Լրահոս
Օրվա լրահոսը

«Հովիկ Աբրահամյանն ինքնախոստովանական ցուցմունք է տալիս Մարտի 1-ի համար»

Հոկտեմբեր 09,2014 16:00

«Ձեր ցանկությունն ի՞նչ է, ի՞նչ եք դուք ուզում, որ այս երկրում իշխանափոխությո՞ւն լինի, հեղափոխությո՞ւն լինի: Ի՞նչ եք ուզում: Երկրորդ Մարտի մե՞կ եք ուզում այս երկրում ունենալ, ձեր ցանկությունն ի՞նչ է»,- վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրերս ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսպիսի հարցեր ուղղեց Եռյակին:

«Առավոտի» հետ զրույցում վարչապետի այդ հարցադրումներին ի պատասխան՝ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասաց. «Ինքը չէ՞ր ասել, որ քաղաքականությամբ զբաղվելու համար մեծ խելք պետք չի: Ասել էր, չէ՞: Մարդը հիմա ամեն ինչով ցուցադրում է իր ասածի ճշմարտությունը, ի՞նչ է եղել: Ինքնախոստովանական ցուցմունք է տալիս Մարտի 1-ի կապակցությամբ, ավելի է գրգռում ժողովրդին իր դեմ եւ իշխանությունների դեմ: Իսկապես որ, քաղաքականության համար շատ մեծ խելք պետք չի»:

Հովիկ Աբրահամյանը ընդդիմությանը նաեւ համագործակցության առաջարկ էր արել՝ ասելով. «Եկեք միասին աշխատենք: Նոր գաղափարներ դուք կարող է տաք, կարող է մեկ ամսում կառավարեք՝ այս երկիրն ուղղեք, դզեք, տնտեսությունը զարգացնեք: Ես առաջարկում եմ այդ կախարդական փայտիկը փոխանցեք մեզ, այս երկիրը տանենք առաջ: Ուզում եմ խնդրել, հորդորել բոլոր քաղաքական ուժերին, որ մեզ աջակցեք՝ այդ խնդրին տանք լուծում, որ մեր միասնական որոշումների արդյունքում ունենանք հաջողություն: Դա է մեր նպատակը»:

Առաջին անգամ չէ, որ Հովիկ Աբրահամյանը ընդդիմությանը համագործակցության կոչեր է անում: Մեր հարցին՝ ինչո՞ւ ընդդիմությունն այդ կոչերին չի հետեւում եւ չի ուզում օգնել կառավարությանը՝ փրկելու երկիրը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Գողերի ու ավազակների հե՞տ: Չգիտեմ, ի՞նչ կարող ենք համագործակցել՝ գողանալու փայաբաժինների շո՞ւրջ կարող ենք բանակցել, ինչի՞ շուրջ կարող ենք բանակցել, ի՞նչ ելք առաջարկենք կառավարությանը: Եթե մի պարզ բան, պարզ մոնոպոլիա՝ շաքարի մոնոպոլիան տարիներ շարունակ խոսում են ու չեն կարողանում քանդել, ի՞նչ ելք առաջարկենք իրենց: Պարզ ելք է, այդ մոնոպոլիան վերացնելը վայրկենական հարց է: Իրենց հետ ի՞նչ համագործակցես: Քանի՞ խելք պիտի ունենաս, որ այդ պարզ հարցը լուծես: Ի՞նչ է, դրա համար իրենց հետ համագործակցե՞լ է պետք»:

Եթե «կախարդական փայտիկն» իրենց ձեռքում է, այդ դեպքում ինչո՞ւ է Հովիկ Աբրահամյանը համագործակցության կոչեր անում ու խնդրում օգնել իրենց՝ Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Բա շոուի մեծ վարպետ է, չէ՞, ինքը, ի՞նչ եք ուզում»:
Հոկտեմբերի 10-ին Ազատության հրապարակում լինելու է Եռյակի հանրահավաքը: Եռյակի ուժերից մեկի ներկայացուցիչը՝ «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, «168 ժամ»-ին հայտարարել էր, որ ինքը չի գնալու այդ հանրահավաքին, քանի որ իրեն չի գոհացնում հանրահավաքի հրավիրման օրակարգը:

Մեր հարցին՝ ինչպե՞ս եք գնահատում պատգամավորի այդ հայտարարությունը, Լեւոն Զուրաբյանը պատասխանեց. «Գիտեք, ինձ ավելի շատ հետաքրքրում են նրանք, ովքեր գալու են, կամ հայտարարում են, որ գալիս են: Այդ մարդիկ ինձ համար շատ ավելի հետաքրքիր են»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031