Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Անի Կաղինյան. «Հայաստանում շատ լավ աշխատում են պրովոկատորներն ու բանսարկուները». «Հրապարակ»

Հոկտեմբեր 09,2014 10:35

Հատված քաղաքացիական ակտիվիստ Անի Կաղինյանի հետ հարցազրույցից:

– Վերջին ամիսներին քաղաքացիական շարժումները, խմբերը չեն պայքարում նախկինի պես, մի տեսակ ապատիկ վիճակ է կարծես։ Ինչով է բացատրվում այս պասիվությունը։

– Այս ապատիկ վիճակը հիմնականում կապված է նրա հետ, որ Հայաստանի քաղաքացիները տեսնում են, որ Շանթ Հարությունյանը եւ նրա ընկերները նստած են բանտում, Վոլոդյա Ավետիսյանը նույնպես բանտում է։ Տեսնում
են, որ Լիսկան վերանշանակվեց մարզպետ, այսինքն՝ մարդկանց մոտ, թեկուզ հենց այդ փոքր խմբերի մոտ, որ պայքարի ջիղ, նկրտումներ կային, այդ ամենը նահանջում է, որովհետեւ մտածում են. եթե մարդասպանը նորից կարող է նշանակվել մարզպետ, ուրեմն այս երկրում չգիտեմ, թե ինչ պետք է լինի, որ բան փոխվի։ Բայց ինձ թվում է, որ հասել է այն պահը, եթե մի կայծ լինի, ինչ-որ բան կբռնկվի, որովհետեւ համբերության կարմիր գծին ենք հասել։

– Իսկ ավելի արդյունավետ չէ՞ր լինի, որ քաղաքացիական տարբեր խմբերն ու շարժումները միավորվեին եւ միասնական պայքարեին, քանի որ այսօր մարդկանց մի զգալի մասն ավելի շատ հույս է կապում ձեզ հետ, քան կուսակցությունների։

– Ճիշտն ասած, ես էլ արդեն քաղաքական ուժերին չեմ հավատում։ Քաղաքացիական ուժերին էլ կարծես ժամանակ էր պետք, որոնք ծնվել էին, պետք է հասունանային եւ կարողանային շարժվել, սակայն ամեն գնով իշխանությունների կողմից ճնշում գործադրելով՝ մասնատեցին ու բզկտեցին։ Հայաստանում շատ լավ աշխատում են պրովոկատորներն ու բանսարկուները, որոնք մտնում են այդ խմբերի մեջ եւ անջատում են, եւ հենց ներսից քայքայվում են խմբերը։ Նաեւ դատական հայցերով են ճնշում, ոստիկանության միջոցով, թաղային խուժանի միջոցով են ճնշում հենց թաղերում, այդպես, քայլ առ քայլ մասնատում են։ Մարդը պետք է այնքան ուժեղ լինի, որ կարողանա ամուր կանգնել ոտքերի վրա։ Բայց ինձ թվում է, որ մոտ ապագայում այդ լավ երիտասարդների կորիզը, ովքեր մտածում են երկրի ապագայի մասին, անպայման միավորում տեղի է ունենալու։ Եվ դա, այո, լինելու է մոտ ապագայում, քանի որ չի կարող այդպես երկար շարունակվել։

Նախադրյալներ տեսնում եմ, քանի որ կան լուրջ վերլուծաբաններ, որոնք գնահատում են իրավիճակը, իսկ եթե միավորվելով կուսակցություն ստեղծելու անհրաժեշտություն լինի, ես ինքս էլ պատրաստ եմ աջակցել, որպեսզի կարողանանք երկիրն այս ճահճային վիճակից հանել։

Ֆելիքս ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031