«Անվիճելի է, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն կա»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Վարդան Այվազյանը: Նա հակադրվեց այն կարծիքներին, թե սահմանադրական բարեփոխումները անհրաժեշտ են սահմանադրական ճգնաժամի պարագայում, այնինչ պարոն Այվազյանը կարծում է, որ փոփոխությունների հիմքում պետք է դնել բացառապես գիտական մոտեցում:
Ըստ նրա՝ պետք է իրականացվի քաղաքացիական կոմպետենտության ազգային ծրագիրը, որը պետք է կազմեն իշխանությունները: Պարոն Այվազյանը նաև նկատեց, թե սահմանադրական փոփոխություններն առաջին անգամ իրականացվում են հայեցակարգային մոտեցմամբ:
Փաստաբան Նորայր Նորիկյանը հակառակ կարծիքը հայտնեց. «Այսօր արդարացված չէ իրականացնել սահմանադրական բարեփոխումներ, այն պահը չէ, որ մենք երկիրը վերածենք փորձարարության դաշտի, այդ փոփոխությունը միայն պիտի նախաձեռնվի նոր ընտրությունների անցկացումից հետո և այսօրվա քաղաքական համակարգից տարբերվող քաղաքական գաղափարաբանության պարագայում»:
Պարոն Նորիկյանին չի բավարարել իշխանությունների բերած պատճառաբանությունը, թե ինչու պետք է իրականացվեն սահմանադրական փոփոխություններ: Փաստաբանը վիճարկում է այն հարցը՝ արդյոք գործող Սահմանադրությունը այն վատ գործիքն է, որն իրեն սպառել է, որով պետք է ապահովել պետության զարգացում: Պարոն Նորիկյանի կարծիքով՝ կառավարման ցանկացած մոդելի պայմաններում էլ հնարավոր է ապահովել ժողովրդավարական պետություն: Ըստ նրա՝ խնդիրը քաղական կամքի մեջ է, որտեղ ունենք բազում բացասական խութեր:
Կարդացեք նաև
Փաստաբանը կարծում է, թե լավ կլիներ, որ իշխանությունը ներկայացներ հաշվետվություն, թե 1995-ից հետո Սահմանադրության կենսագործունեությունն ինչ աստիճան է ունեցել: Նորայր Նորիկյանն այս առիթով նկատեց. «1995-ին ընդունված Սահմանադրությունը երկիրը զերծ է պահել քաղաքական ճգնաժամերից, մի խնդիր չի եղել, որ Սահմանադրությունը չունենար լուծում և տաներ փակուղային իրավիճակի: Ակնհայտ է, որ 1995-ից հետո Սահմանադրության 2-րդ հոդվածը, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, հնարավոր և անհնար բոլոր մեթոդներով ոտնատակ է տրվել: Աղաղակող խախտումներով են անցել ընտրությունները, իշխանությունը մշտապես վերարտադրվել է, քաղաքական ընդդիմությունը երբևէ հաջողություն չի գրանցել: Ուստի այն ամենի ֆոնի վրա անցումը այլ կառավարման համակարգի, նշանակում է, որ մենք ապրում ենք կեղծ օրակարգերի երկրում: Խնդիրը Սահմանադրության մեջ չէ, այլ սահմանադրական նորմերը սրբորեն իրագործելու, որից մենք շատ հեռու ենք»:
Վարդան Այվազյանը պարզաբանեց, թե այս Սահմանադրության պայմաններում, եթե նախագահը Սերժ Սարգսյանը չէ, երկիրը հայտնվելու է քաղաքական ճգնաժամի մեջ. «Եթե նախագահական ընտրություններում ընտրվի ոչ թե Սերժ Սարգսյանը, այլ մեկ այլ թեկնածու, խորը ճգնաժամի մեջ էինք ընդգրկվելու: Այդ անձն իր թիմից նշանակելու է վարչապետ և կառավարություն, հետո ՀՀԿ-ական մեծամասնություն ունեցող ԱԺ-ն չէր հաստատի այդ կազմը և կառավարությունը պետք է հրաժարական տար: Կամ էլ խորհրդարանական մեծամասնությունը կառավարության կազմը հաստատում է, հետո տասը օրվա ընթացքում անվստահություն հայտնում: Ու այս ցիկլը կրկնվելու էր անընդհատ»:
Նորայր Նորիկյանն ասաց, թե սահմանադրական փոփոխությունների հիմքում տեսնում է քաղաքական դրդապատճառներ: Aravot.am-ը հետաքրքրվեց՝ արդյոք այդ դրդապատճառներից մեկն էլ Սերժ Սարգսյանի՝ ԱԺ նախագահի պաշտոնում հետագայում վերարտադրվելու հա՞րցն է, պարոն Նորիկյանը պատասխանեց. «Ես չեմ էլ բացառում նաև այդ շարժառիթը կարող է աշխատել»:
Վարդան Այվազյանը նույն հարցի վերաբերյալ ասաց. «Սահմանադրությունը իշխանության վերարտադրման հետ որևէ կապ չունի: Եթե ընտրությունները պիտի կեղծվեն՝ ի՞նչ տարբերություն՝ խորհրդարանական համակարգ է, թե՝ կիսանախագահական»:
Տաթև ՀԱՐՈԻԹՅՈՒՆՅԱՆ