Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դատական դեպարտամենտի գործը

Հոկտեմբեր 09,2014 14:30

Երեւան քաղաքի դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի խորհրդական Վ. Ջանազյանը հուլիսի 23-ին իր ստորագրությամբ հաստատել է «ՀՀ դատական դեպարտամենտ» պետական կառավարչական հիմնարկի մի շարք աշխատակիցների գործով մեղադրական եզրակացությունը: Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ մի քանի դատական նիստեր են տեղի ունեցել եւ այս գործը, չի բացառվում, որ գերազանցի «Վազգեն Խաչիկյան + 12» գործին:

Դատական դեպարտամենտի գործով մեղադրանք է առաջադրվել 13 անձի՝ դեպարտամենտի ղեկավար Միսակ Մարտիրոսյանին, տարբեր ստորաբաժանումների աշխատակիցների՝ Արմեն Մովսիսյանին, Գեղամ Գրիգորյանին, Գագիկ Խաչատրյանին, Եղիազար Սարգսյանին, Նարեկ Գասպարյանին, Սաթենիկ Հովհաննիսյանին, Բագրատ Արիկյանցին, Արման Փալիկյանին, Մերուժան Կյուրեղյանին, Արմեն Ավագյանին, Յուրա Մուշկիդյանովին, Անգին Ղուկասյանին: Մեղադրական եզրակացության ծավալը 77 էջ է: Ըստ մեղադրանքի՝ պաշտոնեական դիրքը օգտագործելով, կազմակերպված խմբի կազմում յուրացման եղանակով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու եւ տարբեր չափերի կաշառք ստանալու համար մեղադրանք է առաջադրվել Միսակ Մարտիրոսյանին: Նա հանդիսացել է ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավար: Ըստ առաջադրված մեղադրանքի, Միսակ Մարտիրոսյանը ստեղծել էր «կազմակերպված կայուն խումբ», «կատարել համապատասխան դերաբաշխում» եւ 2009-ի օգոստոսից մինչեւ 2013թ. օգոստոսն ընկած ժամանակահատվածում հափշտակել է ՀՀ դատական դեպարտամենտին ՀՀ պետբյուջեից տարբեր անձանց անուններով որպես աշխատավարձ եւ դրամական այլ բավարարումներ հատկացված առանձնապես խոշոր չափերի՝ ընդհանուր 115.782.033 դրամ:

Միսակ Մարտիրոսյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: Ըստ մեղադրանքի կողմի՝ նա Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի գրասենյակում գործավարի պաշտոնում Միքայել Ստեփանյանին աշխատանքի ընդունելու համար, 1000 դոլար «կաշառքի» դիմաց նախնական համաձայնություն ձեռք բերելուց հետո, «նպաստել է արձակուրդում եղած ժամանակ իրեն պաշտոնում փոխարինող դատական դեպարտամենտի ղեկավարի առաջին տեղակալ, դատարանների նախագահների խորհրդի քարտուղարի կողմից 2010թ. օգոստոսի 5-ի թիվ 496 Ա հրամանով Միքայել Ստեփանյանին պաշտոնի նշանակելուն»: Մեկ այլ դրվագով՝ Միսակ Մարտիրոսյանը 2010թ. նոյեմբերին գործով վկա, նույն հիմնարկի աշխատակցուհի Լիլյա Պետրոսյանի եղբորորդուն՝ Արմեն Պետրոսյանին դատական դեպարտամենտում ժամկետային աշխատանքային պայմանագրով աշխատանքի ընդունելու համար, դեպարտամենտի շենքում իբրեւ թե ստացել է 1000 դոլար կաշառք, ինչից հետո 2010թ. նոյեմբերի 10-ին թիվ 713 Ա հրամանով Արմեն Պետրոսյանի հետ կնքել է աշխատանքային պայմանագիր: Այդ գործով վկաները 99-ն են: Վկաներից շատերը «նշանավոր» են. Ռոբերտ Երիցյանն աշխատել է ավտովերանորոգման կետում, Վարազդատ Ասիկյանը՝ ՀՀ դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Ռշտունի Ասիկյանի վարորդն է, Անժելա Սերոբյանը՝ ՌԴ-ում ապրող, Հայաստանի դատական կարգադրիչների ծառայությունում աշխատող Վահե Հովսեփյանի կինն է: Վկա Մարիետա Բագրատյանը Շվեյցարիայում ապրող թեքվանդոյի մարզիչ Գրիգոր Վարդանյանի մայրն է, մեկ այլ վկա՝ Օֆելյա Դավթյանը, Հակոբ Վարդանյանի մայրն է. որդին ներկայումս գտնվում է Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանում աշխատել է անվտանգության աշխատակից՝ տարբեր ընկերություններում, սակայն դատական կարգադրիչների ծառայությունում երբեք չի աշխատել:

Երկու օր առաջ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ դատավոր Արշակ Վարդանյանը հայտարարեց, որ 20 վկայի ծանուցագիր է ուղարկել՝ գալիք երկուշաբթի դատական նիստի ներկայանալու համար: Տեղեկացնենք, որ ամբաստանյալ Արմեն Մովսիսյանն աշխատել է դատական դեպարտամենտի ղեկավարի տեղակալ, Գեղամ Գրիգորյանը՝ դատական կարգադրիչների ծառայության պետի առաջին տեղակալ, Գագիկ Խաչատրյանը՝ ծառայության պետի տեղակալ, Եղիազար Սարգսյանը՝ վերահսկողության բաժնի պետ, Նարեկ Գասպարյանը՝ անձնակազմի կառավարման բաժնի պետ, Սաթենիկ Հովհաննիսյանը՝ ֆինանսաբյուջետային բաժնի պետ, գլխավոր հաշվապահ, Բագրատ Արիկյանցը՝ Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ, Արման Փալիկյանը՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատական կարգադրիչների ծառայության ստորաբաժանման պետ, Մերուժան Կյուրեղյանը՝ Լոռու մարզի դատարանի ստորաբաժանման պետ, Արմեն Ավագյանը՝ կենտրոնական մարմնի ստորաբաժանման պետ, Յուրա Մուշկիդյանովը՝ միջնակարգ կրթությամբ (ամբաստանյալներից միակը, որ բարձրագույն կրթություն չունի), աշխատել է պահեստապետ եւ Անգին Ղուկասյանը՝ կադրերի բաժնի աշխատակից: Նրանցից կալանավորված են վեցը՝ Միսակ Մարտիրոսյանը, Արմեն Մովսիսյանը, Գեղամ Գրիգորյանը, Նարեկ Գասպարյանը, Բագրատ Արիկյանցը, Արմեն Ավագյանը:

Դատական նիստերը տեղի են ունենում ամեն երկուշաբթի, ժամը 12.00-ին:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031