Երեկ Երեւանի ավագանին որոշում կայացրեց 5 մշակույթի եւ պետական գործիչների անհատույց սեփականության իրավունքով բնակարան հատկացնել։ Հիշեցնենք, պարգեւատրվողների շարքում են դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, ռեժիսոր Երվանդ Ղազանչյանը, խորհրդային շրջանում 9 տարի Գյումրի քաղաքը ղեկավարած Դոնարա Հարությունյանը, դերասանուհի Էլվիրա Շահիրյանը եւ օպերային երգիչ Հովհաննես Այվազյանը։
Դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանը, որ բացի սիրված դերասանուհի լինելուց հայտնի է նաեւ որպես քաղաքացիական կեցվածքով մտավորական, պատասխանելով հարցին, թե այս նվերը որքանո՞վ կկաշկանդի նրան՝ այսուհետ իր դիրքորոշմամբ հանդես գալու համար, ասաց. «Այդ հարցն ավելորդ է, վիրավորական հարց է ինձ համար։ Ես կաշառվողներից չեմ։ Այս բնակարանը ոչինչ չի փոխում, ես կարող եմ առանց այդ բնակարանի էլ ապրել։ Ես մնացել եմ իմ համոզմունքներին հավատարիմ։ Իրենք պատճառներ ունեին, որ չտային (բնակարանը – Գ.Ա.), բայց որոշեցին տալ։ Եվ ես արժանի եմ դրան։ Անգամ ուշ է»։
Հարցին՝ եթե էլի ժողովրդական շարժումներ լինեն, ինքը հանդես կգա՞, դերասանուհին պատասխանեց. «Ես արդեն տարիքս առել եմ։ Ոչ կարող եմ հրապարակ գալ, ոչ էլ շատ ակտիվ լինել։ Չեմ կարող առաջ նետվել։ Սակայն մնացել եմ իմ նույն դատողություններին, թե ինչպես պետք է երկիրը այս վիճակից հանել։ Շատ բարդ է մեր վիճակը՝ եւ՛ Ղարաբաղը, ե՛ւ սոցիալականը։ Ապրում եմ ձեր հոգսերով եւ այն արվեստագետը չեմ, որ մի կողմ քաշվեմ։ Որեւէ կուսակցության անդամ չեմ։ 2008 թվականին ես մատնացույց արեցի, որովհետեւ հավատում էի, այսօր որեւէ մեկին չեմ կարող մատնացույց անել։ Ես թերահավատ եմ դարձել, որ այսօրվա ընդդիմությունը հանրահավաք անելով որեւէ բան է փոխելու»։
Գագիկ ԱՂԲԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում
Կարդացեք նաև