Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքով ամեն ինչ, գործով՝ ոչինչ

Հոկտեմբեր 09,2014 14:00

Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, բնության ոչ մի օրենքի եւ ավելին` որեւէ տրամաբանության չի ենթարկվում: Ցանկացած միջոցառման ժամանակ, ԶԼՄ-ներով արված ցանկացած հրապարակման մեջ, բոլոր կարգի պաշտոնյաներն իրենց շռայլ խոստումներով ուղղակիորեն խաբում են ժողովրդին, հստակ իմանալով, որ ժողովուրդն այլ ելք չունի եւ պարտադրված է հավատալ: Այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ այդ մարդիկ հենց պաշտոնի են անցնում, այդ նույն պաշտոնը նրանց մեջ ոչնչացնում կամ վերացնում է մարդկային ամոթը, խիղճը եւ բազմաթիվ այլ հատկանիշներ, դրանց փոխարեն այն լրացնելով միմիայն` վերադասի նկատմամբ անվերապահ նվիրվածությամբ:

Իհարկե, նրանց կողմից այդ ամենը շատ քողարկված է արվում, եւ դրա մասին տեղյակ են լինում միայն այդ պաշտոնյաները եւ նրանց ղեկավարությունը: Նման պաշտոնյաները մշտապես պատրաստ են զինվորական կարգապահությամբ կատարել վերադասի` բառի իսկական իմաստով ցանկացած հրաման: Պաշտոնի անցնելուց անմիջապես հետո, նրանք իրենց գործառույթների դաշտը նեղացնում են եւ նրանց հիմնական խնդիրը դառնում է նորմալ հարաբերությունների հաստատումը վերադասի հետ եւ իրենց անձնական նպատակների համար հարմարավետ՝ լոկալ համակարգերի ստեղծումն ու գործարկումը, հանուն որոնց նրանք պատրաստ են ամեն ինչի: Այ միամիտ ժողովուրդ, մի՞թե չես նկատում այս ամենը ու դեռ շարունակում ես հավատալ նրանց տված դատարկ խոստումներին:

Հետաքրքիր է, էլ ի՞նչ պետք է անեն նրանք, որ աչքերդ բացես եւ տեսնես իրականությունը: Կամ էլ՝ շատ լավ էլ տեսնում ես դառը իրականությունը, ուղղակի նրանց նույնպես համարում ես որպես քո որդիներ, ընդ որում՝ անառակ, որի պատճառով էլ դժվարանում ես ըմբոստանալ: Եվ պարտադրված ընտրում ես ինքնախաբեության ամենահարմար ձեւը, այն է՝ իրականում ամեն ինչ տեսնում ես, սակայն՝ ոչինչ չես տեսնում: Այս վերջին միտքն այնքան էլ անհիմն չէ, քանի որ շատ երկար է այն ժամանակը, որի ընթացքում քեզ անընդհատ խաբում են, իսկ դու շարունակում ես լռել: Սովորաբար, այդպես չի լինում:
Մարդ էակն ունի մի շարք էական հատկանիշներ, որոնցից մեկնումեկի բացակայությունն անգամ, ուղղակիորեն սպառնում է մարդու՝ մարդ մնալու իրողությանը, որի պարագայում մարդը հոգեպես դատարկվում է: Ճիշտ այդպես, նա ունի մի շարք կարեւոր օրգաններ, որոնցից մեկնումեկի բացակայության դեպքում՝ մարդն ուղղակի մեռնում է:

Նույն կերպ, բնությունը մարդուն օժտել է մի շարք կարեւոր հոգեւոր հատկանիշներով, որոնցից մեկնումեկի բացակայության դեպքում՝ այդ շնչավոր էակը շարունակում է ֆիզիկապես գոյատեւել, սակայն որպես լիարժեք մարդ` նա այլեւս գոյություն չունի: Ասվածը պատկերավոր ներկայացնելու համար, բերենք շատ պարզագույն մի օրինակ. երբ մարդու հետեւյալ օրգաններից մեկը՝ սիրտը, թոքերը, երիկամները, լյարդը (այս շարքը կարելի է երկար թվարկել) չեն աշխատում, այդ դեպքում՝ մարդը չի կարող ապրել, նա պարզապես մահանում է: Նույն կերպ, եթե մարդու մոտ բացակայում են ամոթը, խիղճը (այս շարքը` նույնպես կարելի է երկար թվարկել), ապա այս դեպքում եւս այդ էակը որպես մարդ` հոգեպես մահացած է, մի առանձնահատկությամբ միայն, որ ինքն այդ մասին տեղյակ չէ: Այնպես որ, այն արարածները, ովքեր անպատասխանատու ձեւով խոսքով ամեն ինչ խոստանում են, իսկ գործով ոչինչ չեն անում, թող հստակ իմանան, որ իրենք մեռած մարդիկ են: Այստեղ մի այլ իրավիճակ էլ կա. եթե այսքան երկար ժամանակ ժողովրդին «կերակրում» են լոկ դատարկ խոստումներով, իսկ նա շարունակաբար լռում է եւ ոչ մի քայլ չի ձեռնարկում, ուզում ես մտածել, որ ինքը շատ լավ էլ հասկանում է ամեն ինչ եւ եթե ձայն չի հանում, ուրեմն այդ իրավիճակը ձեռնտու է իրեն: Մի՞թե չափահաս մարդու համար դժվար է հասկանալ, որ պատասխանատվության բացակայության պարագայում, կարող են իրեն ամեն ինչ խոստանալ եւ մշտապես ոչինչ չանել:

Այստեղ պետք է ընդամենը շատ պարզունակ մի բան հասկանալ. մարդ արարածի լեզվի տակ փուշ չկա եւ նա կարող է ասել այն, ինչ ուզում է, քանզի նրա ասածին որեւէ պատասխանատվություն չի հետեւում: Այլ բան է, եթե իմ սիրելի հերոսական ժողովուրդը վախկոտ է, այդ դեպքում նրա լռությունը միանգամայն հասկանալի է, այնպես որ՝ այդ խոսողները անում են այն, ինչը ձեռնտու է իրենց եւ հարմար է վախկոտ ժողովրդին: Եթե մարդը որեւէ բան ճիշտ չի գիտակցում եւ անգիտակցաբար սխալներ է թույլ տալիս, ապա պետք է նրան բացատրել իր սխալների մասին եւ ժամանակ տալ` վերանայելու իր քայլերը ու շտկելու դրանք: Եթե դրանից հետո էլ նա գնում է նույն ճանապարհով, ապա պետք է փակել նրա ճանապարհը եւ վերջին անգամ՝ ոչ շատ ցավոտ եղանակով անել վերջին նախազգուշացումը. «հարազատ, փոխիր ընտրածդ ճանապարհը, հակառակ պարագայում` ժամանակի ինչ-որ պահից սկսած, պատիժներն այն աստիճան կսաստկանան, որ անհնար կլինի դրանց դիմակայելը»: Եթե այս զգուշացումն էլ որեւէ բան չի փոխում նրա վարքի մեջ, ապա պետք է անցնել կոնկրետ գործողությունների: Այսինքն, այդ պարագայում նրանց պետք է թողնել երկու ճանապարհ. կամ նրանք պետք է փոխեն իրենց ընտրած ուղին, կամ պետք է ընդհանրապես դուրս գան խաղից: Եթե ժողովուրդն այս պարզունակ քայլերը չի անում, ապա նա մշտապես դատապարտված է գեղեցիկ եւ դատարկ խոսքեր լսելուն ու արդյունքում` միշտ խաբված լինելուն:

Պարոնայք, մի պահ կանգ առեք, սթափվեք եւ ձեզ հարց տվեք. ո՞րն է ձեր կյանքի նպատակը: Հասկացեք. այդ թալանը, որ դուք իրականացնում եք արդեն տարիներ շարունակ, դեռ չի ընդհատվել այն պարզ պատճառով, որ ժողովուրդը՝ ճիշտ նույնքան ժամանակ, թմբիրի մեջ է: Իսկ այդ ժամանակն անվերջ չէ եւ խոսք է գնում, որ այն արդեն ավարտին է մոտենում: Եթե ժամացույցի սլաքն ընկավ եւ այդ ընթացքում դուք չհասցրեցիք փոխել ձեր խաղի կանոնները կամ չփորձեցիք այն լիովին դադարեցնել, ապա վայրկյանների ընթացքում կկորցնեք ձեր ողջ կուտակածը, իսկ ձեր գոյատեւելու շարունակականության հարցը կընկղմվի մշուշի մեջ, որի հետագա ճակատագիրը կունենա անհայտ ավարտ: Սխալները պետք է ուղղել ավելի վաղ, քան նրանց թույլ տալու պահն է…

ԱՆԱՆԻԱ ՄԱՂԱՔՅԱՆ
քաղաքագետ, «Ժողովրդավարություն
եւ ընտրական գործընթացներ» միջազգային կենտրոն հ/կ նախագահ

«Առավոտ» օրաթերթ
08.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031