնդել երկու քաղաքների միջեւ տնտեսական հարաբերությունները:

Ֆորումին Մոսկվայից ժամանել են 10 ընկերություններ, որոնք հայկական ընկերությունների համար համատեղ աշխատելու տեսանկյունից որոշակի հետաքրքրություն են ներկայացնում: Ընկերությունները զբաղվում են շինարարական նյութերի, օդամաքրման համակարգերի, բժշկական սարքավորումների, կանանց հագուստի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության կառավարման համակարգերի եւ ավտոմատացման համակարգերի արտադրությամբ:

Ծրագրի աջակից` Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի տնօրեն Կարեն Մարտիրոսյանը մեզ հետ զրույցում, անդրադառնալով ծրագրին, նշեց, որ ֆորումի ընթացքում բիզնեսը բիզնեսի հետ առանձին բանակցություններ է վարում. «Հնարավորին չափ երկու երկրների մեջ ընդհանուր բիզնես հետաքրքրություններ պետք է գտնվեն: Մենք աջակցում ենք այս երկու երկրների այն բիզնեսին, որը փոքր է, շուկայում պահանջարկ ունի, սակայն բավարար հնարավորություններ չունի, որպեսզի սեփական ուժով կարողանա գտնել իր սպառողին»:

Մեր հարցին, թե ֆորումը ԵՏՄ անդամակցության հետ որեւէ կապ ունի՞, պրն Մարտիրոսյանը նշեց, որ այն ուղղակիորեն կապ չունի Հայաստան եւ ԵՏՄ հարաբերությունների հետ. «Սակայն, բնականաբար, եթե մենք հունվարի մեկից լինենք Մաքսային Միության տարածքում, սա կաջակցի նրան, որպեսզի այստեղ ներկայացված բիզնեսը կարողանա աշխատել այդ շուկայում շահավետ կերպով»:

Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության եւ գործարարության վարչության ղեկավարի տեղակալ Դմիտրի Կնյազեվն էլ լրագրողներին ներկայացրեց, որ մինչ ֆորումի մեկնարկը ծրագրին ի սկզբանե մասնակցում էին 20 ընկերություններ.

«Սակայն նրանք մնացել են 10-ը այն պատճառով, որ մինչ այդ նրանցից յուրաքանչյուրը նախորդ երկու ամիսների ընթացքում հատուկ ընտրության է անցել` Երեւանյան ընկերությունների հետ համագործակցելու համար: Եվ ահա այս 10 ընկերությունները, որոնք հետաքրքրում են Երեւանյան շուկային, կկարողանան բանակցություններ վարել Մոսկովյան ընկերությունների հետ»:

Ռուսաստանի դաշնության առեւտրային ներկայացուցիչ Հայաստանում Անդրեյ Բաբկոն առանձնացրեց այն հանգամանքը, որ շուտով Հայաստանի ԵՏՄ անդամակցությունից հետո հենց այս ֆորումին ներկայացված ընկերությունները կկարողանան իրենց ապրանքը իրացնել Ղազախստանում, Ռուսաստանում եւ Բելառուսում. «Մեր նպատակը ոչ միայն երկու երկրների գործարարներին ծանոթացնելն է, այլ նաեւ համաձայնագրերի ստորագրումն է»:

Ֆորումի առաջին օրվա ընթացքում գործարարները կհանդիպեն կլոր սեղանի շրջանակներում, իսկ երկրորդ օրը կսկսվի արդեն առեւտրային եւ արդյունաբերական համագործակցության մանրամասների քննարկումը:

Ծրագիրն իրականացվում է Մոսկվայի գիտության, արդյունաբերական քաղաքականության եւ գործարարության վարչության եւ Երեւանի առեւտրաարդյունաբերական պալատի աջակցությամբ:

Էլյա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031