Համահայկական ճարտարապետների և ճարտարագետ շինարարների ասոցիացիան Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ պատրաստվում է Արևմտյան Հայաստանում ոչնչացված հուշարձանները ներկայացնող օրացույց տպագրել:
Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ասոցիացիայի խորհրդի հիմնադիր անդամ Տելեմակ Անանյանը:
Նա տեղեկացրեց, որ նախատեսում են օրացույցը տպագրել 10 հազար օրինակով և հրատարակել տարբեր լեզուներով: Այն կփոխանցեն դիվանագիտական կորպուսներին, միաժամանակ բողոք-պահանջ կներկայացնեն միջազգային ատյաններին՝ Թուրքիայի կողմից պատմամշակութային ժառանգության ոչնչացման վերաբերյալ: Օրացույցում կնշվեն նաև միջազգային այն պարտավորությունները, որոնք ստանձնել է Թուրքիան հայկական ժառանգության պահպանման վերաբերյալ:
«1912-13 թթ. Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարարության հանձնարարությամբ Կ. Պոլսի հայոց պատրիարքարանը կազմել և կառավարությանն է ներկայացրել Թուրքիայի տարածքում գործող հայկական եկեղեցիների մասին տեղեկատվություն: Ըստ այդ տվյալների՝ Թուրքիայում 1913 թ. 2549 եկեղեցի է գործել, իսկ 1983-84 թթ. ԱՄՆ-ի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ 1923 թվականին Թուրքիայում հայկական եկեղեցիներից կանգուն է մնացել 913-ը, կառույցներից 464-ն ընդհանրապես անհետացած են, 252-ը՝ ավերված (խոսքը միտումնավոր ավերածությունների՝ պայթեցումների մասին է)»,- ասաց Տ. Անանյանը:
Կարդացեք նաև
Նրա խոսքով՝ օրացույցի տպագրությունը ևս մեկ քայլ է՝ միջազգային հանրության ուշադրությունը մեզ վրա հրավիրելու ուղղությամբ. «Աշխարհն այսօր այնքան զբաղված է իր խնդիրներով, որ մեր խնդիրներին ուշադրություն դարձնելու ժամանակ չունի: Այնպես որ, մենք ինքներս պիտի շարունակ հիշեցնենք մեր մասին»,- ասաց նա:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ