Եթե մի կողմ թողնենք դասակարգային պայքարի գաղափարախոսությունից բխող բնորոշումները, բայց չհրաժարվենք ժամանակին Մարքսի ներմուծած ու այդպես էլ, բացառությամբ Սովետի պրոլետար-գիտնականների շրջանակից, լայն կիրառում չգտած եզրույթից, ապա բուրժուա-դեմոկրատական հեղափոխությունները պետք է որ խթանեն ու առաջնորդեն բուրժուաները՝ երկրի կառավարման համակարգում իրենց ձեռնտու բարեփոխումներ իրականացնելու համար: Ընդ որում, նրանք պետք է նախաձեռնեն դա ոչ թե համապատասխան մարքսիստական գրականություն ընթերցելու կամ հանրահավաքային խորիմաստ ճառեր լսելու հետեւանքով, այլ զուտ սեփական շահից դրդված՝ ձերբազատվելու համար բոլոր այն խոչընդոտներից, որոնք արգելակում են իրենց ձեռնարկատիրական գործի կամ առեւտրի զարգացումը, չեն թողնում էլ ավելի հարստանալ:
Ենթադրվում է նաեւ, որ այդ խոչընդոտները վերացնելու եւ տնտեսության դինամիկ զարգացումն ապահովելու համար անհրաժեշտություն է պետության մոնոպոլ կառավարումից՝ միապետությունից, անցումը հանրային պետությանը եւ ժողովրդավարությանը: Այս եզրահանգումն է պատճառը, որ հեղափոխության բուրժուականին հաճախ միացվում է դեմոկրատական վերջավորությունը, եւ ստացվում է դրական հնչողություն:
Սակայն ժամանակակից քաղաքակիրթ աշխարհի իրողությունների դաշտում վերոգրյալ երկու, համամիտ եմ, ծանր ընթերցվող պարբերությունների պնդումները վաղուց եւ բազմիցս կասկածի տակ են առնվել եւ գնահատվում են որպես խիստ անախրոնիկ: Անախրոնիկ են, որովհետեւ դասական համարվող՝ անցած եւ նախանցած դարի մի քանի հեղափոխություններից հետո երկրաչափական պրոգրեսիայով արագացող հետագա անցքերում եղել են այնպիսի նոր զարգացումներ, երեւույթներ ու շարժումներ, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում նախկին կաղապարների մեջ:
Հիմա, երբ հանրապետականացման ու ժողովրդավարացման հաղթարշավը վաղուց ավարտվել է ողջ քաղաքակիրթ աշխարհում, երբ հնարովի դասակարգային պայքարին վաղուց փոխարինելու է եկել մարդու, որպես բացարձակ արժեքի, ազատության, նրա իրավունքների պաշտպանության համար պայքարը, երբ տեղի են ունեցել հզոր ուսանողական-երիտասարդական, ազգային-ազատագրական շարժումներ, ոչ թե դասակարգերի, այլ ամենալայն խավերի միասնական ջանքերով փլուզվել է կեղծ-սոցիալիստական ճամբարը, եւ հաջողությամբ կառուցվում են նոր ժողովրդավարություններ, իսկ զարգացած կապիտալիստական երկրները ավելի ու ավելի են մոտենում սոցիալական լիակատար համերաշխությանը, վերադարձը նախնադարյան կլիշեներին միայն զարմանք կարող է առաջացնել:
Կարդացեք նաև
Էլ ավելի զարմանալի է, երբ շեշտադրումն արվում է խոշոր բուրժուաների վրա, ավելի ստույգ՝ դրանցից միայն մեկի վրա, եւ, օ՜ զավեշտ, սույն հեղափոխության միայնակ ռահվիրայի, մեղմ ասած, անհրապույր կերպարը ժողովրդին «ուտեցնելու» համար որպես օրինակ են բերվում 18-րդ դարի Ֆրանսիական մեծ հեղափոխությունն իբրեւ թե իրականացրած ֆրանսիական բուրժուա-կեղեքիչները: Ինչո՞ւ գրեցի իբրեւ թե, որովհետեւ հանրահայտ է, որ մինչ այս միայն մարքսիստ-լենինիստ-ստալինիստ պատմաբաններն են պնդել, որ այդ հեղափոխությունը բուրժուական էր, իսկ իրականությունն, ինչպես կռահում եք կամ գիտեք, միանգամայն այլ էր:
Ներկա հայ իրականության մեջ բազմաթիվ այլ բաներից կարելի է զարմանալ, որակել որպես զավեշտ կամ ֆարս, բայց ավելի լավ կլինի պարզապես արձանագրել, որ ոչ բարով մեր իշխանական եւ ոչ իշխանական վերնախավը, մի կողմ թողած երկրի առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումը, որոնցից ամենամահաբերը երկրի անկախությունը եվրասիական միության դամբարանում թաղելն է, զբաղված են ամոթալի ու անմիտ աթոռակռվով, որտեղ ընդունելի է համարվում ցանկացած միջոց, եւ որից, բնականաբար, հասարակությունը ոչ մի օգուտ չունի:
ԿԱՐԱՊԵՏ ՌՈՒԲԻՆՅԱՆ
Հ.Գ. Հանկարծ գրառումս չընկալվի որպես մոտակա հանրահավաքին չմասնակցելու կոչ: Ընդհակառակը՝ կոչ եմ անում ակտիվորեն մասնակցել, համարձակորեն ծիծաղել զավեշտալիի վրա, սուլել փարիսեցիների հետեւից ու միահամուռ պահանջել երկրի իրական պրոբլեմների լուծում:
«Առավոտ» օրաթերթ
08.10.2014
Իսկ եթե Ռուբինյանն ավելի պարզ ոճով ու բառերով էլ գրի այսուհետ, հաստատ ավելի օգուտ կտա հանրությանը, որը, ինչպես նշում է, «անմիտ աթոռակռվից [առանց այն էլ] ոչ մի օգուտ չունի»: Ի՞նչն է խանգարում, գրականության հանդեպ սե՞րը:
Մասամբ համաձայն եմ պարոն Ռուբինիանի հետ, Հայաստանում խոսել «բուրժոաի» մասին կարծում եմ բոլորի մոտխմծիծաղ կառաջացնի…բուրժուն եվ առաջներում եվ այսօր հատկապես հասարակության անհրաժեշտ սպասարկման եվ ապրանքների արտադրության ոլորտների կազմակերպիչն է, որը նախ եվ առաժ «հեղափոխում» է հինը եվ ստեղծում է նորը…ինչպես Բիլլ Գաձթսը կամ Սթիվ Ջոբսը…այն ինչ որ ունենք Հայաստանում ավելի իմ երիտասարդության տարիների 11 համարի ավտոբուսում գործող «ջեբկիրներին » են հիղեցնում…ցավում եմ որ Լեվոն Պետրոսյանը ճգնում է իր սխալը ուղղել, սակայն բուրժուների հարցում նորից … խորհուրդ կտամ կարդալ «Լրագիր» պարբերականում Կիրկ Կրկորյանի հարցազրույցը…մեզ Հայաստանում միայն օրենսդրական ձեվով հարկավոր է ապահովել հակամոնոպոլյան օրենքը եվ ապահովել ազատ շուկայական հարաբերությունները եվ պետական իշխանության դերը դրանում(եվ ամեն ինչում) խիստ սահմանափաճկել…ամեն ինչ կամաց կամաց իր տեղը կգտնի