Հատված Ազգային ժողովի փոխնախագահ, Հանրապետական կուսակցության մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովի հետ հարցազրույցից:
– Պարոն Շարմազանով, ինչպե՞ս եք գնահատում ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հայտարարությունն այն մասին, որ «այս իշխանությունը պիտի հեռանա», հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկինում «Բարգավաճ Հայաստանի» հռետորաբանությունը մի փոքր այլ էր, և ԲՀԿ-ն հստակորեն չէր խոսում իշխանափոխության մասին։
– Նախ, «ԲՀԿ-ի հռետորաբանություն» ասելով՝ ես բացառապես և առաջին հերթին ի նկատի ունեմ իրենց ղեկավարին, իսկ որքան իմ հիշողությունն ինձ չի դավաճանում, իրենց ղեկավարն ասել է, որ «Բարգավաճ Հայաստանը» չի կարող լինել ընդդիմադիր ուժ։
Երկրորդը, ինչ վերաբերում է Ձեր նշած տիկնոջ հայտարարությանը, ապա դա կին քաղաքական գործչի էմոցիոնալ պոռթկում է, որը մեկնաբանելու կարիք չեմ զգում։ Ավելին, կարծում եմ՝ նման գնահատականներն ունեն ճշտման կարիք հենց իրենց կուսակցության մեջ, որովհետև ես էլ Ձեզ կարող եմ ներկայացնել բարգավաճական պատգամավորների արտահայտություններ, որոնք էականորեն տարբերվում են Ձեր նշած գործչի հայտարարություններից։ Ուստի, մի քիչ դժվար է ճշտել, թե դրանցից որն է ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը։
Կարդացեք նաև
– Բայց կարծում եք՝ Նաիրա Զոհրաբյանը չէ՞ր համաձայնեցնի այդպիսի կարևոր հայտարարությունը կուսակցության ղեկավարության հետ։
– Ես երբեք չեմ ունեցել նման գործելաոճ, որ քննարկեմ այլ քաղաքական ուժերի ներքին խնդիրները։ Դա բացառապես իրենց ներքին խնդիրն է։ Ինձ չի հետաքրքրում ինքը համաձայնեցրե՞լ է, թե՞ ոչ։ Ես ասացի այն, ինչ ասացի։ Երբ իրենց կուսակցության նախագահը հայտարարի, որ իրենց նպատակն իշխանափոխությունն է, և այս իշխանությունը պետք է հեռանա, այն ժամանակ, ես՝ որպես ԱԺ փոխնախագահ և ՀՀԿ խոսնակ, հանդես կգամ պաշտոնական հայտարարությամբ, որովհետև ես չեմ մեկնաբանի Գուրգեն Արսենյանի ասածը, ով նշում էր, որ արտահերթ զարգացումներ չպետք է լինեն, այլ պետք է լինեն հերթական ընտրություններ, չեմ մեկնաբանի Ստեփան Մարգարյանի ասածը, որը մի քիչ տարբերվում էր, քան Նաիրա Զոհրաբյանի ասածները։
ԲՀԿ-ն նախևառաջ պիտի հայտարարի՝ ինքն ընդդիմությո՞ւն է, թե՞ ընդդիմություն չէ։ Երբ իրենք հայտարարեն, որ իրենք ընդդիմություն են, այլ ոչ թե այլընտրանք, այն ժամանակ կիմանանք՝ ընդդիմությա՞ն հետ գործ ունենք, այլընտրանքի՞, թե՞ ընդդիմության հետ, որը մինչև ժամը մեկն ընդդիմություն է, մեկից մինչև հինգը՝ այլընտրանք, հինգից հետո էլ…
Արամ ՍԱՐԳՍՅԱՆ
Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում