Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀՀ եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսային անցակետը ձեւական կլինի մինչ այն պահը, երբ ՌԴ-ն կպահանջի, որ հսկողությունն ինքն է իրականացնելու

Հոկտեմբեր 09,2014 17:00

Ըստ քաղաքագետ Արմեն Գրիգորյանի` անցակետի ձեւական լինելու մասին պնդումները միայն ՌԴ-ի ցանկացած գործողություն արդարացնելու ընդունակներին կարող են բավարարել

– Հայաստանը մտադիր է Եվրասիական տնտեսական միության անդամ դառնալ արդեն 2015-ի հունվարի 2-ից՝ ՌԴ Դաշնային խորհրդի կոմիտեի նիստում օրերս հայտնել էր ՌԴ տնտեսական զարգացման նախարարության ՄՄ կառույցների միջեւ փոխգործակցության եւ ԱՊՀ երկրների միջեւ տնտեսական համագործակցության բաժնի փոխտնօրենը` նկատելով, որ եթե ոչինչ չխափանվի, ապա հոկտեմբերի 10-ին Մինսկում նման պայմանագիր կստորագրվի: Պաշտոնական Երեւանը՝ ի դեմս ԱԺ նախագահի, նշել է, որ ոչ ոք չի կարող հայտարարել, որ հոկտեմբերի 10-ին կստորագրվի ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցելու փաստաթուղթը: ՀՀ անդամակցության շուրջ այս շարունակական անորոշության պատճառները որո՞նք են, եւ եթե ՀՀ-ն, այնուամենայնիվ, անդամակցի այդ կառույցին` ի՞նչ կշիռ կունենա ՀՀ-ն անդամ մյուս երկրների կողքին:

– Թերեւս սկսենք հարցի վերջին հատվածից. այդ կառույցին անդամակցելու դեպքում Հայաստանը կունենա Ռուսաստանի կցորդի կարգավիճակ, ոչ ավելին: Հավանաբար, դա նաեւ անորոշության պատճառն է. Բելառուսն ու Ղազախստանը շահագրգռված չեն Ռուսաստանի համար փաստացի երկրորդ քվեի ապահովմամբ` հաշվի առնելով մասնավորապես ԵՏՄ-ի հիմնադիր փաստաթղթերում փոփոխություններ կատարելու Ռուսաստանի ցանկությունը: Առհասարակ, թե Ա. Լուկաշենկոն, թե Ն. Նազարբաեւը ժողովրդավարական նորմերին համապատասխան ընտրված չլինելով եւ խիստ ավտորիտար վարչակարգեր ձեւավորելով հանդերձ՝ այնուամենայնիվ, լուրջ են վերաբերվում իրենց պետությունների ինքնիշխանությանը եւ չեն ցանկանում Վ. Պուտինի հլու-հնազանդ կամակատարին իրենց կողքին տեսնել: Բացի այդ, Բելառուսն ու Ղազախստանն արդեն իսկ Ռուսաստանի հետ որոշ վիճարկելի խնդիրների վերաբերյալ բարդ քննարկումների անհրաժեշտություն են տեսնում եւ չեն շտապում վավերացնել Եվրասիական միության համաձայնագիրը` նպատակահարմար գտնելով նախ անհրաժեշտ լուծումներ գտնել:

– Հայաստանի ԱԳՆ-ն հրապարակեց ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագիծը: Նախագծի տեքստում Ղարաբաղի մասին հիշատակում չկա, սակայն հնարավո՞ր եք համարում, որ պայմանագիրն իրավական դաշտ ստեղծի, որպեսզի ցանկացած պահի, օրինակ, Մինսկն ու Աստանան բարձրացնեն ՀՀ-ի եւ ԼՂ-ի սահմանին մաքսակետ տեղադրելու հարցը, կամ` մաքսակետի ձեւական առկայությունը ի՞նչ բարդություններ կարող է հարուցել ՀՀ-ին եւ ԼՂՀ-ին:

– ԵՏՄ պայմանագրի նախագծին, դրա հավելվածներին ու Մաքսային միության կանոնադրությանը համապատասխանության տեսանկյունից ՀՀ եւ ԼՂՀ-ի միջեւ պետք է մաքսային անցակետ տեղակայվի: Իսկ դրա ձեւական լինելու մասին պնդումները միայն Ռուսաստանի ցանկացած գործողություն արդարացնելու ընդունակներին կարող են բավարարել (այդ մարդկանց ցանկը կարելի է կազմել` թերեւս ցուցակագրելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքն արդարացնողներին):

Մինսկն ու Աստանան, այնուամենայնիվ, նախեւառաջ շահագրգռված են Եվրասիական միությունում ուժերի հավասարակշռության, այսինքն` իրենց երկուսի համատեղ ջանքերով Մոսկվայի թելադրանքին դիմակայելու հնարավորության պահպանմամբ, եւ նրանց համար ավելի հարմար կլիներ, եթե Հայաստանը պարզապես հրաժարվեր անդամակցությունից` անցակետի տեղակայման անընդունելի լինելու պատճառով: Իսկ անցակետի տեղակայմամբ, հետեւաբար՝ Հայաստանի եւ ԼՂՀ-ի նկատմամբ ճնշման լրացուցիչ հզոր լծակի գոյությամբ շահագրգռված է Ռուսաստանը: Ուստիեւ անցակետը ձեւական կլինի ընդամենը մինչ այն պահը, երբ Ռուսաստանը կպահանջի, որ հսկողությունն իր կողմից իրականացվի: Բացի այդ, Ռուսաստանի համար կհեշտանա եւս մի նպատակի իրականացումը` Ադրբեջանի հետ քաղաքական առեւտրում լրացուցիչ փաստարկներ ունենալը:

– ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնը օրերս հայտարարեց, որ Հայաստանին սպասվում են դժվարին ժամանակներ՝ հաշվի առնելով ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցները, ԵՏՄ-ին ՀՀ անդամակցությունը, տարածաշրջանային զարգացումները, աշխարհաքաղաքական զարգացումների հետ կապված անորոշությունները. «Պետք է նախապատրաստվել եւ բուֆերային պաշարի հնարավորություն ունենալ այն հանգամանքների համար, որոնք իշխանությունների հսկողությունից դուրս են, բայց իշխանությունների հսկողության ներքո գտնվող հարցերում պետք է վճռական գործողություններ կատարել»: Ձեր կարծիքով՝ Հայաստանն այսօր հնարավոր այդ բարդություններին դիմակայելու ռեսուրս, հնարավորություններ ունի՞:

– Ռեսուրս ունի, բայց այն արդյունավետորեն օգտագործելու ընդունակ կառավարիչներ չունի: Ս. Սարգսյանը վերջերս շատ ցայտուն կերպով արտահայտեց կոռուպցիայի ու մենաշնորհների դեմ պայքար ձեւացնող իշխանավորների իրական մտածելակերպը: Պարզապես անեկդոտային իրավիճակներ էին, երբ Հայաստանում աշխատելու բարդությունից բողոքող հնարավոր ներդրողին խորհուրդ տվեց իրեն դիմել խնդիրների առկայության դեպքում, կամ երբ խոսեց փոքր երկրում շաքարի մի քանի ներկրող ունենալու աննպատակահարմարության մասին:

Ռուսաստանին նվիրվածությունը մի այլ ցավոտ խնդիր է: Հազար ներողություն, բայց գործակալ կամ պարզապես հիմար է պետք լինել` չհասկանալու համար, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա խորացման ցանկացած դրսեւորում հղի է անդառնալի կորուստներով, եւ խնդիրը միայն այդ երկրի մեծապետական նկրտումները եւ դրանց հակազդելուն ուղղված պատժամիջոցները չեն, այլեւ ռուսական տնտեսության հումքային բնույթը` երբ բյուջեի մուտքերի շուրջ 70 տոկոսն ապահովվում է նավթի եւ գազի վաճառքի շնորհիվ, ինչը կոռուպցիայի հետ մեկտեղ՝ անհնար է դարձրել տնտեսական որեւէ զարգացում: Արդեն զավեշտալի իրավիճակ է ստեղծվել, երբ տնտեսության զրոյական աճի պայմաններում կառավարությունը որպես դրական չափանիշ է ներկայացնում մեկ շնչին հասնող եկամտի աճը, որն ապահովվում է բարձր մահացության եւ արտագաղթի շնորհիվ:
Նավթի գնի անկումն արդեն իսկ պարտադրում է, որ Ռուսաստանի կառավարությունը վերանայի հաջորդ տարվա բյուջեի պարտավորությունները, սկսվել է պահուստային հիմնադրամի միջոցների սպառումը, ռուբլու փոխարժեքի անկումն օրեցօր շարունակվում է, ու տրանսֆերտների անկումը շուտով Հայաստանում սոցիալ-տնտեսական վիճակի զգալի վատթարացման կհանգեցնի: Իրավիճակը հատկապես կարող է սրվել, եթե արտագնա աշխատանքի մեկնածները, ովքեր ավանդաբար տարեվերջին Հայաստան են գալիս, փետրվարին կամ մարտին Ռուսաստան վերադառնալու հիմք չունենան` տնտեսական անկման պատճառով աշխատանքային շուկայում կոնյունկտուրայի փոփոխության պատճառով:

– Ինչպես «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել էր Ղրիմի տրանսպորտի նախարարի պաշտոնակատար Անատոլի Ցուրկինը, հոկտեմբերին Սիմֆերոպոլից Երեւան ուղիղ ավիաչվերթ կիրականացնի «Գրոզնի Ավիա» ընկերությունը, առաջին թռիչքը կիրականացվի հոկտեմբերի 10-ին, թռիչքները կլինեն կանոնավոր: Ցուրկինը նաեւ հայտնել է, որ այժմ Սիմֆերոպոլի օդանավակայանից չվերթեր կատարվում են դեպի Ստամբուլ: Այսինքն՝ Երեւանը կդառնա երկրորդ օտարերկրյա քաղաքը, որի հետ կկապվի Սիմֆերոպոլը: Այդ թռիչքների իրականացման դեպքում ի՞նչ վերաբերմունք կարող է դրսեւորել Արեւմուտքը Հայաստանի նկատմամբ` մեր երկրի միջազգային վարկի տեսանկյունից:

– Վերաբերմունքը, բնականաբար, բարյացակամ չի լինի: Հայաստանի պատկան մարմինները պետք է որ հստակ արտահայտված լինեին նման չվերթի կազմակերպման անհնարինության վերաբերյալ: Պետք է հուսալ, որ «ՌԻԱ նովոստի»-ի հաղորդագրությունը տեղեկատվական պատերազմի դրվագ է ընդամենը: Ակնհայտ է, որ ի տարբերություն Ստամբուլի ուղղության՝ Սիմֆերոպոլից Երեւան չվերթերը եկամտաբեր լինել չեն կարող, եթե, իհարկե, Ռուսաստանում չորոշեն սուբսիդավորել այդպիսի «զբոսաշրջությունը»: Համենայնդեպս, «Զվարթնոց» օդանավակայանի կայքում նման չվերթի մասին տեղեկություն չկա, մինչդեռ առաջիկա մեկ ամսվա համար պլանավորած բոլոր չվերթերի մասին տեղեկություններն առկա են:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031