Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստանի Հանրապետությունում գտնվող Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում են Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահ Պատրիկ Հիկեն և ՄՕԿ-ի մի շարք պաշտոնյաներ:
Հանրապետության Նախագահը ողջունել է հյուրերին, վստահություն հայտնել, որ Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահի այցը Հայաստան նոր խթան կհաղորդի Հայաստանում սպորտի զարգացմանը:
ՀՀ Նախագահը և ՄՕԿ նախագահը երկուստեք դրվատանքով են խոսել հայ մարզիկների մասին, ովքեր իրենց ձեռքբերումներով ավելի ճանաչելի են դարձնում Հայաստանն ու մեր ժողովրդին ամբողջ աշխարհում: Այդ համատեքստում Թոմաս Բախը հաճույքով է նշել, որ «Զվարթնոց» օդանավակայանում տեսնելով իրեն դիմավորող հայ օլիմպիական չեմպիոնների մեծաթիվ բանակը՝ միանգամից հարազատ միջավայրում՝ տանն է զգացել իրեն: Նա շնորհակալություն է հայտնել նաև ՀՀ Նախագահին՝ ջերմ ընդունելության համար:
Հանդիպմանը Եվրոպայի օլիմպիական կոմիտեի նախագահը ներկայացրել է հաջորդ տարի անցկացվելիք Եվրոպական օլիմպիական խաղերի նախապատրաստական աշխատանքների ընթացքը, օլիմպիական խաղերն ընդունող երկրի հետ՝ խաղերը պատշաճ մակարդակով և հանդուրժողականության մթնոլորտում անցկացնելու ուղղությամբ բանակցությունները: Թոմաս Բախը վստահեցրել է, որ և՛ Միջազգային օլիմպիական կոմիտեի, և՛ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի կողմից կգործադրվեն բոլոր ջանքերը, որպեսզի Հայաստանը և հայ ժողովուրդը բավարարված լինեն այդ բանակցությունների արդյունքներով, և հայ մարզիկների ու նրանց մարզիչների համար խաղերն ընդունող երկրում անհրաժեշտ պայմաններն ապահովված լինեն:
Կարդացեք նաև
Նախագահ Սերժ Սարգսյանը և ՄՕԿ նախագահ Թոմաս Բախը համակարծիք են եղել, որ սպորտը քաղաքականացնելն անթույլատրելի է, և այն պետք է միտված լինի միայն համախմբելու մարդկանց, հնարավորինս նպաստելու նաև կայունությանն ու խաղաղությանը:
ՀՀ Նախագահի աշխատակազմ