Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Վահագն Խաչատրյանը՝ Մոդեստ Կոլերովին. «Պետք չէ մարդկանց թյուրիմացության մեջ գցել»

Հոկտեմբեր 09,2014 15:30

Տնտեսագետի կարծիքը՝ ԼՂՀ-ի հետ մաքսակետ ունենալու
եւ ՌԴ 1-ին կարգի խորհրդականի դիտարկումների մասին

«Եթե այդպիսի միություն է ստեղծվում, հնարավոր չէ, որ նման միության մեջ մտնող երկրներն իրենց սահմանները չփակեին: Իսկ պաշտոնյաներն ինչպես են ներկայացրել, որ ԼՂՀ-ի հետ մաքսակետ չի լինելու՝ կամ իրենք չհասկանալով են ասել, իրականությունը չեն տեսել, կամ այդ հայտարարությունները խաբեություն են եղել: Փաստաթղթում հստակ նշված է, որ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ մաքսակետ պետք է գործի, հետագայում ինչպես են շրջանցելու՝ մանրամասների մեջ չեմ ուզում մտնել: Բոլորս պետք է հասկանանք, որ այդ փաստաթղթով պետք է մաքսակետ լինի այնպես, ինչպես Վրաստանի եւ Իրանի հետ»,- «Առավոտի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անդրադառնալով Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) պայմանագրին եւ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների՝ նախկինում հնչեցրած այն վստահություններին, որ ՀՀ-ի եւ ԼՂՀ-ի միջեւ մաքսակետ չի կարող լինել:
ՀԱԿ անդամը զարմանում է, որ ԵՏՄ պայմանագրի շուրջ բանակցող Հայաստանի ներկայացուցիչները չեն բարձրացրել այն հարցը, որ ԼՂՀ-ն, որպես միավոր, բացի Հայաստանից՝ աշխարհի հետ այլ ճանապարհ չունի, ու հիմա պարտադրում են մաքսակետ դնել. «Այս դեպքում ի՞նչ է, այդ մարդկանց սովի՞ են մատնելու. չի կարելի այդպես բանակցել: Ինձ զարմացնում են ՀՀ իշխանությունների քայլերը, ինչո՞ւ հարց չեն բարձրացնում, երբ իրենց ասում են՝ մաքսային սահման պիտի լինի, ինչո՞ւ այդ մարդկանց չեն ասում՝ այդ դեպքում ԼՂՀ-ն որտե՞ղ պիտի լինի, ու այդ հարցի պատասխանն իրենք էլ չեն տալիս: Անլուրջ է սա, որովհետեւ նրանք մտածում են՝ դե, կանցնի էլի, ի՞նչ պիտի ասեն»:

Երեկ «168 ժամ»-ին տված հարցազրույցում ՌԴ 1-ին կարգի պետական խորհրդական, քաղաքագետ Մոդեստ Կոլերովն ասել էր. «ՀՀ-ԼՂՀ մաքսակետը ֆորմալ առումով գոյություն պետք է ունենա, Հայաստանի լիակատար իրավասության ներքո է՝ այդ մաքսակետի գոյությունը դարձնել ֆորմալ։ Եվ հիմա էլ Մոսկվայում մենք տեսնում ենք Ղարաբաղի հայտնի արտադրանքներ, որոնց վրա որպես ծագման երկիր նշված է Հայաստանը։ Վերջ։ Չկա վեճի առարկա»։ Կոլերովի այս տեսակետը ՀԱԿ անդամը անգրագիտություն է համարում ու հորդորում ռուս պաշտոնյային չհուշել Հայաստանին, թե ինչ պիտի մենք անենք. «Կարդացել եմ, քաղաքական տեսանկյունից վատ պատասխան է տվել: Մենք շատ լավ գիտենք՝ ոնց ենք մինչեւ հիմա այդ առեւուրը կազմակերպել: Պետք չի մարդկանց թյուրիմացության մեջ գցել, սա Կոլերովին է վերաբերում: Երբ հարցը մայիսի 29-ին ամենավերին ատյանում՝ ԵՏՄ նախագահների մակարդակով քննվում է, ուրեմն մի խնդիր կա, ու պետք չէ աչքակապությամբ զբաղվել, ասել՝ չկա նման խնդիր: Այլ հարց է, որ ՀՀ իշխանությունները պետք է հստակ դրա բացատրությունը տային, որպեսզի այդ հարցն այլեւս չբարձրացվեր. որ կա Լեռնային Ղարաբաղ, որը դեպի աշխարհ այլ ճանապարհ չունի, միակ ճանապարհը Հայաստանով է»:

Իսկ թե ինչպե՞ս պետք է մաքսազերծվեն ԼՂՀ ապրանքները ԵՏՄ-ին միանալուց հետո՝ պարոն Խաչատրյանն ասում է՝ այնպես, ինչպես, օրինակ, դեպի Վրաստան է մաքսազերծվում, եւ տարբեր ընթացակարգեր կան, որոնք երկրներն իրենք են որոշում, ապա ավելացնում. «Չեմ ուզում խորանալ, որովհետեւ ԼՂՀ-ի հետ մաքսակետ ունենալն անընդունելի է»:

Նախատեսվում է, որ հոկտեմբերի 10-ին պետք է ստորագրվի ԵՏՄ անդամակցության պայմանագիրը. պարոն Խաչատրյանը կարծում է, որ այդ օրը դժվար թե պայմանագիրը ստորագրվի: «Նախ՝ այդպիսի խնդիր դրված էլ չէ, նույնիսկ Բելառուսն ունի այնպիսի խնդիրներ, որոնց ամսի 9-ին այդ պետության ղեկավարը կանդրադառնա: Այնտեղ չլուծված հարցեր կան, եւ ես որեւէ պաշտոնական հաղորդագրություն, որ պատրաստվում ենք ստորագրել, չեմ տեսել: Մեր երկրում մի մարդու (նկատի ունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին- Ն. Բ.) ասածին կարելի է հետեւել, մի մարդ, որ ինքն իր կաբինետում է որոշում եւ՝ մի գիշերում, որովհետեւ ինքը չի կարող բոլորից հարցնել, ու այդ մարդու կողմից հայտարարություն չի եղել: Ես ավելի շատ հակված եմ, որ չի ստորագրվի»,- ասում է տնտեսագետը:

Ընդ որում, ԵՏՄ-ում Բելառուսը, ինչպես նկատում է պարոն Խաչատրյանը, ուզում է 1 միլիարդ դոլար ստանալ, ուզում է լրացուցիչ արտոնություն ստանալ՝ իր տնտեսության շահերի պաշտպանության համար: Իսկ ՀՀ իշխանությունների կողմից, տնտեսագետի խոսքերով, դեռեւս նման բան չենք նկատում. «Մենք չենք տեսնում, որ մերոնք պահանջներ դնեն կամ ներկայացնեն մի թվաբանություն ԵՏՄ անդամակցության հետեւանքների մասին: Տպավորություն է, որ մենք շատ ուրախ ենք, որ հանձնարարություններ են մեզ տվել, ու մենք կատարում ենք, անգամ ԵՏՄ ամենացածր չինովնիկից սկսած՝ եթե մեզ ասի, որ այս ապրանքի մաքսատուրքը պետք է հավասարեցվի այսինչին, համոզված եմ՝ մերոնք կասեն՝ այո-այո, ինչպես կուզեք, այդպես կանենք»:

Մեր դիտարկմանը, որ հայկական կողմը կարծես թե պասիվ չէ՝ բանակցություններ է վարել մոտ 900 ապրանքատեսակների մաքսատուրքերի շուրջ, տնտեսագետն ասում է, որ այդ ցանկը նախապես պատրաստել են ու մեզ ներկայացրել, այո, արտոնություններ կան, որոնց ժամկետը 3-5 տարի է, որից հետո մաքսատուրքերն էլի բարձրանալու են ներկայիս չափից. «Ու մեզ մոտ խնդիրներ կլինեն այլ երկրներից ներկրվող ապրանքների համար, լրացուցիչ մաքսատուրքերով են գանձվելու: Ի վերջո, մաքսային քաղաքականության գաղափարախոսություն է փոխվում, այն մեզ ձեռնտու չէ, մեր տնտեսության զարգացման համար լրացուցիչ խոչընդոտ է ստեղծվում: Այս մասին պետք է բարձրաձայնել, բիզնեսին տեղեկացնել, որ պատրաստ լինի, խաղի կանոններ են փոխվում»: Մեր այն դիտարկմանն էլ, որ տեղական գործարարները դրական են գնահատում այս անդամակցումը, պարոն Խաչատրյանն ասում է, որ չի հավատում նրանց բարձրաձայն ասածներին. այդ նույն գործարարներն իրենց ներքին խոսակցություններում անհանգստություն են արտահայտում: «Նրանք, ովքեր ասում են, թե ԵՏՄ-ն ճանապարհ է հարթում, այնքան էլ ազնիվ չեն. Հայաստանը չի շահելու»,- վստահեցնում է տնտեսագետը:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031