2011թ. հունիսի 29-ին ՀՀ ՊՆ N զորամասին հարակից անտառում հայտնաբերվել էր ժամկետային զինծառայող Տիգրան Համբարձումյանի դին՝ դեմքի եւ պարանոցի փափուկ հյուսվածքների բացակայությամբ։ Ավելի քան 3 տարի ընթացող քննությունից հետո՝ 2014 թ սկզբին, գործը կարճվեց։ «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ 3 տարի շարունակ առաջ է քաշվել ինքնասպանության վարկածը, եւ միայն այս տարի է քննչական վարչությանը համոզվել, որ Տիգրանի ինքնասպանության մեջ մեղավոր անձինք չկան։
«Ժողովուրդ»-ի հետ զրույցում, վերհիշելով տարիներ առաջ տեղի ունեցածը, Նորաբաց համայնքի ղեկավար Գալուստ Գալստյանը նշեց, որ Տիգրանը Նորաբացի այն երիտասարդներից մեկն էր, ով ոչ մի խնդիր չուներ ընկերական շրջապատում կամ առհասարակ համագյուղացիների հետ։ Համայնքապետը վստահ է, որ Տիգրանի ծնողներն իրավացի են՝ պնդելով, որ իրենց որդին երբեւէ ինքնասպանության չէր դիմի։
Մամուլում տարածված լուրերի համաձայն՝ ծնողներն իրենց որդուն վերջին անգամ տեսել են 2011 թվականի ապրիլի 29-ին Կարմրաքարում, երբ հերթական անգամ այցելել են նրան։ Որդու տրամադրությունը եղել է շատ լավ, ոչ մեկից եւ ոչ մի բանից բողոք չի ունեցել։ Վերջին հեռախոսազրույցը որդու հետ մայրն ունեցել է նրա անհետացման օրը՝ հունիսի 28-ին, ժամը 11.00–ի կողմերը։ Որդին ունեցել է լավ տրամադրություն, մորը խնդրել է լիցքավորել հեռախոսը, վերջինս ասել է, որ զանգի հորաքրոջը։ Ժամը մոտավորապես 11.10-ին, երբ հորաքույրը հետ է զանգահարել, Տիգրանը խոսել է հորաքրոջ հետ, խնդրել է լիցքավորել հեռախոսը, ինչպես նաեւ՝ փող ուղարկել։
Ժամանակ առ ժամանակ հարազատները Տիգրանին 5-10 հազար դրամ էին ուղարկում։ Այդ նույն օրը Տիգրանի մորը՝ տիկին Անահիտին, զանգահարել է շտաբի պետը՝ Արսեն Ոսկանյանը, եւ հարցրել, թե որտեղ է գտնվում Տիգրանը, քանի որ նա զորամասում չէ։ Ի պատասխան՝ մայրն ասել է, որ նա ծառայության մեկուկես տարվա ընթացքում երբեւէ ինքնակամ դուրս չի եկել։ Անհանգստացած ծնողները զանգել են Տիգրանին, սակայն նրա հեռախոսն անհասանելի է եղել։ Ժամը 23.00–ի սահմաններում Տիգրանի հայրը զանգահարել է շտաբի պետին եւ հայտնել, որ ուզում է այցելել զորամաս, սակայն վերջինս նրան պատասխանել է, որ անհանգստանալու կարիք չկա, քանի որ «միգուցե Տիգրանը մի բարեկամի մոտ լինի եւ շուտով գա»։
Կարդացեք նաև
Տաթեւ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում