Կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանի համոզմամբ, լավագույններին մեքենա նվիրելով՝ չպետք է հարցն ավարտված համարել
Ամեն տարի Ուսուցչի տոնի առիթով հանրապետության մանկավարժները խրախուսվում են ավտոմեքենայի կամ կոչումների «տեսքով»:
Այս տարին եւս բացառություն չէր: Թեման տարբեր շեշտադրումներով լայնորեն քննարկվեց ոչ միայն լրատվամիջոցներում, այլեւ սոցիալական ցանցերում: Օրինակ, Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ հ/կ-ի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանը Ուսուցչի տոնի առիթով մանկավարժներին ավտոմեքենաներ նվիրելը որակեց խորամանկություն եւ շոու՝ համատարած խեղճության ու համակարգային ճգնաժամի ֆոնին:
«Առավոտի» հետ զրույցում կրթության ոլորտի փորձագետ Սերոբ Խաչատրյանը, անդրադառնալով Ուսուցչի տոնի առիթով մանկավարժներին ավտոմեքենաներ նվիրելուն, նշեց. «Ուսուցիչները մասնագետներ են, պրոֆեսիոնալ խավ, եւ այս խավի նկատմամբ հասարակության վերաբերմունքը գնահատվում է ըստ նրա, թե ինչպես են այդ մարդիկ վարձատրվում ու գնահատվում՝ ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի: Քանի որ Հայաստանը չի կարողանում ուսուցիչներին ամեն օր, ամեն ամիս, ամեն տարի նորմալ վարձատրել, գնում ենք խրախուսման ավելի էժան եւ բարոյական ճանապարհով: Էժան ձեւն այն է, որ ուսուցիչներին թանկարժեք նվերներ են տալիս որոշակի օրերի, ասենք՝ սեպտեմբերի մեկին, Վերջին զանգին կամ Ուսուցչի տոնին: Մյուսն էլ բարոյական խրախուսումն է՝ կոչումներ, մեդալներ, պատվոգրեր, շնորհակալագրեր …»:
Կարդացեք նաև
Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, բարոյական աջակցությունը կարեւոր է, բայց եթե չկա համապատասխան նյութական աջակցություն, բարոյական աջակցություններն առանձնապես արդյունավետ չեն, որովհետեւ դրանք ունենում են, այսպես ասած, շոկոլադի էֆեկտ. «Ուսուցիչը մեկ-երկու օր ոգեւորվում է մեդալով կամ մրցանակով, ու մեկ օր անց կրկին վերադառնում է իր ամենօրյա աշխատանքային ռիթմին, տեսնելով, որ էլի նույն ցածր աշխատավարձն է շարունակելու ստանալ»:
Պարոն Խաչատրյանը «Լավագույն ուսուցիչ» մրցույթի հետ կապված էլ ինչ-ինչ նկատառումներ ունի. «Այդ մրցույթը միշտ ոչ արդյունավետ եմ համարել: Մենք բավական թանկարժեք մրցանակ ենք տալիս ուսուցչին՝ ավտոմեքենա: Մինչդեռ պետական կառավարման տեսակետից խելամիտ կլիներ, եթե բացի մեքենա նվիրելը, այդ մարդու տաղանդը, որպես լավագույն ուսուցիչ, օգտագործեինք կրթական համակարգի զարգացման համար: Օրինակ ես՝ շատ կուզենայի, որ նման ուսուցիչները գնային մարզեր եւ ներկայացնեին իրենց փորձը, օգնեին իրենց գործընկերներին: Այդպիսով նաեւ թափանցիկ կդառնար մրցույթը, մարդիկ կհամոզվեին, որ ընտրված ուսուցիչն, իրոք, արժանավոր է, նաեւ այդ մասնագետի միջոցով կկարողանայինք օգնել մյուս մանկավարժներին: Թե չէ՝ այսօր ստացվում է, որ ուսուցիչը ներկայիս նեղ պայմաններում թանկարժեք մրցանակ է ստանում պետության կողմից, ու այդպիսով ամեն ինչ ավարտվում է: Մինչդեռ աշխարհում ընդունված է, որ լավագույններին պետությունն «օգտագործի», նման ուսուցիչները կարողանան մյուս ուսուցիչներին էլ տանել իրենց հետեւից»:
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
08.10.2014
Մարզպետները սիրուհիների քույրիկներին են ներկայացնում, չէ*: