Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կիմ Երիցյանի արձանի ոդիսականը

Հոկտեմբեր 09,2014 13:00

«Կիմ Երիցյան» մշակութային հ/կ-ի հույսը քաղաքապետն է

Կինոյի եւ թատրոնի դերասան Կիմ Երիցյանը կերտել է շուրջ 100 կերպար: Անկասկած, նա համընդհանուր սեր վայելեց 1960թ. էկրան բարձրացած «Նվագախմբի տղաները» (ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան) ֆիլմում խաղացած Կիրակոսի դերով: Անվանի դերասանը միայն 2008թ., 78 տարեկանում արժանացավ ՀՀ ժողովրդական արտիստի կոչման, երկու տարի հետո էլ՝ «Միշտ ափերի մեջ, նաեւ ծափերի» ինքնակենսագրական գրքի հրատարակումից հետո, կնքեց իր մահկանացուն: Ժամանակին, երբ «Առավոտն» անվանի դերասանից հետաքրքրվել էր, թե ինչո՞ւ ուշացումով նրան շնորհվեց ժողովրդականի կոչում, Կիմ Երիցյանը պատասխանեց. «Վարչապետ Սերժ Սարգսյանն էլ էր զարմացած: Նույն հարցն էլ ինքն ինձ ուղղեց, ես էլ պատասխանեցի՝ լավ է ուշ, քան ավելի ուշ»:

Վերջերս էլ արվեստագետների եւ արվեստասերների շրջանում պտտվում են խոսակցություններ, թե ոչ մի կերպ լուծում չի ստանում Կիմ Երիցյանի հուշարձանի տեղադրման հարցը: Մենք հանդիպեցինք «Կիմ Երիցյան» մշակութային-հասարակական կազմակերպության նախագահ Լեւոն Բարսեղյանի հետ: Նա ասաց, որ իր ղեկավարած հ/կ-ն իսկապես նախաձեռնել է սիրված դերասանի արձանի կառուցման եւ տեղադրման գործընթացը. «2012թ. դիմել ենք քաղաքապետարան՝ դրամատիկական թատրոնի հարեւանությամբ գտնվող Մոսկովյան պուրակում արտիստի հուշարձանը տեղադրելու առաջարկով: Ստացել ենք պատասխան, թե առաջարկը սահմանված կարգով քննարկվել է Երեւանի ավագանու մշակույթի, կրթության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում, որի արդյունքում տվյալ առաջարկը համարվել է ոչ նպատակահարմար»: Այնուհետեւ մեր զրուցակիցը հավելեց. «Նույն խնդրանքով անցյալ տարի էլ դիմեցինք քաղաքապետարան՝ ստանալով այսպիսի պատասխան՝ հարցը քննարկվել է Երեւանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովի սեպտեմբերի 28-ին կայացած նիստում, սակայն չի արժանացել հավանության: Վերլուծելով առաջարկը՝ հանձնաժողովի անդամները նշել են, որ տածելով մեծ հարգանք դերասանի հանդեպ, այնուհանդերձ, պարտավոր են ղեկավարվել արժեքների որոշակի չափորոշիչներով: Կիմ Երիցյանի արձանին կարելի է անդրադառնալ այն ժամանակ, երբ Երեւանում արդեն իսկ տեղադրված կլինեն հայ բեմի մեծերի հիշատակը հավերժացնող արձանները»: Հ/կ-ի նախագահը հավելեց, որ քաղաքապետարանից ստացված պատասխանում նշված էր նաեւ, որ սիրված դերասանին հարգանքի տուրք մատուցելու այլ եղանակներ էլ կան. «Ելնելով ընդհանուր գործի շահերից՝ կարելի է հիմնել Կիմ Երիցյանի անվան թատերական դպրոց -ստուդիա, սատարել շնորհալի երեխաներին եւ հենց այնտեղ էլ տեղադրել սիրված դերասանի կիսանդրին: Ինչ վերաբերում է քանդակի ներկայացված էսքիզին, ապա այն նույնպես չի արժանացել հանձնաժողովի հավանությանը»: Էսքիզի հեղինակն է ճանաչված քանդակագործ Սերժ Մեհրաբյանը, որի բարձրարվեստ աշխատանքները՝ «Նարեկացի», «Տիրամայր», ազգային հերոս Գուրգեն Մարգարյանի հուշարձանը եւ այլն, տեղադրված են Երեւանում:

«Կիմ Երիցյան» հ/կ-ի նախագահ պարոն Բարսեղյանը երկու անգամ քաղաքապետարան դիմելուց հետո, չգոհանալով պատասխաններից, խնդրանք-նամակ է հղում նաեւ ՀՀ հանրային խորհրդին: Հ/կ-ի նախագահը մեջբերեց իրենց ուղարկված Հանրային խորհրդի մշակույթի ենթահանձնաժողովի անցյալ տարվա նիստի արձանագությունից մի հատված. «Երկարատեւ քննարկումից հետո Լեւոն Իգիթյանը կարծիք հայտնեց, որ ինքը լավ է ճանաչում քանդակագործին եւ դեմ չէ, որ նրա հեղինակած աշխատամքը դրվի պուրակում»: Մեզ հասած տեղեկությունների համաձայն, հիշյալ հարցի առիթով ժամանակին Լեւոն Իգիթյանն ասել էր՝ «Կիմ Երիցյանը մեծ դերասան էր, բայց նրա նման 50-60 դերասան ունենք, ուրեմն բոլորի արձաններն էլ պետք է տեղադրվե՞ն քաղաքով մեկ…»:

Կապվեցինք պարոն Իգիթյանի հետ: Նա ընդամենն ասաց, որ վերջերս «Կիմ Երիցյան» մշակութային հ/կ-ն դերասանի կիսանդրին տեղադրելու նպատակով դիմել է քաղաքապետարան, բայց դեռ պատասխան չի ստացել: Պարոն Իգիթյանի խոսքը հաստատեց նաեւ մեր զրուցակից Լեւոն Բարսեղյանը: Վերջինիցս նախ հետաքրքրվեցինք, թե ինչո՞ւ հուշարձանը դարձավ կիսանդրի, հետո էլ՝ մտավախություն չունի՞, որ այս անգամ էլ իրեն գոհացնող պատասխան չի ստանա քաղաքապետարանից, մանավանդ որ՝ Հանրային խորհուրդը 2013թ. որոշում է կայացրել անվանի դերասանների ճեմուղի հիմնել Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին կից այգում: «Ողջունում եմ մեծանուն արտիստների ճեմուղի հիմնելու գաղափարը, բայց մենք հուսով ենք, որ քաղաքապետ Տարոն Մարգարյանը, հաշվի առնելով ժողովրդի համընդհանուր սերը մեծանուն արտիստի հանդեպ, այս անգամ իր հավանությունը կտա դրամատիկական թատրոնի դիմացի այգում Կիմ Երիցյանի հե՛նց հուշարձանը կանգնեցնելուն: Դա կլինի յուրահատուկ նվեր արտիստին, քանի որ 2015թ. հոբելյանական է Կիմ Երիցյանի համար. դերասանը կդառնար 85 տարեկան»,- ասաց Լեւոն Բարսեղյանը:

ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարում` Կիմ Երիցյանի կիսանդրու մակետը,
որի հեղինակն է Սերժ Մեհրաբյանը:

«Առավոտ» օրաթերթ
08.10.2014

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (3)

Պատասխանել

  1. Լիլիթ Աղայան says:

    Նա վատ դերասան չի եղել, բայց չիշտ է ասված, եթե Վահրամ Փափազյանի, Հրաչյա Ներսիսյանի, Սիրանույշի կամ Պետրոս Ադամյանի մոնումենտալ արձանները չկան, ուրեմն ավելի համեստ ձևով պետք է անդրադառնալ այս դերասանին, կամ թող լինի մի պուրակ, որտեղ կլինեն բոլոր տաղանդավորների կիսանդրիները:

  2. Լևոն Բարսեղյան says:

    Իմ կարծիքով՝ բոլոր մեծանուն դերասանները պետք է արժանանան հարգանքի։ Կիմ Երիցյանը արժանավայել ծառայել է իր ազգին և պետք է հավերժացվի իր հիշատակը,
    որպեսզի իրենից հետո եկող տաղանդավորներն էլ նաև արժանանան հարգանքի ևպատճառներ չգտնեն՝ թե 60-կան թվերի դերասաններին չեն հատուցել մեծն դերասանը մեղավոր չի դրանում ,որ մեր մեծերի արձանը չեն դրել հիմա էլ նույն սխալն են կրկնում և արգելում ,համեստ ձևով թո՛ղ մեր մեծերի
    կիսանդրիները դնեն սկսելովԿիմ Երիցյանից իրեն նվիրելով 85-ամյա տարեդարձին…

  3. Ծովիկ Դավթյան says:

    Համամիտ եմ.Մեր լավագույն դերասանների արձանները մեր աչքի առաջ պետք է լինեն, որ օրինակ լինեն և հիշվեն նոր սերնդի կողմից: Մենք հարգում, սիրում, գնահատում և հիշում ենք մեր Մեծերին:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031