«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը հարցազրույց է տվել ռուսական «Նեզավիսիմայա Գազետա» թերթին: «Մայդանի այլընտրանքը չպետք է լինի լճացումը։ Հայաստանի բնակիչներն իրենց կյանքում փոփոխություններ են ցանկանում, և դա որևէ կերպ կապված չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ էլ Արևմուտքի հետ»,- վերնագրված հարցազրույցը ՍիվիլՆեթի թարգմանությամբ ներկայացված է ստորև։
Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերն է Հարավային Կովկասում։ Վերջին շրջանում այս երկրում անհանգիստ է. հաճախացել են տարբեր պահանջներով հանրահավաքներն ու բողոքի ցույցերը։ Թե ինչ է կատարվում հանրապետությունում, «Նեզավիսիմայա Գազետա»-ին պատմել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ, Հայաստանի ամենախոշոր գործարար Գագիկ Ծառուկյանը։
– Վերջին շրջանում Հայաստանի տարբեր քաղաքներում տեղի են ունենում բողոքի ցույցեր, Երևանում խոշոր հանրահավաքներ են նախատեսված։ Ի՞նչ է դա՝ նոր «մայդան»։
– Դա ընդամենը այն բանի ապացույցն է, որ ժողովուրդը հոգնել է վատ կյանքից և անարդարությունից, որ տիրում է երկրում։ Միևնույն ժամանակ քաղաքական գրագետ օրակարգ ձևավորվելու ունակ շոշափելի քաղաքական համախմբում է տեղի ունեցել։
Կարդացեք նաև
Դեռ հինգ-վեց տարի առաջ ես զգուշացնում էի, որ երկրում անարդարացի տնտեսական քաղաքականություն է վարվում։ Սակայն իմ ձայնը չհասավ հասցեատիրոջը, և այսօր, ցավոք, մենք ունենք այն, ինչ ունենք։ Էապես տուժել է փոքր և միջին բիզնեսը, փակվել է մի քանի հազար ձեռնարկություն։ Որպես վերը ասվածի հետևանք՝ Հայաստանում ունենք աղքատության մակարդակի աճ, օտարերկրյա ներդրումների շեշտակի անկում, տնտեսական աճի տեմպի նշանակալի դանդաղում։
Այս պայմաներում առավել ազդեցիկ քաղաքական ուժերը, որոնք իշխանության մեջ չեն, պայմանների փաթեթ են ձևավորել, որը բաղկացած է 12 կետից։ Սա սկզբունքորեն երկար ճանապարհի սկիզբն է։
Իշխանությունները բավականին ժամանակ ունեին, որպեսզի պատշաճ արձագանքեին և սկսեին այդ պայմանների քննարկումն ու իրականացումը։ Դա նաև քաղաքական ուժերի հետ երկխոսություն սկսելու լավ հնարավորություն էր։ Դա չարվեց։ Ստեղծված պայմաններում ի՞նչ է մնում ժողովրդին անելու՝ օգտագործել իր սահմանադրական իրավունքն ու պահանջել այդ պարզ պայմանների կատարումը։
Իմ կարծիքով, այսպես կոչված մայդանները ժողովուրդներին հաճախ տառապանք և ցավ են բերում։ Ես նման ճանապարհի հակառակորդն եմ։ Սակայն «մայդանի» այլընտրանքը չպետք է լինի լճացումը։ Դա նույնպես հանգեցնում է կորուստների։ Իսկ այնպիսի փոքր երկրների համար, ինչպիսին Հայաստանն է, այդ կորուստները կարող են շատ ցավագին լինել։
– Ցավոք մենք նույնպես գիտենք, որ հետխորհրդային «մայդանների» հիմնական կարգախոսներից մեկը հակառուսական հռետորաբանությունն է։ Որպես ոչ իշխանական ամենամեծ ուժի առաջնորդ՝ դուք կարո՞ղ եք բացառել զարգացման նման սցենարը։
– Համոզված եմ, որ դուք ինձնից և իմ քաղաքական համախոհներից երբեք չեք լսել և չեք լսելու հակառուսական հայտարարություններ։ Այդ կեղծ գաղափարը արհեստականորեն է մտցված շրջանառության մեջ։ Ես արդեն պատկերեցի Հայաստանում ստեղծված իրավիճակը։ Մարդիկ իրենց կյանքում դրական փոփոխություններ են պահանջում, և դա ոչ մի կերպ կապված չէ ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Արևմուտքի հետ։
Հայաստանը չի կարող իրեն թույլ տալ դառնալ աշխարհաքաղաքական շահերի բախման օբյեկտ։ Ավելի քան մեկ միլիոն իմ հայրենակիցներ ժամանակավոր կամ մշտական բնակվում են Ռուսաստանում։ Իմ ձեռնարկատիրական գործունեության ընթացքում իմ և Ռուսաստանի գործարար շրջանակների միջև սերտ կապեր են ձևավորվել։ Ցանկանում եմ շեշտել, որ ես եղել եմ «Բարգավաճ Հայաստան» և «Եդինայա Ռոսիա» կուսակցությունների միջև համագործակցության հուշագրի ստորագրման ակունքներում։
Մյուս կողմից, պատմական դեպքերի բերումով միլիոնավոր հայեր պարում են նաև արևմտյան երկրներում։ Ակնհայտ է, որ Հայաստանը պետք է դառնա նրանց բոլորին միավորող կենտրոնը:
Ինչ վերաբերում է կոնկրետ հայ-ռուսական հարաբերություններին, ապա ես հետևյալ բանաձևի հետևորդն եմ՝ Հայաստանին ռազմավարական ուժեղ գործընկեր է հարկավոր՝ ի դեմս Ռուսաստանի։ Սակայն այդ բանաձևը նաև հակառակ երեսն ունի՝ Ռուսաստանին ևս Հարավային Կովկասում հարկավոր է ուժեղ և դինամիկ զարգացող դաշնակից՝ ի դեմս Հայաստանի։ Ես պնդում եմ, որ դա միակ ճիշտ բանաձևն է, որը մեզ հնարավորություն կտա բոլոր բնագավառներում էլ ավելի խորացնել մեր հարաբերությունները: Որքան հզոր լինի Հայաստանը, այնքան ավելի խոր և ամուր կդառնան հայ-ռուսական հարաբերությունները։
– Դուք հաջողակ գործարար եք: Ի՞նչը ձեզ մղեց զբաղվելու քաղաքականությամբ, չէ՞ որ ինքներդ էիք հայտարարում, թե ձեզ քաղաքական գործիչ չեք համարում՝ բառի դասական իմաստով։
-Այո, ես բավական հաջողակ եմ բիզնեսում, ընդ որում, ստեղծել եմ Հայաստանում ամենահայտնի բարեգործական հիմնադրամը և կարող էի հանգիստ ապրել իմ ընտանիքի համար։ Սակայն ինձ համար դժվար է մի կողմ քաշվել, երբ տեսնում եմ, որ իմ ժողովուրդը տառապում է պաշտոնյաների սխալների պատճառով։ Այսպիսին է իմ դիրքորոշումը։ Եվ սա բնական է. ես չեմ կարող անտարբեր լինել իմ երկրի, իմ ժողովրդի նկատմամբ։ Ես արդեն հայտարարել եմ, որ հենց տեսնեմ, որ երկիրը զարգանում է ճիշտ ուղղությամբ, տնտեսական առողջացման գործընթաց կա, ու աստիճանաբար լավանում է հասարակ մարդկանց կյանքը, ես պատրաստ եմ հեռանալ քաղաքական հարթակից և իմ տեղը թողնել, այսպես ասենք՝ ավելի դասական քաղաքական գործիչների։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում
Էդ նոր տեսա*ր:Ոսկե կենդանիներ նվիրելիս չգիտեի*ր, որ ազգիդ համար հացն է ոսկին::Առանց նրանց քո հացն էլ ոսկի կլիներ, դրա համար ոսկի միջին խաղացիր:Կշեռքի դերակատար ես, իսկ նժարներին ազգն է և մաֆիան: