Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

«ԵՏՄ-ին անդամակցությունը Հայաստանը գերի է դարձնում»

Հոկտեմբեր 09,2014 16:30

ՀՀ ԱԱԾ նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանը ահազանգում է,
որ կանգնած ենք Հայաստանի երրորդ հանրապետության մայրամուտի վտանգի առջեւ:

– Հոկտեմբերի 10-ին, թերեւս, վերջնականապես կլուծվի Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը: Ունե՞նք արդյոք հետդարձի որեւէ տարբերակ, թե՞ ամեն ինչ այլեւս անդառնալի է:

– Չի կարելի բացառել, որ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալու հարցը նորից հետաձգվի ԵՏՄ-ի ներքին, անընդհատ խորացող քաղաքական հակասությունների պատճառով, բայց մեր նախաձեռնությամբ հետդարձի որեւէ տարբերակ, ցավոք, առայժմ տեսանելի չէ, քանի որ Հայաստանի քաղաքական համակարգը, ըստ էության, չունի քաղաքական օրակարգ, չունի պետականությունն ու ինքնիշխանությունը պահպանելու եւ ամրապնդելու որեւէ նպատակ եւ ծրագիր, ու թե՛ իշխանությունը, թե՛ խորհրդարանում ներկայացված «ոչ իշխանությունը» միեւնույն օլիգարխիկ համակարգի մաս են: Իր հերթին՝ Հայաստանի օլիգարխիկ համակարգը Ռուսաստանի օլիգարխիկ համակարգի օրգանական բաղադրիչն է (ինչը, ի դեպ, չես ասի, օրինակ, Ուկրաինայի կամ Ադրբեջանի օլիգարխիկ կառուցվածքների մասին):

– Ոչինչ չե՞նք կարող անել այլեւս:

– Այս պահի դրությամբ կարեւորագույն խնդիրը, որ դրված է մեր առջեւ, հնարավորին չափ փոքր կորուստներ ունենալն է, մեր պետականությունն ու ինքնիշխանությունը արդեն սկսել եւ շարունակում ենք զիջել: Կա մեկ այլ՝ շատ կարեւոր խնդիր, որի լուծումը նույնպես առայժմ տեսանելի չէ. Հայաստանի քաղաքական համակարգը պատրաստ չէ՛ այն իրադարձություններին, որոնք անխուսափելի են՝ Պուտինի ռեժիմի փլուզումը եւ հերթական անգամ Ռուսաստանի դուրս գալը մեր տարածաշրջանից: Պատրաստ չլինելով դրան՝ մենք բախվելու ենք դաժան իրականության հետ՝ ունենալով մինչեւ ատամները զինված Ադրբեջան եւ նրա դաշնակից Թուրքիա: Երբ ԽՍՀՄ-ը փլուզվեց, Հայաստանում կար այն քաղաքական համակարգը (քաղաքականապես շատ հասուն եւ ինստիտուտացված Շարժում՝ իր բոլոր կառույցներով), որը կարողացավ ծանրագույն իրավիճակում ճշգրիտ լուծումներ գտնել: Ներկայումս Հայաստանի լրջագույն խնդիրը կոռումպացված քաղաքական համակարգն է. նկատի ունեմ թե՛ իշխանությունը, թե՛ ոչ իշխանությունը (այս ինքնաանվանումն, իհարկե, քաղաքագիտական աբսուրդ է), որին ավելի ճիշտ կլինի «ոչ ընդդիմություն» անվանել: Ինչպես ցույց են տալիս վերջին զարգացումները, եռյակը՝ օլիգարխիկ հսկայական նյութական ռեսուրսներ ունենալով, այնուամենայնիվ, անկարող է իր մեջ քաղաքական բովանդակություն կերտել կամ քաղաքական օրակարգ ձեւավորել: Ավելին, այդ ուժերն էլ ԱԺ-ի մյուս խմբակցությունների հետ միասին Հայաստանի կարեւորագույն խնդիրների լուծումը, այդ թվում՝ իշխանության ձեւավորման հարցը, փոխանցել են Կրեմլին:

– Իշխանության բացատրությունը, թե՝ Մաքսային միություն մեր մուտքը անվտանգության նկատառումներով է, Ձեզ համար ընդունելի չէ:

– Տնտեսական որեւէ հիմնավորում չկա ու գոյություն ունենալ չի կարող, մենք չունենք տնտեսական սահման, ՄՄ/ԵՏՄ-ին անդամակցելով՝ մեզ սպասվում է շատ ավելի մեծ տնտեսական անկում ու կենսամակարդակի է՛լ ավելի վատթարացում: Բայց ամենից կարեւորը՝ ԵՏՄ-ին միանալը հակասահմանադրական է, քանի որ մենք մեր ինքնիշխանության կարեւորագույն մասը՝ ողջ տնտեսական քաղաքականությունը, հանձնելու ենք վերպետական մարմնի, եւ ՀՀ Սահմանադրության այս արգելքը նույնիսկ հանրաքվեով անհնար է շրջանցել, ինչը նշանակում է, որ տեղի է ունենալու Հայաստանի բռնակցում: Միակ փաստարկը, որ բերվում էր, անվտանգության խնդիրն էր, սակայն բոլոր զարգացումները ցույց տվեցին, որ եթե այսօր Հայաստանի պետականության եւ անվտանգության ներքին ամենամեծ սպառնալիքը կոռուպցիան է, ապա արտաքին սպառնալիքը գալիս է Ռուսաստանից, որը բռնակցման է ենթարկում Հայաստանը: Ըստ Եվրասիական տնտեսական միության պայմանագրի նախագծի՝ անդամակցելուց հետո Հայաստանը նույնիսկ իր որոշմամբ չի կարող դադարեցնել իր անդամությունը այդ կառույցում՝ առանց մյուս անդամների համաձայնության: Սա մեր պետությունը գերի դարձնել է, նույնիսկ ԽՍՀՄ Սահմանադրությունը նախատեսում էր հանրապետությունների դուրս գալը իր կազմից, ինչը մենք իրականացրեցինք 1991-ին, եւ արժե նշել, որ Հայաստանը միակն էր ԽՍՀՄ հանրապետություններից, որ անկախություն ձեռք բերեց` պահպանելով ԽՍՀՄ Սահմանադրության բոլոր իրավական նորմերը:

– Մեր քաղաքական ուժերը՝ իշխանական եւ ոչ իշխանական, չե՞ն գիտակցում այն վտանգները, որոնց առջեւ կանգնած է մեր երկիրը, թե՞ դա իրենց չի հուզում:

– Կարծում եմ, որ դա իրենց համար երկրորդական հարց է: Մեր պետականության համար ամենամեծ սպառնալիքը քաղաքական համակարգի կոռումպացվածությունն է՝ քրեաօլիգարխիկ համակարգի գոյությունը: Սկսվել է Հայաստանի երրորդ հանրապետության մայրամուտը, եւ եթե դա շարունակի զարգանալ, ապա կարող ենք արձանագրել, որ համակարգված կոռուպցիան խժռեց մեր պետականությունը եւ ինքնիշխանությունը: Ըստ էության՝ այդ երկու ուժերն էլ՝ իշխանական եւ ոչ իշխանական, իրար հետ միասին, ուս ուսի տված լուծում են իրենց համար կարեւոր մի շարք խնդիրներ, օրինակ՝ թույլ չտալ ՀՀ ինքնիշխանության արտաքին սպառնալիքների շուրջ լայն, հասարակական քննարկումներ, ամեն կերպ խոչընդոտել Հայաստանում երկրի պետականության շահերից բխող ժողովրդավարական քաղաքական ինստիտուտների ձեւավորմանը:

– Իսկ հասարակությո՞ւնը, արդյոք հասարակությունը չի՞ ուզում որեւէ դեր ունենալ այս վճռորոշ հարցերում:

– Կարծում եմ՝ հասարակությունն ահավոր հիասթափված է, քաղաքական ուժերի հանդեպ որեւէ հավատ չունի, եւ հասարակությանն առաջարկվում է ընտրություն գործող եւ նախորդ իշխանությունների միջեւ: «Ոչ ընդդիմությունն» իր գործողություններին փորձում է քաղաքական երանգներ տալ, թե իբր քաղաքական նպատակներ է հետապնդում, բայց, կրկնում եմ, որեւէ քաղաքական բովանդակություն այնտեղ չկա:

– Չեմ ուզում այսքան տխուր նոտայի վրա ավարտել. մի՞թե որեւէ ելք չկա:

– Իհարկե՝ կա, անխուսափելի է կոռումպացված քաղաքական համակարգի փոխարեն պետականության, ինքնիշխանության եւ ժողովրդավարության հիմքեր ունեցող քաղաքական համակարգի կայացումը: Եվրասիական տնտեսական միությունը, ինչպես նաեւ պուտինյան ռեժիմը իրենց էությամբ հակապատմական են, եւ դրա փլուզումը անխուսափելի է: ԵՏՄ-ն ընդհանրապես կայացման որեւէ հնարավորություն չունի:

– Արցախի եւ Հայաստանի միջեւ մաքսակետի գոյությունը իրակա՞ն վտանգ է:

– Կրեմլը՝ պատճառաբանելով, որ ԵՏՄ-ն պետք է պաշտպանի իր տնտեսական արտաքին սահմանները, ակնհայտ է, որ մաքսային հսկողություն է իրականացնելու ԵՏՄ սահմանների վրա, նաեւ՝ Հայաստանի եւ Արցախի միջեւ, ընդ որում՝ հաջորդ քայլը՝ սահմանապահների ռեժիմի իրականացումը, բնականաբար, իրականացվելու է վերպետական մարմնի միջոցով: Այսինքն՝ Կրեմլը ծրագրում է ռուսական ներկայություն հաստատել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջեւ: Ռուսաստանի ներկայիս ռեժիմը ոչ միայն Ադրբեջանին հարձակողական զենք է մատակարարում, այլեւ շատ սերտ հարաբերություններ է ծավալել Ադրբեջանի հետ՝ դարձել ռազմաքաղաքական գործընկեր, ինչը չի էլ թաքցվում: Մաքսային միություն կոչված ռուսական կառուցվածքի մեջ մտնելը ոչ միայն սպառնալիք է մեր անվտանգությանը, պետականությանը, ինքնիշխանությանը, այլեւ դրանով ԼՂ հարցի կարգավորումն ենք հանձնում Մոսկվային, որովհետեւ ՌԴ-ն չի թաքցրել եւ չի թաքցնում իր նպատակները՝ ԼՂ հակամարտության կարգավորման ամբողջ գործընթացը ապամիջազգայնացնել եւ սեփականաշնորհել, եւ երկրորդ՝ Ադրբեջանին առաջարկում է Ադրբեջանի ուզած կարգավորումը՝ մի պայմանով, որ տեղակայվեն ռուսական զորքեր ԼՂ հակամարտության գոտում՝ խաղաղապահների անվան տակ:

Ամբողջ խնդիրն այն է, թե արագորեն փոփոխվող այս աշխարհում ավելի շուտ այդ ամենը կիրականացվի՞, թե՞ պուտինյան ռեժիմը կփլուզվի, որն այսօր ողջ միջազգային անվտանգության թիվ 1 սպառնալիքի է վերածվել: Մեզ համար ռուսական այս միության այլընտրանքը Եվրոպան էր (եւ անկասկած, Եվրոպան է լինելու), որը մեզ համար ամենաբարենպաստ մթնոլորտն էր ստեղծում թե՛ ազգային անվտանգության, թե՛ Արցախի հարցի առումով: Միակ պատճառը, ինչը ստիպեց մեզ հրաժարվել Եվրոպայից՝ կոռուպցիան էր, ինչը մեր քաղաքական համակարգի դիմադրողականությունը զրոյացրել է: Ընդ որում, ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի քննարկման ողջ ընթացքում Բրյուսելը երբեք չէր բարձրացրել ՀՀ եւ ԼՂ միջեւ մաքսակետի հարցը, ավելին՝ հստակ ասել էր, որ նման խնդիր չի դրվելու:

– Իշխանությունները քանիցս շեշտել են, որ չեն թույլ տա ՀՀ եւ Արցախի միջեւ մաքսակետի գոյությունը, որքանո՞վ եք հավանական համարում այդ պատրվակով հետկանգնումը ԵՏՄ-ից:

– Կրեմլը նախատեսում է դա իրականացնել քայլ առ քայլ: Սկզբում կասեն, որ մաքսակետը զուտ ձեւական է լինելու, ու հետո կխստացնեն վերահսկողությունը: Այս ամենին լրջորեն դիմակայելու համար Հայաստանի իշխանությունները բավարար ինքնուրույնություն պետք է ունենան: Նշեմ, որ որոշ ինքնուրույն քայլեր կատարվում են. ՆԱՏՕ-ի եւ ԵՄ հետ հարաբերություններում նույնիսկ զարգացման եւ ընդլայնման միտումներ կան: Նշեմ միայն 2 օրինակ՝ ավելի քան դրական եմ գնահատում Սերժ Սարգսյանի՝ ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցությունը, Միացյալ Թագավորության հետ վերջերս ստորագրված ռազմաքաղաքական համագործակցության համաձայնագիրը: Բայց թե որքան կկարողանան նման ինքնուրույն քայլեր անել՝ դժվար է այս պահին կանխատեսել. ՌԴ-ն ձգտում է իր վրա վերցնել մեր հարաբերությունները արեւմտյան բոլոր կառույցների հետ:

– Գոնե հավանական համարո՞ւմ եք, որ ինչպես 1988-ին Արցախը դարձավ ազգային զարթոնքի պատճառ, հիմա էլ՝ այդ վտանգները նկատի առնելով, ստանձնի այդ դերը:

– Շատ կցանկանայի, որ մեր Պետականությո՛ւնը դառնար զարթոնքի պատճառ: Արցախի անվտանգության միակ երաշխավորը մեր պետականությունն է, որի թուլացումը նշանակում է, որ Արցախի հարցն անցնում է Մոսկվային, իսկ պատմությունից քաջ հայտի է, թե ինչպես է Ռուսաստանը վարվում: Հայաստանի պետականությունից բացի՝ Լեռնային Ղարաբաղն անվտանգության որեւէ այլ երաշխիք չունի:

Զրուցեց
ՄԵԼԱՆՅԱ ԲԱՐՍԵՂՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031