Լրահոս
Օրվա լրահոսը

«Հիշո՞ւմ եք մի վարչապետ ունեինք` Գյումրին նավահանգիստ դարձնելու պրոյեկտի սիրահար». Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

Հոկտեմբեր 09,2014 12:10

Գյումրու հանրահավաքում Լևոն Զուրաբյանը ևս անդրադարձավ գյումրեցիների համար խիստ ցավոտ թեմայի. այն է` անօթևանության խնդրին ու արտագաղթին:

Նա նշեց, որ ամեն անգամ Գյումրի գալով ցավ է ապրում, տեսնում է, որ այս քաղաքը դեռ աղետի գոտի է: Սակայն, ըստ նրա, իշխանությունները իրենց գործունեության արդյունքում աղետի գոտի են դարձրել ողջ Հայաստանը: «Չնայած 70 անգամ իշխանությունները ասացին, որ Գյումրին այլևս աղետի գոտի չէ, ապրում է նորմալ կյանքով, դա այդպես չէ, նորից գալիս և տեսնում ենք անօթևան մարդկանց, անկման նշաններ, աղքատություն: Գյումրիում դեռ 1200 անօթևան մարդ կա, բայց իշխանությունները չգիտես ինչի ընդունում են միայն 430 իրավունքները: Դա քիչ է, իսկ բնակարան պատրաստ են տրամադրել միայն 192 մարդու: Սա ի՞նչ է նշանակում, սա ի՞նչ իշխանություններ են:

Էսքան ժամանակ խոսեցին էն մասին, որ Գյումրին այլևս աղետի գոտի չէ, և ես հիմա ստիպված եմ էս իշխանությունների հետ համաձայնել. Գյումրին չէ աղետի գոտի, էս իշխանությունների գործունեության հետևանքով այսօր աղետի գոտի դարձել է ամբողջ Հայաստանը: Գիտեք, ապշեցուցիչ բաներ են պատմում, ես իսկապես ցավում եմ. Գյումրիում 7 բնակարաններից երևի 3-ում է մարդ մնացել, 4–ը դատարկ է; Գյուղերում դատարկություն…տները փակվում են, գյուղեր կան, որ լիովին փակված են տները, հիմա ինչ-որ նոր հասկացություն է. խաչփայտերը կպցնում են պատուհանների վրա, թողնում են, գնում են: Չգիտեմ էլ երբ կվերադառնան կամ ընդհանրապես կվերադառնա՞ն: Սա ի՞նչ է, մոնղոլ-թաթարական արշավա՞նք է, ի՞նչ է, ինչի՞ են մարդիկ փախչում հայրենիքից»:

Լևոն Զուրաբյանը անդրադարձավ նաև ժողովրդի` վարկերի, տոկոսների տակ գտնվելուն, նա ասաց, որ դա հատուկ ծրագիր է: Ըստ նրա, իշխանությունները չեն ուզում, որ Հայաստանի գյուղացին լինի բարեկեցիկ, արժանապատիվ, ուզում են, որ նրանց հողերը իրենցով անեն: Գյուղացիները թողնեն, գնան, հետո երբ վերադառնան, արդեն պատգամավորներին, իշխանավորներին անցած հողերում աշխատեն որպես ստրուկ, բատրակ:

Ըստ Լևոն Զուրաբյանի, իրենք իշխանությանը առաջարկել են 5 տարով չգանձել տոկոսները, կառավարությունը այդ բեռը վերցնի իր վրա, սակայն անարձագանք է մնացել:

Լևոն Զուրաբյանը անդրադարձավ նաև նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին: «Մի հատ վարչապետ ունեինք` Տիգրան Սարգսյան, հիշո՞ւմ եք, իրան շատ խելոք կարծող, պատկերացնող… Գյումրին նավահանգիստ դարձնելու պրոյեկտի սիրահար վարչապետը անգամ չէր դիմացել, մի թերթի անկեղծացել, ասել էր ` բա էս արտագաղթի դեմը ինչի՞ առնենք, որ մնան հեղափոխություն անե՞ն երկրում: Այսինքն, սրանք իսկապես ծրագիր ունեն, նրանք չեն ուզում, որ ունեն մարդիկ բարեկեցիկ կյանքով ապրեն Հայաստանում, նրանք ուզում են , որ ինչ-որ մի մասը հեռանա, մյուսը մասն է լ դառնա ստրուկ և իրենց թալանեն»:

Նաանդրադարձավ նաև կուտակային ռեֆորմին` նշելով, որ մարդկանցից վերցնում են չեղած փողերի 5 տոկոսը, որ 40 տարի հետո վերադարձնեն, բայց ինչպես կարելի է հավատել «էդ բանդիտներին»: Լևոն Զուրաբյանը կոչ արեց ազատվել «անպարկեշտ ու բանդիտ մարդկանց հավաքածուից»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031