Լրահոս
Օրվա լրահոսը

Գովազդին խաբնվելով՝ 1 տարեկան երեխայի հետ մեկնել են Անթալիա ու մնացել դրսում

Հոկտեմբեր 09,2014 15:00

Ուղեգրում նշված 3-աստղանի հյուրանոցն անգամ 1 աստղ չի ունեցել
Սեպտեմբեր ամսին գնեցինք ուղեգիր դեպի Անթալիա՝ «Dolce Travel» տուրագենտից: Ինտերնետով, հավանաբար, հանդիպած կլինեք նրանց կողմից մեկ ամիս շարունակ իրականացվող գովազդին՝ «Անթալիա, 300 դոլարին համարժեք դրամ, 7 օր, hotel+aviatoms+transfer+all inclusive, թռիչքը՝ Թբիլիսիից, շտապեք, ակցիա, տեղերը խիստ սահմանափակ են»։

Թռիչքը երկու օրից էր, մտածեցինք՝ տուրփաթեթը շուտ գնենք, որ հասցնենք։ Գիտեինք, որ նորմալ տուրագենտների մոտ լինում են նորմալ ակցիաներ։ Բայց դե, չգիտեինք, որ այս անգամ հանդիպելու էինք խոստումները չկատարող տուրագենտի։

Ուղեգրում ներկայացված էր 3-աստղանի հյուրանոց, որը, ինչպես տեղում պարզեցինք, նույնիսկ 1 աստղ չուներ. պարզապես պանսիոնատ էր։ Մեր պահանջին պանսիոնատի աշխատողները չկարողացան որեւէ հավաստի փաստաթուղթ ցույց տալ, որ ինչ-որ գոնե մեկ աստղ ունեն։ Բացի այդ, «հյուրանոցի» մուտքի մոտ էլ որեւէ աստղ, ինչպես սովորաբար լինում է, փակցված չկար:

«All inclusive» ասածը, ինչպես հասցրինք նկատել, սովորական ճաշարան էր, մեզ բացատրեցին՝ 3-անգամյա սնունդով։

Տուրագենտը մեզ նկարներով ցուցադրել էր հյուրանոցի գլխավոր մասնաշենքը, իսկ տեղում պարզվեց, որ երկհարկանի կից տանը պետք է մնանք, որտեղ բացակայում էր տաք ջուրը եւ նույնիսկ լույսն էր ժամով, այսպես ասած՝ հովհարային անջատում էր: Սենյակի պատերը խոնավությունից բորբոսած էին: Հյուրանոցի ադմինիստրացիան առաջարկեց վճարել լրացուցիչ 50$, որի դիմաց պատրաստակամություն հայտնեց տրամադրել ջուր եւ լույս ունեցող սենյակ։ Ես մեկնել էի 1 տարեկան երեխայիս, ամուսնուս եւ մայրիկիս հետ։ Ստացվում էր՝ պետք է վճարեինք 100 դոլար երկու սենյակի համար։ 7 օրվա հաշվով կազմում էր 700 դոլար։ Հանդիպելով նման խաբեության թե՛ «Dolce Travel»-ի, թե՛ հյուրանոցի կողմից՝ դիմում-բողոք ներկայացրինք մեզ օդանավակայանում դիմավորած ընկերությանը՝ «Coral Travel»-ին։ Նրանք առաջարկեցին տեղափոխվել այլ հյուրանոց՝ հավելավճարով, որը կազմում էր 750 դոլար յուրաքանչյուր սենյակի համար։ Հավելյալ գումար մեզ հետ չունեինք, որպեսզի վճարեինք արդեն իսկ վճարած սենյակների համար, եւ հրաժարվեցինք։ Ահավոր վատ դրության մեջ էինք: Ժամեր շարունակ մանկահասակ երեխաս մնացել էր առանց սննդի: Իսկ հետադարձ թռիչքը մեկ շաբաթից էր։ Չստանալով մեր հարցին լուծում՝ դուրս եկանք պանսիոնատից՝ գիշերելու այլ վայր գտնելով։ Ռոումինգից օգտվելու հնարավորություն չունենալով՝ ինտերնետով կապ հաստատեցի «Dolce Travel»-ի պատասխանատուների հետ՝ պահանջելով վերադարձնել իրենց կողմից խաբեությամբ վերցված հյուրանոցի գումարը։ Պատասխանն այսպիսին էր՝ մենք տեսել ենք հյուրանոցի նկարները (թեպետ նկարներից չէր երեւում՝ սենյակում լույս կամ ջուր կա, թե ոչ), այդ գումարով, ի՞նչ է, 5-աստղանի հյուրանո՞ց էիք ուզում։

Մեկ շաբաթը մի կերպ անցկացնելով՝ վերադարձանք։ Դիմեցինք «Dolce Travel»-ին՝ նույն պահանջով՝ վերադարձնել խաբեությամբ կորզված հյուրանոցի գումարը։ Պատասխանեցին, որ այդ գումարը փոխանցված է Անթալիա, եւ ոչինչ չունեն վերադարձնելու։

Չգիտեմ՝ քանի մեզ պես մարդիկ են խաբվել այս տուրգործակալության գործունեությունից, գոնե այսուհետ հաճախորդն իմանա՝ ումից ինչ է գնում, այլ ոչ թե ներկայացված 3 աստղը դառնա պանսիոնատ կամ 5-ը՝ վերածվի 3՝ աստղանի հյուրանոցի։

Ա. Ն.

Հ. Գ. Պատրաստ ենք լսել նաեւ «Dolce Travel» տուրգործակալության պարզաբանումները:

«Առավոտ» օրաթերթ
08.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031